Վերջին օրերին բողոքի ակցիաներ են անցկացնում դպրոցականները: Նրանք բողոքում են իրենց համադասարանցիներին դատապարտելու համար: Ըստ մեղադրանքի՝ Մեսրոպ Գրիգորյանին, Աբրահամ Շահինյանին և Արկադի Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2013 թվականի սեպտեմբերի 26-ին ժամը 13:30-ի սահմաններում նախնական համաձայնության գալով միմյանց հետ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել են ուսուցիչ Սևակ Բադալյանի հետ և ծեծի ենթարկել վերջինիս: Առաջին ատյանի դատարանն արդեն կայացրել է մեղադրական դատավճիռը, որը դեռևս չի մտել օրինական ուժի մեջ: Լրատվամիջոցները կազմակերպում են այդ գործով լայն լուսաբանում, ինչը գովելի է, սակայն, ինչպես գրեթե միշտ, ամբողջ լուսաբանման գործընթացը կազմակերպվում է խիստ միակողմանի: Հարգելի գործընկերներ, պրոֆեսիոնալ հրապարակումներ արտադրելու համար խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել նաև նշված քրեական գործի դատավճիռը: Ի վերջո հանրությունն իրավունք ունի իմանալ, թե ինչն է հիմք եղել դատարանի համար, որ դատապարտման որոշում է կայացրել: Աղբյուրը datalex.am, Դատական Գործ N: ԳԴ3/0007/01/14
«Դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում ուսումնասիրելով և գնահատելով գործով ձեռք բերված և հետազոտված ապացույցները, դրանց վերլուծությունը այլ ապացույցների հետ համադրելու միջոցով, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ գտնում է, որ Մեսրոպ Մարզպետունու Գրիգորյանի, Աբրահամ Վանիկի Շահինյանի և Արկադի Ռուբեկի Պողոսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հանցավոր արարքի կատարումը հիմնավորվել է հետևյալ ապացույցներով.
Տուժող Սևակ Բադալյանի, վկաներ Աստղիկ Խաչատրյանի, Ռոզա Մանուկյանի, Հակոբ Գալստյանի, Արմեն Բադալյանի, Լիդա Գրիգորյանի, Ռոզա Բադալյանի, Էլմիրա Սարգսյանի, Արմեն Խաչատրյանի և Հասմիկ Սաֆարյանի վերոգրյալ ցուցմունքներով:
Վկա Արմեն Եղոյանի նախաքննությամբ տրված ցուցմունքով այն մասին, որ սովորում է Վարդենիկի կրթահամալիրի 6-րդ դասարանում: 2013 թվականի դեկտեմբերի 26-ին` 6-րդ դասաժամին, իրենց մոտ ֆիզկուլտուրայի դասաժամ է եղել: Սևակ Բադալյանն իրենց ասել է, որ դուրս գնան դպրոցի խաղահրապարակ: Այդտեղ են եղել նաև 12-րդ դասարանի աշակերտները: Բադալյանն ասել է, որ շարվեն` տղաները երկու, իսկ աղջիկները մեկ շրջան վազեն: Իրենք վազելով հասել են դպրոցի դռան մոտ, երբ տեսել է, որ 12-րդ դասարանի աշակերտներ Մեսրոպը, Աբրահամը և Արկադին ձեռքերով և ոտքերով ծեծում են Բադալյանին և նա վայր է ընկել, սակայն նրանք ընկած տեղում շարունակել են հարվածել: Ինքը և իր դասընկերներ Վահրամ Մանուկյանը, Արմեն Մանուկյանը, Սերգեյ Բադալյանը, Մինաս Մինասյանը վախեցած կանգնած են մնացել իրենց տեղերում: Այդ ժամանակ Աբրահամը ինչ-որ բան է գոռացել և նրանք գնացել են, որից հետո Բադալյանին օգնել է պահակ Հակոբը և տարել է: Մեծ տղաներն իրենց ասել են, որ գնան դպրոց /գ.թ. 61-63/:
Վկա Արմեն Մանուկյանի նախաքննությամբ տրված ցուցմունքով այն մասին, որ 2013 թվականի դեկտեմբերի 26-ին` 6-րդ դասաժամին, իրենց մոտ ֆիզկուլտուրայի դասաժամ է եղել: Սևակ Բադալյանն իրենց ասել է, որ դուրս գնան դպրոցի խաղահրապարակ: Այդտեղ են եղել նաև 12-րդ դասարանի աշակերտները: Բադալյանն ասել է, որ շարվեն` տղաները երկու, իսկ աղջիկները մեկ շրջան վազեն: Առաջին շրջանը դեռևս չէր ավարտել, երբ, կողքի ցավի պատճառով, սկսել է քայլել: Դպրոցի մուտքի դռան մոտ տեսել է Մեսրոպին, Աբրահամին և Արկադիին: Տեսել է, որ դարպասներից քիչ հեռու` գետնին, ընկած է եղել Սևակ Բադալյանը: Իրենցից մեծ մի տղա, որի անունը չգիտի, ցանկացել է օգնել Բադալյանին և դրա համար Մեսրոպը նրան հայհոյել է, որից հետո նրանք գնացել են, որից հետո Բադալյանին օգնել է պահակ Հակոբը և տարել է: Բադալյանը եղել է արյունոտված վիճակում, որից ինքը շատ է վախեցել /գ.թ. 64-65/:
Վկա Թորգոմ Սահակյանի նախաքննությամբ տրված ցուցմունքով այն մասին, որ 2013 թվականի դեկտեմբերի 26-ին` ժամը 13:00-ի սահմաններում` 5-րդ կամ 6-րդ դասաժամին, իրենց մոտ ֆիզկուլտուրայի դասաժամ է եղել: Իրենց դասարանը դուրս է գնացել դպրոցի բակ: Ինքը ուշացումով է դուրս գնացել և դպրոցի մուտքի դռնից դուրս գալով նկատել է, որ դպրոցի դարպասներից քիչ հեռու կռիվ է եղել: Նկատել է Սևակ Բադալյանին և անմիջապես գնացել և բաժանել է: Բադալյանի հետ կռվողները հեռացել են: Այդ ժամանակ Սևակ Բադալյանը ընկած է եղել գետնին` դեմքի շրջանը արյունոտված վիճակում: Այնտեղ է գնացել պահակ Հակոբը և իրենք օգնել են Բադալյանին կանգնել և քայլել դեպի մեքենան, որից հետո ինքը գնացել է ֆիզկուլտուրայի դահլիճ: Այդ ժամանակ ինքը շփոթված և խառնված վիճակում է եղել և չի ճանաչել Սևակ Բադալյանի հետ կռվողներին: Հետագայում խոսակցություններից լսել է, որ նրանք եղել են Մեսրոպը, Աբրահամը և Արկադին /գ.թ. 74-77/:
Վկա Միշա Պետրոսյանի նախաքննությամբ տրված ցուցմունքով այն մասին, որ սովորում է Վարդենիկի կրթահամալիրի 10-րդ /բ/ դասարանում: 2013 թվականի սեպտեմբերի 26-ին` ժամը 13:00-սահմաններում, իրենց մոտ ֆիզկուլտուրայի դասաժամ է եղել և 12-րդ /բ/ դաս. և երբ Մեսրոպը ինչ-որ թռչուն էր բերել դասարան, ավելի ճիշտ դահլիճ, որի համար Բադալյանը իրեն դիտողություն է արել, սակայն հետո չի իմացել, թե թռչունը ինչ է եղել և շարք կանգնելու համար Բադալյանը դիտողություն է արել Մեսրոպին, քանի որ նա չէր ուզում շարվեր: Մեսրոպը Բադալյանին ասել է ՙարա՚, իսկ վերջինս նրան ասել է ՙչես ամաչում, հորդ տարիքին մարդ եմ, արա կգնաս հորդ կասես՚, որից հետո Մեսրոպը դուրս եկավ դահլիճից և ինքը և Արմենը գնացել են հանդերձարան, որտեղից գոռգոռոցի ձայն է լսվել և Արմենը անմիջապես գնացել է միջանցք, որտեղ տեսել է, որ Մեսրոպը և Աբրահամը բռունցքներով խփել են Բադալյանին, իսկ Բադալյանը պաշտպանվում էր` հրելով նրանց: Այդ ժամանակ դասարանից եկել է Արկադիկը, հրել Բադալյանին: Հետո եկել են հավաքարարները, և Մեսրոպը, Արկադիկն ու Աբրահամը փախել են: Վիճաբանությունը տևել է շուրջ 10-15 րոպե, որի ժամանակ ինքը հայհոյանք չի լսել: Երբ Բադալյանը դահլիճից դուրս է եկել, մատյանները նրա մոտ են եղել: Կռվի ժամանակ մատյանը գետնին ընկած էր, որը կռվից հետո վերցրել է Բադալյանը և բարձրացել երկրորդ հարկ /գ.թ. 239-240/:
Վկա Նարեկ Ղազարյանի նախաքննությամբ տրված ցուցմունքով այն մասին, որ 2013 թվականի սեպտեմբերի 26-ին դպրոց չի հաճախել, քանի որ հողամասում ծնողներին է օգնել: Հետագայում լսել է, որ ֆիզկուլտուրայի դասաժամին ընկեր Բադալյանը Մեսրոպին ասել է, որ ուղղվի, նա չի ուղղվել և դրա համար վիճել և կռվել են, որից հետո դրսում Մեսրոպը, Աբրահամը և Արկադին ծեծի են ենթարկել ընկեր Բադալյանին /գ.թ. 131/:
Տուժող Սևակ Բադալյանի և Մեսրոպ Գրիգորյանի առերես հարցաքննության արձանագրությամբ այն մասին, որ Սևակ Բադալյանը, պնդելով իր տված ցուցմունքները, հայտնել, որ 2013 թվականի սեպտեմբերի 26-ին` ժամը 13:00-ից 13:30-ի սահմաններում, կրթահամալիրի միջանցքում, այնուհետև բակում Մեսրոպ Գրիգորյանը Աբրահամ Շահինյանի և Արկադի Պողոսյանի հետ միասին, առանց որևէ հիմնավոր պատճառի, ծեծի են ենթարկել իրեն` պատճառելով մարմնական վնասվածք /գ.թ. 241-246/:
Տուժող Սևակ Բադալյանի և Աբրահամ Շահինյանի առերես հարցաքննության արձանագրությամբ այն մասին, որ Սևակ Բադալյանը, պնդելով իր տված ցուցմունքները, հայտնել է, որ 2013 թվականի սեպտեմբերի 26-ին` ժամը 13:00-ից 13:30-ի սահմաններում, կրթահամալիրի միջանքում, այնուհետև բակում Աբրահամ Շահինյանը Մեսրոպ Գրիգորյանի և Արկադի Պողոսյանի հետ միասին, առանց որևէ հիմնավոր պատճառի, ծեծի են ենթարկել իրեն` պատճառելով մարմնական վնասվածք /գ.թ. 229-234/:
Տուժող Սևակ Բադալյանի և մեղադրյալ Արկադի Պողոսյանի առերես հարցաքննության արձանագրությամբ այն մասին, որ Սևակ Բադալյանը, պնդելով իր տված ցուցմունքները, հայտնել, որ 2013 թվականի սեպտեմբերի 26-ին` ժամը 13:00-ից 13:30-ի սահմաններում, կրթահամալիրի միջանքում, այնուհետև բակում Արկադի Պողոսյանը Մեսրոպ Գրիգորյանի և Աբրահամ Շահինյանի հետ միասին, առանց որևէ հիմնավոր պատճառի, ծեծի են ենթարկել իրեն` պատճառելով մարմնական վնասվածք /գ.թ. 227-228/:
Դատաբժշկական փորձաքննության 30.09.2013 թվականի թիվ 395 եզրակացությամբ այն մասին, որ Սևակ Սերյոժայի Բադալյանի մոտ վնասվածքները փակ գանգուղեղային վնասվածքի, ուղեղի թեթև աստիճանի սալջարդի, քթոսկրի և հայմորյան խոռոջի վերին պատի կոտրվածքների, ձախ ակնակապիճի և ձախ աչքի սկլերայի արյունազեղումների, աջ նախաբազկի, ձախ արմնկային հոդի, աջ սրունքի քերծվածքների ձևով հասցվել են բութ առարկաների ներգործությամբ, հնարավոր է գործի հանգամանքներում նշված պայմաններում և ժամանակամիջոցում, որոնք պատճառել են առողջությանը միջին աստիճանի վնաս` առողջության տևական քայքայումով /գ.թ. 18-20/:
Դատաբժշկական փորձաքննության 30.09.2013 թվականի թիվ 390 եզրակացությամբ այն մասին, որ Մեսրոպ Մարզպետունու Գրիգորյանի մոտ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել /գ.թ. 21-22/:
Դեպքի վայրի զննության արձանագրությամբ այն մասին, որ կրթահամալիրի բակում դեպքը տեղի է ունեցել դարպասներից 30 մետր հեռավորության վրա դեպի դպրոցի մասնաշենք, իսկ կրթահամալիրի ներսում դեպքը տեղի է ունեցել 4-րդ և 5-րդ մասնաշենքերի միջանցքում ֆիզկուլտուրայի դահլիճից 4 մետր հեռավորության վրա դեպի 2-րդ հարկ տանող աստիճանահարթակ /գ.թ. 53-56/:
ՙՎարդենիկի կրթահամալիր՚ ՊՈԱԿ-ից ստացված թիվ 60 գրությամբ այն մասին, որ 2013 թվականի սեպտեմբերի 26-ին` ժամը 13:30-ի սահմաններում, կրթահամալիրի տարածքում ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սևակ Բադալյանի նկատմամբ կատարված բռնության հետևանքով մասամբ խաթարվել է դպրոցի դասապրոցեսը: Դեպքի բացասական հետևանքները զգացվում են, աշակերտների մոտ նկատվում է հետսթրեսային դրսևորումներ /գ.թ. 87/:
1. Դատարանն ապացուցված է համարում` ամբաստանյալ Մեսրոպ Մարզպետունու Գրիգորյանի կողմից հանցավոր արարք կատարելը:
Արարքը, որի մեջ մեղադրվում է վերջինս, համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներին և ճիշտ է որակված:
Ապացուցված է նաև ամբաստանյալ Մեսրոպ Մարզպետունու Գրիգորյանի կողմից նշված արարքը կատարելը և մեղավորությունը տվյալ հանցանքը կատարելու մեջ:
Ամբաստանյալ Մեսրոպ Մարզպետունու Գրիգորյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում ինչպես կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, այնպես էլ նրա անձը:
Դատարանն ամբաստանյալ Մեսրոպ Մարզպետունու Գրիգորյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ է արձանագրում համայնքի ղեկավարի և կրթահամալիրի տնօրենի կողմից դրական բնութագրվելը, նախկինում արատավորված չլինելը և առաջին անգամ միջին ծանրության հանցանք կատարելը:
Դատարանն ամբաստանյալ Մեսրոպ Մարզպետունու Գրիգորյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է արձանագրում հանցագործության կատարման մեջ առանձնապես ակտիվ դեր ունենալը:
Դատարանը, նպատակ ունենալով վերականգնելու սոցիալական արդարությունը, ուղղելու պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխելու հանցագործությունները, գտնում է, որ ամբաստանյալ Մեսրոպ Մարզպետունու Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով կատարած հանցագործության համար ենթակա է պատժի ազատազրկման ձևով:
Քննության առնելով խափանման միջոցի հարցը` դատարանը գտնում է, որ Մեսրոպ Մարզպետունու Գրիգորյանի նկատմամբ պետք է խափանման միջոց ընտրել կալանավորումը:
2. Դատարանն ապացուցված է համարում` ամբաստանյալ Աբրահամ Վանիկի Շահինյանի կողմից հանցավոր արարք կատարելը:
Արարքը, որի մեջ մեղադրվում է վերջինս, համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներին և ճիշտ է որակված:
Ապացուցված է նաև ամբաստանյալ Աբրահամ Վանիկի Շահինյանի կողմից նշված արարքը կատարելը և մեղավորությունը տվյալ հանցանքը կատարելու մեջ:
Ամբաստանյալ Աբրահամ Վանիկի Շահինյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում ինչպես կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, այնպես էլ նրա անձը:
Դատարանն ամբաստանյալ Աբրահամ Վանիկի Շահինյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ է արձանագրում համայնքի ղեկավարի և կրթահամալիրի տնօրենի կողմից դրական բնութագրվելը, նախկինում արատավորված չլինելը և առաջին անգամ միջին ծանրության հանցանք կատարելը:
Դատարանն ամբաստանյալ Աբրահամ Վանիկի Շահինյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք չի արձանագրում:
Դատարանը, նպատակ ունենալով վերականգնելու սոցիալական արդարությունը, ուղղելու պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխելու հանցագործությունները, գտնում է, որ ամբաստանյալ Աբրահամ Վանիկի Շահինյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով կատարած հանցագործության համար ենթակա է պատժի` ազատազրկման ձևով:
Քննության առնելով խափանման միջոցի հարցը` դատարանը գտնում է, որ Աբրահամ Վանիկի Շահինյանի նկատմամբ ընտրված ծնողի հսկողության հանձնելը խափանման միջոցը պետք է փոփոխել և ընտրել կալանավորումը:
3. Դատարանն ապացուցված է համարում` ամբաստանյալ Արկադի Ռուբեկի Պողոսյանի կողմից հանցավոր արարք կատարելը:
Արարքը, որի մեջ մեղադրվում է վերջինս, համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներին և ճիշտ է որակված:
Ապացուցված է նաև ամբաստանյալ Արկադի Ռուբեկի Պողոսյանի կողմից նշված արարքը կատարելը և մեղավորությունը տվյալ հանցանքը կատարելու մեջ:
Ամբաստանյալ Արկադի Ռուբեկի Պողոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում ինչպես կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, այնպես էլ նրա անձը:
Դատարանն ամբաստանյալ Արկադի Ռուբեկի Պողոսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ է արձանագրում համայնքի ղեկավարի և կրթահամալիրի տնօրենի կողմից դրական բնութագրվելը, նախկինում արատավորված չլինելը և առաջին անգամ միջին ծանրության հանցանք կատարելը:
Դատարանն ամբաստանյալ Արկադի Ռուբեկի Պողոսյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք չի արձանագրում:
Դատարանը, նպատակ ունենալով վերականգնելու սոցիալական արդարությունը, ուղղելու պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխելու հանցագործությունները, գտնում է, որ ամբաստանյալ Արկադի Ռուբեկի Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով կատարած հանցագործության համար ենթակա է պատժի` ազատազրկման ձևով:
Քննության առնելով խափանման միջոցի հարցը` դատարանը գտնում է, որ Աբրահամ Վանիկի Շահինյանի նկատմամբ ընտրված ծնողի հսկողության հանձնելը խափանման միջոցը պետք է փոփոխել և ընտրել կալանավորումը:
Դատարանը գտնում է, որ ամբաստանյալների շահերի պաշտպան Ալիկ Ստեփանյանի միջնորդությունը` տուժող Սևակ Բադալյանի 29.09.2013 թվականի բացատրությունը, որպես այլ փաստաթուղթ, ապացույց ճանաչելու մասին, բավարարելու բավարար հիմքեր չկան:
Դատարանը գտնում է նաև, որ պաշտպանի կողմից վկայակոչված ՀՀ Վճռաբեկ դատարանի Շահեն Նշանի Հախվերդյանի վերաբերյալ 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՎԴ/0014/01/11 որոշումը սույն քրեական գործով կիրառելի չէ»: