Հիսուսն ասում էր,-«ի՞նչ որ ուզում ես, որ մարդիկ քեզ անեն, այն էլ դու արա նրանց»: Սա, կյանքի համար ոսկե կանոն է: Շատերն անգամ չեն էլ պատկերացնում, որ գործ են ունենում բումերանգի կամ բումերանգի կանոնի հետ: Բումերանգը նետելիս` պետք է զգոն լինել, քանի որ այն միշտ էլ վերադառնում է իր թռիչքի նետման նախնական կետը: Կարելի է ասել, որ Հայաստանում բումերանգի նետմամբ գրեթե ոչ ոք չի զբաղվում, դե որտեղից զբաղվեն, նամանավանդ, որ այն չի մտնում այսօրվա ռեյտինգային խաղերի կամ զբաղմունքների էլիտար ցանքում: Այստեղից էլ ցավալի հետևանքներ, քանի որ չզբաղվելով այս մարզաձևով, միևնույնն է մենք ավելի հաճախ ենք առնչվում այդ խաղի կանոնի հետ, քան բուն գործիքի՝ Բումերանգի:
Միանգամից ասեմ՝ չարությունը, որը մենք հաճախ ենք արտանետում մթնոլորտ, հետապնդում է կոնկրետ նպատակակետ՝ զոհի: Մենք նշանառության լայն թիրախի մեջ ենք ընդգրկում շատերին, երբեմն անխտիր բոլորին: Հնարավորության դեպքում մենք կիրառում ենք մեր հնարամտությունը՝ մտովի, լույսային արագությամբ գրում ենք վրեժի լուծման սցենար, հաշվարկում հասցվող վնասն ու ստացած շահը: Մի խոսքով, մենք կանգնում ենք գլխավորելու՝ մարդկությունը կործանող բանակի հրամանատարությունը: Այստեղ կանոններ և սահմանափակումներ չկան, թույլատրվում է ամեն ինչ, ինչը կարող է երաշխավորել հաջողությունը: Որպես օրինակ, ասեմ մեզ ծանոթ մի շարք միջոցներ, որից ավելի հաճախ ենք օգտվում քան նույնիսկ պատկերացնում ենք: Օրինակ՝ բանբասանքներ, վիրավորանքներ, հեղինակազրկում, հայոյանքներ, անեծքներ և վարքաբեկումներ, սուտ՝ հնարովի պատմություններ, երևակայության հուսախաբ երազանքի խաբկանքներ, թուղթ ու գիր ու մի շարք պառավական ու սնոտի միջոցներ: Մենք հետապնդում ենք շահ, մեր եսին հագուրդ տալու համար: Կրակը քաշում մեր բաղաջի տակը, ուրիշի ապրելը չենք ուզում, մեր ծառը կտրողի անտառն ենք կտրում, մեր ոտքը կոխողի գլուխն ենք կոխում: Ազգային կերպար և կերտվում, երևի իր տեսակով միակն ու անկրկնելին՝ ամբողջ աշխարհում: Իսկ մի գուցե սա ուղղակի առասպել է,հորինված լեգենդ, թե մենք իրո՞ք այսպիսին ենք: Ո՞վ է այսպես ասում: Դե մենք, ինքներս, էլ ո՞վ կարող էր համարձակվել, որ մեր մասին այսպիսի կարծիք հայտներ:
Սա ի միջիայլոց: Մեր ազգին բնորոշող հատկանիշներից է՝ սուրճ ըմպելու ծիսակատարության ժամանակ զբաղվել բումերանգի նետմամբ: Չէ, խնդրում եմ ինձ ճիշտ հասկացեք, ես դեմ չեմ սուրճ խմելուն առավել ևս խմողներին: Ես դեմ եմ երևույթին, որն ուղեկցում է բուն սուրճ ըմպելու պրոցեսիային: Հիշում եմ մի հաղորդում, որտեղ ռուս քաղաքական գործիչ Ժիրինովսկուն հարցնում են, թե ի՞նչ կարծիք ունի նա հայերի մասին: Ժիրինովսկին պատասխանում է, -«դրական, ես ունեմ լավ ընկերներ հայերի մեջ, միայն թե հայերը բանբասանքչի են, կխմես նրանց հետ մի բաժակ օղի և ահա քեզ, սկսում են բանաբասել ավելի՝ քան կանայք»: Դե, սա օբյեկտիվ կարծիք մեր մասին՝ իրականություն, որի պատճառով չարժե ոչ մեկին մեղադրել կամ նեղանալ: Օրինակ, ո՞րտեղից ծնունդ առան այն հեռուստասերիալները, որոնց դեմ այսօր մարդիկ հանրահավաքներ են կազմակերպում, ցանկանալով դադարեցնել դրանց հեռուստաեթերը: Դրանց դեմ պայքարելը սխալ ուղղություն է, պետք է պայքարել հասարակության մեջ այդ արատները արմատախիլ անելով: Այդ արատների առկայությունն է որ արտացոլվում են սերիալներում: Այո, դա հասարակության իրական պատկերն է, մենք երբեք մեզ կողքից չենք նայել ու հիմա, երբ մեր իրական պատկերն ու կերպարանքն ենք տեսնում սերիալներում՝ զարհուրում ենք, թե դա ուրիշներն են, բայց ոչ երբեք մենք: Տատս ասում էր « ինչ որ բրդես չանախը, էն էլ կգա գդալը»:
Գրեթե նույնը կատարվում է էլէկտրոնային կայքերում: Մարդիք սենսացիաներ են փնտրում, իսկ լրագրողները թքաց ունեն էտիկայի վրա, նրանք հասարակությանը տալիս են այդ սենսացիան: Կարդացեք, և կտեսնեք, թե որքան սուբյեկտիվ են ներկայացվում լուրերի մեծամասնությունը: Կարծում եմ, որ դա ոչ թե լրագրողի պրոֆեսիոնալ մակարդակից է գալիս, այլ որ գումար և հեղինակություն վաստակելու տենդն է նրանց դրդում: Նրանք հրամցնում են այն, ինչ մարդկային ականջն է ցանկանում լսել, բայց ոչ երբեք անկողմնակալ ճշմարտությունը: Դեղին լրատվություն, դե հիմա բոլոր կայքերն էլ դեղին են, չգիտեմ երկնագույն կա թե չէ, բայց այն, որ մեր ազգի մոտ դալտոնիկության աղտանիշ է իհայտ գալիս այդ կայքերի պատճառով՝ հաստատ է (սա հեգնանք):
Սա բանբասանքի ոլորտն էր, թերևս ստորջրյա խութի նման, որի վրայով առանց կասկածելու սահում է կյանքիդ նավակն ու հանկարծ՝ «բաբախ», ջարդվում ու նավաբեկության ենթարկվում, ու մնում է, որ կյանքիդ փոթորկվող ալիքների՝ դատարկ ու սպիտակ փրփուրներին ձեռքդ գցես: Դե, պետք է մեզ հաշվի առնել այն փաստը, որ այսօր ամբողջ աշխարհում քարոզվում է ինդիվիդուալիզմը:
Ո՞րտեղից այսքան պատերազմները, դե լավ լավ, համաձայն եմ, պատերազմները մի քիչ գլոբալ ստացվեց: Լոկալացնեմ: Ո՞րտեղից այսքան վեճեր, կռիվներ, բաժանություններ, զրկանքներ, հափշտակություններ, օրինազանցություններ, կաշառակերություններ, հանցագործություններ, գողություններ, թալան, բռնաբարություներ, սպանություններ և էլի մի շարք «ություններ»: Այս ցանքն անվերջ է, այ օրինակ՝ եթե փորձենք թվել այն ամեն լավն ու բարին, որ հնարավոր է, որ լինի մեր շրջապատում, որը կարող է մեզ պարուրել, ջերմացնել, արթնացնել մեր հիշողության թոզոտ ու բորբոսնաց արխիվային գրադարակներում հանգրվան գտած հիշողությունները, ապա վաղեմության պատճառով հնարավոր է, որ մենք ստիպված լինենք դրանք, որպես խոտան ուտիլիզացնել: Թերևս ստիպված լինենք դիմել լրատվությանը, քանի որ նրա արխիվներում են պահպանվում եզակի տեսանյութերը, որտեղ ցուցադրականորեն հրատարակվում է այս կամ այն «մեծն», «Ազգի բարերար»-ների բարեգործությունները, որոնք ավելի հաճախ նրա բիզնեսի՝ եթերային թանկ գովազդի աշխարհում, ընդհամենը էժանորեն ձեռք բերված գովազդային հոլովակներ են, քան թե անկեղծ և անշահախնդիր ազգային շահերի հետապնդում՝ սրտացավ հայրենասերից: Բումերանգ: Մենք քաղում ենք մեր սերմածի պտուղները և վախենում խոստովանել, որ մենք ենք այսօրվա իրականության սցենարիստները, մեղավորները: Մեր ցանածը դառն է գալիս մեր քիմքին: Երբ Աստված հարցրեց Ադամին, թե այս ի՞նչ էր որ արեցիր, Ադամն ասեց,- ես մեղավոր չեմ, կինը որ տվիր՝ նա ասաց,- կեր: Այլ կերպ ասաց,-Դու էիր մեղավոր ով Աստված, դու՝ քո ստեղծած կինը, չստեղծեիր՝ նա էլ չխաբվեր: Հիմա մենք էլ Ադամի նման ասում ենք, դե երկիրը երկիր չի, կյանքը կյանք չի, սա էս չի, էն էնենց չի, ու էսպես մեղքը բարդում ուրիշի վրա, ու՞րիշի, թե՞ Աստծո: Ի՞նչու էսպես չարացանք:
Մայր Թերեզան, այդ նուրբ ու փխրուն կինը, ում մեջ ամբողջանում էր ողջ մարդկության իմաստությունն ու Աստվածային բարությունը, ասում էր,-«Ինձ մի կանչեք հանրահավաքների ընդդեմ պատերազմի, ես չեմ գնա, ինձ կանչեք հանրահավաքի հանուն խաղաղության, և ես կգամ»:
Կռիվը ծնում է կռիվ, չար նայվածքը ծնում է վեճ, վեճը՝ բորբոքում է ընդհարում, բախում, բողոքը՝ բողոք է ծնում, նախանձը ծնում է հափշտակություն: Եվ այսպես ահընդհատ և շարունակ: Բումերանգ:
Այս իրավիճակում դժվար է ասել մի խոսք՝ խոսք, որ կյանքի նման արարող է: Պարգևել մի ժպիտ՝ հույսի լրումով սնված: Պարզել մի ձեռք, ձեռք օգնության՝ ջլապինդ ու ամուր բազկի հենարանով: Կռնակ տալ, հավատ պարգևել, երջանկացնել, տալ ապահովության թանկ ու սպասված երաշխիքը: Վերջապես կյանքն այն է, ինչն անկրկնելի է, եզակի, ուրույն՝ պարգև Աստվածային: Ես ասում եմ կյանքին ԱՅՈ: Բավական է այն ամեն չարությունը, որը մենք ենք թողարկում:
Ես նետում եմ իմ բումերանգը: Բաց եմ թողնում իմ հացը ջրերի երեսին, որ մի օր այն իմ առջև վերադառնա: Ես նետում եմ իմ բումերանգն ու աղաղակում ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ, ՍԵՐ: Ես նետում եմ իմ բումերանգն ու օրհնում, օրհնում իմ երկիրը, հողը, ջուրը, ծառը, ամուսնությունն ու ընտանիքը, մայրն ու հայրը, ծնունդն ու մահը, կինն ու տղամարդը, ջահելն ու ահելը, աշխատանքն ու հանգիստը:
Ես սպասում եմ քեզ, վերադարձիր իմ բումերանգ:
Աստված իմ օրհնիր իմ երկիր Հայաստանը: