«Կրկին գալու է սատանայի ժամանակը: Կրկին սատանան է իշխելու աշխարհին: Կրկին գայլերն անպատիժ խժռելու են գառներին: Կրկին արժանավորները ժանիքների երկարությամբ են ընտրվելու: Կրկին բարին հալածական է դառնալու և ապաստան չի գտնելու: Կրկին ամեն մարդ ինքն իրեն է պաշտելու: Կրկին հաջողությունը նենգավորներին ու խաբեբաներին է ընկերակցելու: Կրկին արդարություն փնտրողների կանայք ու երեխաները մի կտոր հացի կարոտ են քաշելու: Մեռնելու է Աստծո որդու հավատը: Մեռնելու է, բայց չի թաղվելու: Անթաղ լեշի նման ընկնելու է հավատացողների գլխին և խեղդամահ է անելու նրանց: Աստծո որդու մեռած հավատը սատանայի ամենահզոր զենքն է դառնալու: Հայրապետները, վարդապետներն ու քահանաները գողերից են ընտրվելու: Արհամարհվելու են գիրն ու ուսումը: Հազարամյա ձեռագրերը կրակի են տրվելու, գրադարանները որդի բաժին են դառնալու: Արքաներն ու իշխանները իրենց օրը զեխության մեջ են մթնացնելու և լուսացնելու: Զորականները պաշտելու են ռազմական փառքը, բայց ատելու են զենքը: Ոսկու փայլը կուրացնելու է կույսերին, հատուկենտ առաքինիները ծաղրվելու և քարկոծվելու են հրապարակներում: Երեխաները պոռնիկների (այսօր` հեռուստատեսություն, մեջբերումն իմն է) դաստիարակությանն են տրվելու…»
Վարդան Գրիգորյան, «Դար կորստյան», 1985 թ.

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Պատմավեպում վերլուծվում են Անիի թագավորության կործանման խորքային պատճառները: Այս փոքրիկ մեջբերումն անգամ բավարար է հազար տարվա վաղեմություն ունեցող պատմական անցքերի և այսօր մեզանում տիրող իրականության միջև նմանություններ տեսնելու համար: Կարծես ոչինչ չի փոխվել և պատմությունն էլ մեզ ոչինչ չի սովորեցրել…Դարձյալ նույն ցոփ ու շվայտ կյանքով ապրող «մայրաքաղաք պետությունը», նույն բարքերի անկումը, ազգի գոյության համար անհրաժեշտ բոլոր գլխավոր ուղենիշների մոռացությունը, մարդու մարմնավոր բարեկեցությունը որպես կյանքի գերագույն նպատակ հայտարարելը…
Կարճ ասած՝ մեր այսօրվա հոգևոր-բարոյական վիճակը, բժիշկների լեզվով ասած, ազգի «կյանքի» հետ անհամատեղելի է…
ՊԵՏՔ Է ՈՒՇՔԻ ԳԱԼ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել