Պարազիտներ (հուն. parasitos – ծուլ, ձրիակեր) բուսական կամ կենդանական օրգանիզմներ են, որոնք բնակվում են այլ օրգանիզմի (տիրոջ) ներսում կամ արտաքինց և սնվում են այդ օրգանիզմի հաշվին:
Մեր մայրաքաղաքը՝ իրեն զարդարելու վրա ծախսվող ֆինանսական միջոցների, մեկ շնչին ընկնող թանկարժեք ավտոմեքենաների, ռեստորանների, գիշերային ակումբների, զվարճանքի վայրերի, խաղատների, երգիչ-երգչուհիների, մարդ զվարճացնողների, գլամուրային աստղերի ու շոումենների, համաշխարհային բրենդ անվանումներով շքեղ խանութների, սուպերմարկետների, հյուրատուն անվանվող բոզանոցների քանակով չի զիջում աշխարհի առաջնակարգ ժամանցային քաղաքներին:
Մեկ շնչին ընկնող քաղաքական կուսակցությունների, պետական կառավարման կառույցների, նախարարությունների, կոմիտեների, վարչությունների ու ծառայությունների, քաղաքապետարանների, համայնքապետարանների, ավագանիների, խորհրդատվական գրասենյակների, ինչպես նաև արևմտյան արժեքների, մարդու, կանանց ու միասեռականների ոտնահարված իրավունքների պաշտպանությամբ, մանուկների սեռական դաստիարակությամբ ու գենդերներային ինքնության պահպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների և վերոհիշյալ բոլորում իրենց հացը վաստակողների թվաքանակով էլ մեր երկիրը պետք է որ առաջինների շարքում լինի:
Պարապուրդի մատնված երբեմնի հզոր գործարանների, թալանված ֆաբրիկաների, դեն նետելու գներով մինչև վերջին քարը վաճառված արտադրական ձեռնարկությունների, կոպեկներով սեփականաշնորհված պետական ունեցվածքի, հողերի ու այգեստանների, ընդերքի ջրերի ու անտառային տնտեսությունների, իբր ժամանակավոր վարձակալման տրված լճերի ու գետերի առափնյա տարածքների, օտարներին շահագործելու հանձնված հանքերի և նման վատնումների ու դեռևս չպատժված չարաշահումների գծով էլ մեր նման երկրորդը դժվար թե գտնվի:
Այս ամենի հետևանքով մեզանում առաջացել է մարդկանց մի հսկայական զանգված, որոնք, մեծ հաշվով, ոչինչ չեն ստեղծում և զբաղված են միայն սպառմամբ ու «կյանքը վայելելով»…
Մարդկային հասարակություններում առանձին մարդիկ կամ մարդկային խմբերը, որոնք ոչինչ չտալով հասարակական օրգանիզմին, միայն «սնվում» են այդ օրգանիզմի հաշվին, անվանվում են ՊԱՐԱԶԻՏԻՏՆԵՐ: