"Հայկական եկեղեցական կրկեսում կարող են նոր հաջողություններ արձանագրվել" վերնագիրը կրող նախորդ հոդվածս համարենք չհրատարակված Զգացմունքներին տուրք տալով մարդը հաճախ է սխալներ գործում, որոնց համար հետո զղջում է: Նման վրիպակ էլ ես ինձ թույլ տվեցի իմ նախորդ "Հայկական եկեղեցական կրկեսում կարող են նոր հաջողություններ արձանագրվել" հոդվածը հրատարակության ներկայացնելով: Կարծում եմ այն շատ ընթերցողների տհաճություն պատճառեց, ինչի համար ես շատ ափսոսում եմ: Յուրաքանչյուր հոդվածագիր հոդվածը գրում է ժողովրդի համար և պարտավոր է հաշվի առնել նաև ընթերցողի կարծիքը: Նշածս հոդվածի մասին բազմաթիվ արձագանքներ եղան, որոնց գերակշիռ մասը քննադատական էր և ես բոլոր քննադատությունները ընդունեցի շնորհակալությամբ: Հենց այդ քննադատություններից ելնելով էլ ցանկանում եմ, որ իմ նախորդ հոդվածս համարենք չհրատարակված: Վերը նշած հոդվածն ու նրա շուրջ հնչած քննադատությունները պատճառ դարձան, որպեսզի վերանայեմ իմ գրած հոդվածներն ու հասկանամ թե ինչպե՞ս իմ մեջ փոխվեց Վեհափառի ու որոշ հոգևորականների նկատմամբ վերաբերմունքը: Առաջին հրապարակախոսական հոդվածս գրել եմ 2011 թվականի օգոստոսին: Վերնագիրն էր "Եկեղեցին իր առաքելության մեջ է", հետո գրեցի մեկ այլ հոդված "Ինչու՞ են աղմկում օրենքով աղանդները" վերնագրով, հետո երրորդը "Եկեղեցու կատարելությունը անսահման է." չորրորդը "Հայ եկեղեցին հայի սրտի մեջ է", հինգերորդը "Հայ եկեղեցին հայ ժողովուրդն է" վերնագրերով և նրանց համարժեք բովանդակությամբ ու այդպես շարունակ: Սակայն այդպես էլ չմտաբերեցի, որ երբևէ եկեղեցու կողմից գովասանքի կամ խրախուսանքի արժանանայի, թեև բնականաբար ես դրա համար չէր, որ գրում էի, բայց դա անհրաժեշտ է, որպեսզի մարդը հասկանա, որ այն ինչ ինքը անում է դա օգտակար է ազգի համար, եկեղեցու համար: Նույն կերպ անհրաժեշտ է նաև քննադատությունը և եթե հարկ է նաև պարսավանքը, որպեսզի մարդը հասկանա, որ իր արածը ոչ մեկին պետք չէ, այլ հակառակը շատերին խանգարում է: Իմ առաջին հոդվածների բովանդակությունները շատ տարբեր էին վերջին գրածներիս բովանդակություններից, սակայն ես ոչ միայն խրախուսանքի չէի արժանանում, այլ ավելին, իմ բոլոր դիմում խնդրանքներս Մայր Աթոռին ինձ գոնե աշխարհիկի կարգավիճակով Մայր Աթոռի բաժիններից որևէ մեկում աշխատանքի ընդունելու համար ապարդյուն էին և ես իմ ընտանիքով` կին, երկու անչափահաս երեխաներ, վարձով բնակարանում առանց աշխատանքի պետք է շարունակեինք ապրել: Ես օծյալ քահանա եմ և երբեք իմ քահանայությունից չեմ հրաժարվել: Օծվել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ու ձեռամբ Ներսես արք. Պոզապալյանի: Ես իմ կարգալուծության վերաբերյալ որոշումը չեմ տեսել և ոչ էլ Մայր Աթոռը այն ինձ տրամադրեց իմ բազմաթիվ գրավոր պահանջներից հետո, փոխարենը Մայր Աթոռի դիվանատունը գրավոր ու բանավոր պնդում է, որ ես 1994 թվականից կաթողիկոսական տեղապահ Թորգոմ պատրիարքի տնօրինությամբ կարգալույծ եմ և վերջ, այն էլ այն դեպքում երբ ես Մայր Աթոռ գրություն եմ ներկայացրել Թորգոմ պատրիարքի ստորագրությամբ, որտեղ նշված է, որ ինքը կարգալուծության դեպք իր տեղապահության ժամանակաշրջանում չի հիշում: Այդուհանդերձ, եթե դիվանատունը պնդում է, որ կարգալուծության որոշում եղել է, ապա ու՞ր է այդ 1994 թվականի որոշումը, ինչու՞ ինձ այն չեն տրամադրում: Ես չգիտեմ: Եւ ահա այս անարդար մթնոլորտի մասին ես ինչպե՞ս արտահայտվեմ: Կաթողիկոսն անձամբ ինձ ոչինչ չի պատասխանել: Եւ այդպիսով իմ մեջ տեղի ունեցավ հոգեբանական "հեղափոխություն" և կտրականապես փոխվեց իմ կարծիքն ու վերաբերմունքը կաթողիկոսի ու նրան շրջապատող որոշ եկեղեցական պաշտոնյաների նկատմամբ` սակայն ոչ երբեք Եկեղեցու նկատմամբ: Եւ այդ տրամադրվածությամբ էլ 2012 թվականի ապրիլին "Կաթողիկոս ընտրելու տրամաբանությունը կամ նժույգին սանձ է պետք" վերնագիրը կրող հոդվածով իմ ներքին հեղափոխությունը սկսեց դրսևորվել նաև հրապարակայնորեն, ինչը անմիջապես առաջացրեց Մայր Աթոռի որոշ պաշտոնյաների վրդովմունքը, զայրույթը և այդպիսով սկսվեց մի տհաճ հակամարտություն, որը կարող էր տեղի չունենալ, եթե Մայր Աթոռի համապատասխան բաժինները իրենց գործառույթներն իրականացնեին պարտաճանաչորեն ու առանց քմահաճույքների: Եւ փաստորեն թեև անձամբ Վեհափառը չէր մասնակցում այս գործընթացին, սակայն, ես շատ մեծ ցավով ու ափսոսանքով եմ ասում, որ հատկապես հենց Նորին Սրբությունը տեղեկատվական հարվածի ենթարկվեց և ոչ թե նրանք, ովքեր դրան արժանի էին: Պետք է խոստովանեմ, որ հաճախ ես ինքս էլ ինձ թույլ եմ տվել այնպիսի արտահայտություններ, որոնք իսկապես կարող էին տարակուսանք առաջացնել թե արդյո՞ք սա եկեղեցասեր ու հոգևոր մարդու արարք է: Նկատի ունեմ մասնավորապես Ամենայն Հայոց Հայրապետին առնչվող արտահայտությունները: Ես իսկապես զղջում եմ իմ բոլոր այն գրությունների համար, որոնք առիթ են տվել տարատեսակ խմբավորումների քարկոծելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, մասնավորապես իմ նախորդ "Հայկական եկեղեցական կրկեսում կարող են նոր հաջողություններ արձանագրվել" վերնագրով հոդվածս, որ իմ ներքին հեղափոխության ամենատգեղ դրսևորումներից մեկը եղավ, ինչի համար էլ, Վեհափառ Տեր, խոնարհաբար համբուրում եմ Ձերդ Սրբության Օծյալ Սուրբ Աջն ու հայցում ներողամտություն, ես իսկապես ցավում եմ, որ ներքին ցասումի պատճառով չկարողացա սանձել լեզուս: Վեհափառ Տեր, ես հոդվածներ չեմ գրում նրա համար, որ ցնծան հակաեկեղեցական խառնիճաղանճ տարրերը, ես չեմ գրում ազգանվեր մարդկանց վիրավորելու համար, այլ գրում եմ, որպեսզի հայ իրականության մեջ անարդարությունը ուժ չունենա հաղթելու ճշմարտությանը և որպեսզի եկեղեցու հեղինակությունը անսասան մնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել