Ուկրաինայի հարցը, որը դարձել է գլոբալ ակտորների ուժեղ մրցակցության, նույնիսկ կոնֆլիկտային հարաբերությունների սկիզբ, ստիպում է Ռուսաստանին նոր դաշնակիցներ գտնել ներկա աշխարհաքաղաքական գործընթացում ուժերի բալանսն իր կողմը թեքելու կամ Արևմուտքին հակակշռելու նպատակով: Այդպիսի ամենաիրական դաշնակիցը, որն ունի սեփական դրդապատճառներն Արևմուտքի հետ մրցակցության մեջ մտնելու, Չինաստանն է, որից էլ փորձեց օգտվել Պուտինը՝ այցելելով այդ երկիր և կնքելով գազային պայմանագիր: Մոսկվայում լավ են հասկանում, որ գաղափարաքաղաքական ու կառուցվածքային առումով բավական լավ ու ճկուն կայացած ՆԱՏՕ-ին դեռևս կազմավորման փուլում գտնվող ՀԱՊԿ-ով դժվար է դիմակայել: Բացի այդ, կառույցի ամենամեծ անդամներից մեկը՝ Ղազախստանը, ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկում Ռուսաստանի համար կարևոր հարցում: Դա ստիպում է Կրեմլին ճիշտ հասկանալ իր դաշնակիցների աջակցության մակարդակը և այլ դաշնակիցներ փնտրել՝ ի դեմս Չինաստանի, որն աշխարհաքաղաքական տարածությունում ունի ազդեցության և վերահսկման հզոր պոտենցիալ ու նաև կամք, որոնք պետք է ինչ-որ ձևով արթնացնել: Մոսկովյան գործիչները լավ են հասկանում սա, և հասկանում են նաև, որ այսօր Չինաստանն ունի գազի պահանջարկ և դիմում են հենց այդ տակտիկային: Սակայն վերոնշյալ գազային համաձայնագիրը դժվար թե Մոսկվայի համար կարողանա ապահովել իր համար ցանկալի սցենարի իրագործումը, որովհետև նախ այդ համաձայնագրով Չինաստանին մատակարարվելու է 38 միլիարդ խմ գազ և միայն 2018 թվականից: Համեմատության համար պետք է նշել, որ Ուկրաինան Ռուսաստանից 40 միլիարդ խմ գազ է ներկրում, այսինքն, պատկերավոր ասած, 38 միլիարդ խմ-ը կարող է բավարարել Չինաստանի բնակչության ընդամենը 3 տոկոսի պահանջմունքները, ինչի համար Չինաստանը հազիվ թե գնա Արևմուտքի հետ առճակատման, երկրորդ, Պեկինը ցանկություն չունի Արևմուտքին հակառակվելու, քանի որ մի կողմից նրա հետ ունի բավական լուրջ տնտեսական կապեր, իսկ մյուս կողմից, դեռևս հստակ չէ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների սխեման և կստացվի մոտավորապես հետևյալ պատկերը. Արևմուտքի հետ թշնամանալ, իսկ ՌԴ հետ էլ հարաբերություն չկառուցել: Ստացվում է, որ Պուտինի այս քայլը, ըստ ամենայնի, կարող է դեմոնստրատիվ էֆեկտ ապահովել՝ Վաշինգտոնին ու Բրյուսելին ցույց տալով երկու հսկաների դաշնակցության հնարավորությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/705713856133779?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել