Շատերի համար միասին ճանապարհորդելու համար ինչ-որ մեկին գտնելը կարող է այնքան էլ հեշտ չլինել: Ընկերներն ու ընտանիքի անդամները աշխատանքի մեջ են խրված` փորձելով գումար խնայել, ու միշտ չէ, որ ցանկանում են նույն վայրերն այցելել: Լուծումը միայնակ ճամփորդելն է, որը երբեմն կարող է վախեցնել, սակայն, միևնույն ժամանակ, ինքնաբացահայտման ու արկածների հնարավորություն է տալիս մեզ: Սակայն ո՞ւր գնալ: Ահա այդ հարցում էլ կփորձենք ձեզ այսօր օգնել:
1 Մելբորն, Ավստրալիա

Մելբորնը զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկն է, և սա պատահական չէ` հաշվի առնելով դրա գեղեցիկ լողափերն ու քաղաքի եռացող կյանքը:
Ինչո՞ւ է լավ ընտրություն:
♦ Ընդհանուր առմամբ Ավստրալիան ապահով վայր է օտարերկրացիների ճանապարհորդության համար, հենց այդ պատճառով էլ շատերն այստեղ միայնակ են ճամփորդում:
♦ Անգլերենն այսօր միջազգային լեզու է, ու շատերն են քիչ թե շատ տիրապետում այս լեզվին, իսկ Ավստրալիան, ինչպես գիտեք, անգլալեզու երկիր է, ինչը նշանակում է, որ լեզվական խնդիրներ չեն լինի:
♦ Մելբորնում շրջագայելը չափազանց հեշտ է, որովհետև այստեղ կարող ես քայլել ու հեծանիվով հասնել այնտեղ, ուր ուզես:
2 Թայլանդ

Թայլանդը հրաշալի վայր է միայնակ ճամփորդների համար, հավանաբար այն բանի համար, որ սա բուդդիստական մտածելակերպով երկրներից մեկն է, որտեղ խրախուսվում է սեռերի միջև հավասարությունը:
Ինչո՞ւ է լավ ընտրություն:
♦ Թայլանդը հայտնի է իր հյուրընկելությամբ, և որպես զբոսաշրջության ակտիվ կենտրոն, մեծ է հավանականությունը հանդիպելու նույնանման մտածելակերպ ունեցող ճամփորդների:
♦ Ընդհանուր առմամբ, Թայլանդում ճամփորդելը բավականին էժան է՝ հատկապես երկրի հյուսիսում: Հրաշալի ընտրություն, եթե ճամփորդելու համար սահմանափակ բյուջե ունեք:
♦ Թայլանդը շատ բան ունի առաջարկելու՝ ակտիվ գիշերային կյանքով Բանկոկից մինչև գեղեցիկ լողափեր ու տրոպիկական ջունգլիներ: Այստեղ ճամփորդելը բավականին հեշտ է: Երկրի տարածքով մեկ բավականին շատ են ուսապայուսակով ճամփորդողների արահետները:
3 Բութան
Բութանը աշխարհի ամենամշակութային երկրներից մեկն է: Այստեղ է գտնվում նաև աշխարհի ամենաբարձր չհաղթահարված գագաթը` Գանգղար Պուենսումը: Այս լեռը սրբազան վայր է, ու Բութանի կառավարությունը արգելել է այստեղ լեռնագնացությունը:
Ինչո՞ւ է լավ ընտրություն:
♦ Մուտքը հնարավոր է միայն շրջագայություններին նախապես գրանցվելու դեպքում, որտեղ քեզ ամենուր կուղեկցի քո անձնական գիդը:
♦ Բութանը լավագույն վայրն է մշակութային նոր փորձառություն ձեռք բերելու համար: Այն մինչև 1960-ականները չուներ ճանապարհներ, էլեկտրականություն, ավտոմեքենաներ կամ հեռախոսներ: 1999-ից այստեղ արգելվել են օգտագործել պոլիէթիլենային տոպրակները, իսկ 2004թ.-ին այն դարձել է առաջին երկիրը, որտեղ ծխախոտի օգտագործումն անօրինական է:
4 Կոստա Ռիկա

Կոստա Ռիկան հրաշալի վայր է արկածներ որոնողների համար: Այստեղ կարելի է զբաղվել սերֆինգով, մագլցել հրաբխային լեռներ ու այլ արկածային զբաղմունքներ գտնել: Մի ժամանակ կարծրատիպ կար, թե այս վայրը վտանգավոր է ճամփորդելու համար, այնուամենայնիվ, Կոստա Ռիկան լի է ջերմ ու հյուրընկալ տեղացիներով:
Ինչո՞ւ է լավ ընտրություն:
♦ Դու այստեղ քեզ երբեք միայնակ չես զգա ու չես ձանձրանա, որովհետև այնքան արկածներ կան, որոնցով կարելի է զբաղվել:
♦ Կոստա Ռիկան երբեք չի տեսել քաղաքական խռովություններ, սոցիալական դասերի միջև պայքար կամ էլ հեղափոխություններ, որոնք հատուկ են լատինաամերիկյան շատ երկրների: Ավելին, երկիրը բանակի կարիք չունի, որովհետև այնքա՜ն խաղաղ է:
5 Հոնգ Կոնգ, Չինաստան

Չնայած Հոնգ Կոնգը աշխարհի ամենախոշոր քաղաքն է՝ այն հրաշալի վայր է վայելելու հանգիստը, այցելելու գեղեցիկ այգիներ ու մասնակցելու Թայ-չայի մեդիտացիայի վարժությունների դասերին:
Ինչո՞ւ է լավ ընտրություն:
♦ Հոնգ Կոնգը համարվում է աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկը:
♦ Եթե ճանապարհորդելու շատ փորձ չունես և կամ լեզվական խնդիրներ ունես, Հոնգ Կոնգը հրաշալի վայր է սկսելու համար, քանի որ այն Արևմուտքի ու Արևելքի հրաշալի խառնուրդ է: Հատկապես Հոնգ Կոնգի կենտրոնական հատվածում գրեթե բոլորը անգլերեն են խոսում:
♦ Այստեղ այնքան շատ բան կարելի է անել: Ինչ էլ ցանկանաս անել կամ ինչ էլ փորձել, կարող ես գտնել Հոնգ Կոնգում:
6 Կուսկո, Պերու

Կուսկոն հայտնի որպես ինկերի կայսրության մայրաքաղաք ու հարյուրավոր տարիներ շարունակ ճանապարհորդների համար իսկական մեքքա է ծառայել: Կուսկոն հարուստ է մշակույթով ու աբորիգենների բնակչությամբ, որոնց փողոցներում հաճախ կարելի է տեսնել իրենց ազգային հագուստով:
Ինչո՞ւ է լավ ընտրություն:
♦ Կուսկոն շատ մոտ է ինկերի «կորուսյալ» քաղաք Մաչու Պիչուին:
♦ Սա Հարավային Ամերիկայի ամենահետաքրքրաշարժ հնագիտական վայրն է:
7 Ալյասկա

Ալյասկա ճանապարհորդող զբոսաշրջիկների մոտ 20 տոկոսը միայնակ ճամփորդողներն են:
Ինչո՞ւ է լավ ընտրություն:
♦ Բնության հրաշալիքներով հարուստ վայր, որտեղ կարելի է սառցեկտորներով նեղուցներ տեսնել, ձյունապատ լեռներ ու հսկայական այսբերգներ:
♦ Այստեղ կարելի է տեսնել կետերի. մի՞թե ավելին ասելու կարիք կա:
8 Արանի կղզիներ

Արանի կղզիները գտնվում են Իռլանդիայի արևմտյան ափերին: Արանի կղզիները հրաշալի վայր են իսկական իռլանդական փորձառություն ունենալու ու ամենօրյա թոհ ու բոհից փախչելու:
Ինչո՞ւ է լավ ընտրություն:
♦ Չափազանց անվտանգ առանձնացված կղզիներ՝ հյուրընկալ ու ջերմ տեղացիներով:
♦ Կատարյալ վայր հեծանիվով շրջագայելու համար:
♦ Այստեղ կարելի գտնել Եվրոպայի երկաթյա դարի ամենատպավորիչ ամրոցները:
9 Մալազիա

Ասիայում միայնակ ճամփորդելու համար ամենահարմար երկրներից մեկը: Մալազիան հայտնի է որպես ապահով, պահպանողական ու կայուն երկիր: Այստեղ էքզոտիկ հրաշալի վայրեր կան՝ միայնակ հետազոտելու համար:
Ինչո՞ւ է լավ ընտրություն:
♦ Մալազիան Ասիայի՝ տեխնոլոգիապես ամենազարգացած շրջաններից մեկն է, ու որպես կանոն, ամեն ինչ լավ ու քիչ թե շատ պլանավորած գրաֆիկի համաձայն է աշխատում:
♦ Այստեղ ժամանակը լցված է գունառատ ու հարուստ փորձառություններով, այդ թվում՝ բազմաթիվ փառատոններով ու միջոցառումներով, որոնք տեղի են ունենում ամբողջ տարվա ընթացքում:
♦ Մալազիան ասես երկու երկիր մեկում լինի. մի կողմից Բորնեոյի վայրի ջունգլիները, մյուս կողմից՝ Կուալա Լումպուրի երկնաքերերը:
10 Բալի, Ինդոնեզիա

Բալին հոգևոր կենտրոն է, որտեղ կարելի է զբաղվել յոգայով, այցելել սպա կենտրոններ, սնվել օրգանական սնունդով ու լողալ հրաշալի լողափերում: Իր հյուրընկալ, ջերմ ու ընկերական բնակչությամբ և հարուստ մշակույթով Բալին Ինդոնեզիայում մրցակիցը չունեցող տուրիստական կենտրոն է:
Ինչո՞ւ է լավ ընտրություն:
♦ Դու այստեղ հաճախ կհանդիպես միայնակ ճամփորդների: Բոլորն այստեղ չափազանց ընկերական են, այնպես որ, կարող ես վստահ լինել, որ ճանապարհին, անկասկած, կհանդիպես հետաքրքիր անհատականությունների:
♦ Որպես հինդուիստական կղզի՝ Բալին կատարյալ վայր է հանգիստ վայելելու ու հոգևոր ներդաշնակություն գտնելու համար:
♦ Ուբուդում գտնվող Կապիկների սուրբ անտառը ֆանտաստիկ վայր է այցելելու համար:
Միայնակ ճամփորդելու համար ընդհանուր խորհուրդներ
♦ Պլանավորիր նախապես: Իմացիր, թե որտեղ ես գիշերելու առաջին օրը:
♦ Ընտրիր մնալու այնպիսի վայր, որն ավելի մարդաշատ կլինի, եթե վախենում ես միայնակ մնալուց:
♦ Անհրաժեշտ հեռախոսահամարներով բջջային հեռախոս ունեցիր, որոնց կկարողանաս կապվել արտակարգ իրավիճակում:
♦ Մարդկանց ասա՝ ուր ես գնում:
♦ Վստահիր նախազգացողությանդ:




