Times.am-ը գրում է.

Մայիսի 17-ին տարածաշրջան կատարած այցելության շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներն Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանի ուղեկցությամբ այցելեցին ԼՂՀ Շահումյանի (Քարվաճառի) շրջան եւ հանդիպում ունեցան տեղական ղեկավարության ներկայացուցիչների հետ: Համանախագահների այցի արդյունքների մասին զրուցեցինք Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Վիտալի Դանիելյանի հետ:

«Այցը ճանաչողական նպատակ ուներ: Նոր համանախագահները ցանկանում էին ծանոթանալ տարածքին, պատկերացնել շրջանի դիրքը: Հանդիպման ընթացքում հիմնականում խոսել ենք մեր շրջանի խնդիրների մասին», նշեց Վիտալի Դանիելյանը:

Ըստ շրջանի վարչակազմի ղեկավարի քանի որ Շահումյանի շրջանը վերաբնակեցվող շրջան է եւ վերաբնակեցվում է հիմնականում փախստականներով, համանախագահները նպատակ ունեին նաեւ համոզվելու, որ այստեղ իրոք հիմնականում փախստականներ են ապրում:

«Հանդիպման ընթացքում խոսել ենք փախստականների խնդիրներից, շատ մարդիկ կան, ովքեր այսօր որեւէ փաստաթուղթ չունեն եւ չեն կարողանում ապացուցել փախստական լինելը»:
Այս համատեքստում հանդիպման կողմերն անդրադարձել են նաեւ Շահումյանի շրջանում միջազգային կազմակերպությունների հետ հնարավոր համագործակցությանը:

«Միջազգային կազմակերպություններն այսօր հովանավորում են միայն այն ծրագրերը, որոնք իրականացվում են նախկին ԼՂԻՄ-ի տարածքում: Օրինակ, մեր շրջանը չի ներառվում Halo Trust-ի ականազերծման ծրագրերում: Եւ խնդիրն այն է, որ պետք է ներառվի: Ամբողջ իմաստն այն է, որ իրենք ընդունեն, որ այստեղ էլ են մարդիկ ապրում, առավել եւս, որ շատերը փախստական են, տուժված են, ու այստեղ էլ պետք է ծրագրեր իրականացնել: Խոսել ենք նաեւ Կարմիր Խաչի հետ հնարավոր համագործակցության մասին»: Ըստ վարչակազմի ղեկավարի, խնդիրը ոչ միայն հենց կոնկրետ կազմակերպության գործունեությունն է, որքան այն, որ այս տարածքն էլ այսօր ընդունվի որպես Արցախի լիարժեք մաս:

«Իրենք ուզում էին մեր խնդիրները հասկանալ, մենք էլ հնարավորինս բացատրել ենք: Խոսել ենք նաեւ ճանապարհներից: Նշել ենք, որ այս շրջանով է անցնում մեր կարեւորագույն ճանապարհներից մեկը, ամբողջ Արցախի համար կարեւոր ճանապարհը: Եթե այս ճանապարհը մերը չլինի, կմնա մի ճանապարհ, իսկ դա փակելը շատ հեշտ կլինի: Այս ճանապարհը մեր անվտանգությունն է», ընդգծեց պարոն Դանիելյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել