1in.am-ը գրում է.
Նախորդ տարի սիգի պաշարները Սևանա լճում կազմել են 324 տոննա, մոտ 100 տոննա էլ կազմել են մնացած ձկները, որոնց մեծ մասը լճածածանն է: ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը մայիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ձկան պաշարների այս տարվա ցուցանիշի մասին չի կարող հստակ ասել, քանի որ գնահատականը տարեվերջին են տալիս:
«Սիգն անցյալ տարվա կտրվածքով ավելացել է, բայց դա չի նշանակում, որ մենք ունենք սիգի վերականգնված պոպուլյացիա: Ունեցել ենք սիգի լավ բազմացում, պատճառը եղել է այն, որ ձկնորսների քանակը քչացել է, քանի որ նվազել է ձուկը: 2013-ին ունեցել ենք 1-3 տարեկան ձկներ, փաստորեն, գրանցել ենք ոչ թե 8 տոննա կամ 6, այլ 300-ից ավել: Հիմա, ցավոք, մեր տվյալներով՝ ձկնորսությունը սկսել է ավելանալ, քանի որ տեսան՝ ձուկը շատանում է»,- ասաց նա՝ հավելելով, որ դեռ կտեսնեն՝ դա միտում է շատանալո՞ւ, թե՞ վերադառնում են այն եղած տաշտակին, որ եղել է մինչ այդ:
Գաբրիելյանի խոսքով՝ առաջներում ձկնային երեք տեսակ է եղել՝ էնդեմիկ տեսակներ՝ իշխան, բեղլու, կողակ, այսինքն՝ դրանք մեր աբորիգեն տեսակներն են, որոնք և՛ կենսաբազմազանության առումով, և՛ արժեքավոր սնունդ ներկայացնող տեսակներ են: Սիգը բերված է Ռուսաստանից 20-ականների վերջին, 30-ականների սկզբին: «Մենք առաջարկում ենք ձուկն էլ դիտել որպես ռազմավարական նշանակության օբյեկտ. այն նախկինում այդպիսին չի դիտվել:
Այժմ Սևան ներմուծվել է լճածածանը, կարասը և կարպը: Սևանա լճում ոչ հիմնավորված որևէ տեսակի ներմուծումը կարող է բերել լուրջ էկոլոգիական վնասների: Այսօր մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արդեն իսկ ներմուծված ձկնատեսակները վնաս տալիս են էկոհամակարգին, գրավում են ինչ-որ բազմացման տեղեր, նույն կերով են սնվում»,- ասաց նա:
Մասնագետը նշեց, որ թեև անձամբ չեն հանդիպել, բայց ձկնորսներից լսել են, որ նաև ծիածանափայլ ֆորելներ են հանդիպել Սևանա լճում՝ ամերիկյան տեսակ, որ ուժեղ գիշատիչ է, կարող է սնվել մանրաձկներով: Դա արդյունք է այն բանի որ այնտեղ անարգել աճեցնում են այլ տեսակի ձկներ: Գաբրիելյանի խոսքով՝ իրենց կողմից միշտ խիստ նամակներ և առաջարկներ են գրել, որ պետք է Սևանում արգելել աճեցնել լճին ոչ բնորոշ ձկնատեսակներ:



