Հարգելի ընթերցողներ, Վեհափառ Տե՛ր, «Հայկական եկեղեցական կրկեսում կարող են նոր հաջողություններ արձանագրվել» վերնագրով իմ հոդվածը արդարացի քննադատությունների արժանացավ: Այդ քննադատություններն ու կարծիքները, ինչպես արդեն նշել եմ, առիթ տվեցին ինձ վերանայելու նախկինում հեղինակած իմ հոդվածները և վերատեսության ենթարկելու իմ վերաբերմունքը Ամենայն Հայոց կաթողիկոսի և նրան շրջապատող հոգևոր դասի որոշ ներկայացուցիչների հանդեպ, ինչը, բնականաբար, շատ բացասաբար էր անդրադառնում ընդհանուր եկեղեցու հեղինակության վրա և այդպիսով ստեղծում կարծիք, թե ես մարտնչում եմ եկեղեցու դեմ: Իմ ափսոսանքն ու զղջումն արտահայտելու համար հանրության դատին հանձնեցի մի հրապարակում, «Փոխվեց իմ վերաբերմունքը կաթողիկոսի ու նրան շրջապատող որոշ եկեղեցական պաշտոնյաների նկատմամբ` սակայն ոչ երբեք Եկեղեցու նկատմամբ», որը, սակայն, իմ զղջման լիարժեք արտացոլում չեմ համարում: Իմ շարունակական ներհայեցողությունը, ինքնաքննադատությունը, սեփական սխալներս գիտակցելու քաջությունը ինձ արժանացրել են իրական զղջման, ի հետևանս որի՝ այսօր ամենքիդ առաջ խոստովանում եմ, որ որևէ հիմք չկար չհավատալու Մայր Աթոռի պնդումներին առ այն, որ կարգալուծության որոշում կայացվել է, քանի որ իսկապես ես ամուսնացած չլինելով, ձեռնադրվել եմ որպես ամուսնացյալ քահանա` առանց վերադասի հետ գրավոր համաձայնության գալու: Իրողությունը բացահայտվելուց հետո արդարացիորեն կարգալույծ եմ հռչակվել Թորգոմ պատրիարքի տնօրինությամբ, սակայն չընդունելով այդ որոշման փաստը, շարունակել եմ անտեղի պայքար մղել ինձ արդարացնելու համար և, փաստորեն լինելով կարգալույծ, հաճախ հոդվածներիս տակ ստորագրել եմ նաև իմ քահանայական անունով: Սակայն այժմ իմ խիղճն ինձ ավելի շատ տանջում է այն բանի համար, որ հանիրավի քննադատել եմ Ամենայն Հայոց հայրապետին և այլ հոգևորականների, ինչի համար ես խորապես զղջում եմ և կոչ եմ անում նաև մյուս կարգալույծ հռչակված հոգևորականներին ինքնախաբեությամբ չզբաղվել ու հանդես չգալ իրենց հոգևոր անուններով ու ժողովրդի մեջ խռովություններ չառաջացնել, ինչպես նաև անհիմն մեղադրանքներ չհնչեցնել ո՛չ Վեհափառի, ո՛չ որևէ հոգևորականի և մանավանդ ո՛չ էլ Սուրբ եկեղեցու հասցեին, այլ ընդունել Մայր Աթոռի որոշումը որպես արդարացի որոշում և քաջություն ունենալ իրենց ծառայությունը շարունակելու Սուրբ եկեղեցուն նաև աշխարհիկ կարգավիճակով: Իմ քրիստոնյային ոչ վայել պահվածքի ու արտահայտությունների համար ես խորապես զղջում եմ և հայցում եմ Երկնավոր Տիրոջ ողորմությունը և բոլոր նրանց ներողամտությունը, ում ինչ որ կերպ կամա թե ակամա, գիտակցաբար թե անգիտակցաբար վիրավորել եմ, Վեհափառ Տե՛ր, հայցում եմ Ձերդ Սրբության հայրական ներողամտությունը: Ես վստահ եմ, որ Աստված ինձ ուժ ու կարողություն կտա, որպեսզի ես այսուհետ որպես աշխարհական, որպես Հայ եկեղեցու հավատավոր զավակ իմ զորակցությունը բերեմ առանց այն էլ բազմաթիվ մարտահրավերների առաջ կանգնած մեր Սուրբ Եկեղեցու առաքելությանը` անհուսության մատնելով բոլոր նրանց, ովքեր շահագործել են իմ առաջ ծառացած զուտ հոգևոր եկեղեցական խնդիրները և իմ հոդվածները ծառայեցրել իրենց անազնիվ նպատակներին: Այժմ Տիրոջ ողորմությամբ ես իմ մեջ ուժ գտա ինքնամաքրման ու ի լուր ամենքիդ դիմում եմ Ամենակալ Տիրոջը. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ ու Քո առաջ և այլևս արժանի չեմ Քո որդին կոչվելու, ընդունի՛ր ինձ որպես Քո վարձկաններից մեկը» Ղկ. 15-21: ` Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն:
Գենադի Մնացականյան (նախկին Տեր Մանուկ քահանա Մնացականյան)



