Emedia.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է մայրաքաղաքի դպրոցների շրջանավարտների համար անցկացվող «Վերջին զանգ» միջոցառման, ինչպես նաև «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրերը։
«Երևանի քաղաքապետարանը մայիսի 23-ին, ժամը 19։00-ից հրավիրում է շրջանավարտներին «Վերջին զանգը» տոնելու Ազատության հրապարակում, որտեղ նախատեսված է բովանդակային ծրագիր, լավագույն կատարողների, նաև՝ նվագախմբերի մասնակցություն»,- նշել է Արամ Սուքիասյանը և հավելել, որ միջոցառմանը տեղի կունենա նաև շրջանավարտների օրհնության կարգ։
Այս տարի Երևանի քաղաքապետարանի ենթակայության 159 հիմնական դպրոցների 9-րդ դասարանների շրջանավարտները 6868-ն են, ևս 441 շրջանավարտ ավարտում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության 11 միջնակարգ դպրոցների, 2 կրթահամալիրներ և 2 հատուկ դպրոցների 12-րդ դասարանները։ 2013-14 ուստարում Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական դպրոցներում՝ 1-9-րդ դասարաններում, սովորել է շուրջ 79000 աշակերտ։
Երևանի քաղաքապետի տեղակալը ներկայացրել է նաև Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագիրը։
««Երևանյան ամառն» այս տարի եռամսյա ծրագիր է՝ հունիսի 1-ից օգոստոսի 31-ը։ Նախորդ տարի «Երևանյան ամառն» օգոստոսի 1-ից 31-ն անցկացվեց. շատ լավ արձագանք եղավ։ Օգոստոսը Երևանում արձակուրդային ու առավելապես պասիվ ամիս է, և այն քաղաքացիների համար, ովքեր այդ տապին մնում են Երևանում, գտանք, որ պետք է մշակել ժամանցի, առօրյան բովանդակալից դարձնելու ծրագրեր։ Փորձը ցույց տվեց, որ ծրագիրն արդարացված է և տեղին։ Այս տարի «Երևանյան ամառն» սկսում ենք հունիսի 1-ից՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, և ավարտում օգոստոսի 31-ին՝ «Դեպի դպրոց, բուհ և գործ» խորագրով միջոցառմամբ։ Ծրագիրը ներառում է շուրջ 3 տասնյակ մեծ միջոցառումներ»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



