Մի քանի տարի առաջ Հայաստանում անցած ըմբշամարտի միջազգային առաջնության ընթացքում հաղթողներից մեկը մի ադրբեջանցի էր: Եւ երիտասարդ հայ մարզիկներով լեցուն դահլիճը հոտնկայս ծափողջյուններով շնորհավորեց նրա հաղթանակը: Եւ դա այն բանից հետո, որ դրանից մեկ տարի առաջ Բաքվում կայացած նմանատիպ մրցույթի ժամանակ հայ ըմբիշների ուղղությամբ առարկաներ նետվեցին, իսկ միջանցքում քաշքշուք հրահրեցին: Չգիտեմ, թե արդյոք Հայաստանում մեր հայ մարզիկները ինքնաբուխ ծափահարեցին, թե նրանց ավագներից մեկը խորհուրդ էր տվել նման կերպ վարվել, բայց մերոնց այդ քայլն ինձ համար շատ ոգեւորիչ էր: Նման կերպ կարող էին վարվել միայն ուժեղ, վեհ, արդար ազգի ներկայացուցիչները, ովքեր նաեւ արդարացիորեն գնահատում են ուժեղին: Սա Սասնա Ծռերին պատկանող ազգի զավակների արարք էր: Միաժամանակ կարող եմ պատկերացնել ազերի մարզիկների եւ մարզիչների հուզմունքն ու նվաստացումը: Դրան նախորդած Բաքվի իրադարձություններից հետո մերոնք ցույց տվեցին թե որքան բարձր են իրենցից, ցույց տվեցին նրանց տեղը:
Ինչո՞ւ հիշեցի սա: Համացանցում աչքովս ընկավ վերջին Եվրատեսիլին նվիրված «Հատման կետ» հաղորդում-շոուն: Չեմ ուզում անդրադառնալ մեր համաքաղաքացիների մի մասի հանդեպ այն մարդատյաց ատելության քարոզչությանը, որը հպարտ-հպարտ սփռում էին հրավիրված հյուրերի կեսը: Դա այլ թեմա է: Հաղորդման ժամանակ Եվրատեսիլում հայաստանյան ժյուրիի նախագահը բաց տեքստով հայտարարեց, որ Ադրբեջանի ներկայացուցչին ամենացածր տեղն է տվել հենց միայն Ադրբեջանից լինելու համար: Ընդ որում դա ասեց այնպիսի մի պաթոսով ու հպարտությամբ, կարծես թե հենց նոր մարտի դաշտում ազերի տանկ էր խփել, կամ սեփական մարմնով ազերի դզոտ էր փակել, պարզապես ողջ էր մնացել: Լավ, ասենք թե ՀՀ իշխանությունների կողմից մտավորականություն նշանակված այս անձնավորությունը (անգամ անունը չեմ կարողանում հիշել) գաղափար չուներ թե ինչ բան է ժյուրիի պրոֆեսիոնալիզմ, դատավորի պատվո կոդեքս, ասենք թե մեր «ժյուրիները» ոնց որ ՀՀ-ում ընտրությունների ժամանակ են անարդար դատում, այնպես էլ մտածում են որ կարող են դրսում նման կերպ վարվելով արդյունքի հասնել: Լավ, ասենք թե քաղաքական քվեարկություն էին անելու: Այդ դեպքում այդ 5 հոգուն նշանակողների մեջ չկա՞ր մի քաղաքականապես պատրաստված մեկը, ով հուշեր նրանց, որ նման պարզունակ ուռա-«հայրենասիրական» քվեարկությամբ Հայաստանին ոչ մի օգուտ չեն տալու, այլ հենց Ադրբեջանի քարոզչամեքենայի ջրաղացին են ջուր լցնելու՝ ապացուցելով այդ երկրի բնակչության շատ թե քիչ առաջադեմ հատվածին, ով հոգնել է պատերազմից եւ դժգոհ է սեփական իշխանություններից, որ իրենց պետության քարոզչամեքենայի թեզը, ըստ որի բոլոր հայերը, հայ ժողովուրդը թշնամաբար են տրամադրված անխտիր բոլոր ադրբեջանցիների հանդեպ՝ ճիշտ է: Չկա՞ր մեկը, որ բացատրեր մեր ժյուրիին, որ շատ թե քիչ բարձր գնահատական դնելով Ադրբեջանը ներկայացնող երգչուհուն՝ կշահեինք ոչ միայն եվրոպացի մյուս ժյուրիների համակրանքը, կնվաստացնեինք ազերի ժյուրիին, ցույց տալով նրանց հանդեպ մեր բարձր լինելը, այլեւ կշահեինք հազարավոր ադրբեջանցիների համակրանքը՝ փոզմիշ անելով նրանց ուղեղները հակահայկական քարոզչությամբ լվանալու վրա ալիեւների կողմից ծախսված միլիոնավոր դոլարները: Չէ՞ որ առկա սահմաններով ու ստատուս-քվոյով ադրբեջանցիների հետ հաշտվելը հենց մեր ազգային շահերից է բխում: Չէ՞ որ արդեն մինչեւ մրցույթի սկիզբը պարզ էր, որ ազերի երգչուհին անհամեմատ ցածր վարկանիշ ունի Արամի հանդեպ եւ նրան մի քանի միավոր տալով Արամի դիրքերը բնավ չէին տուժի:
Մի երկու բառ էլ «ռազմավարական» քվեարկության մասին, որի հիմքով մեր ժյուրին ուժեղ, շատ թե քիչ մակարդակով երգիչներին ցածր միավորներ էր դրել, իսկ թույլերին՝ բարձր, որպեսզի Արամի մրցակիցներին իբր չեզոքանցեր: Լսե՛ք, ձեր այդ «ռազմավարական» շուստրիությունը ուզում էիք Եվրոպայում այցկացնե՞լ: Թե՞ ձեզ այնքան եք ներշնչել, որ եվրոպացիները ապուշ են, իսկ դուք նենց թույն խելացի, որ որոշել էիք «սատանի մայլեն քյանդրբազություն» անել: Ու երբ Շվեդիայի երգչին (նա էլ հո Կանչիտա չէր) այդքան ցածր էիք գնահատում, չէ՞իք մտածում, որ մի եվրոպական ժյուրի էլ Արամին հասանելիք ձայներն է զրոյացնելու: Հենց այդպես էլ վարվեց Բելգիան: Ու մի փորձեք պատճառահետեւանքային կապը հայաստանյան հանրությանը աղավաղված ներկայացնել: Ու վախենամ հենց մեր ժյուրիի նման նեղմիտ, անարդար գեղավարի քվեարկության պատճառով էլ մյուս ժյուրիների շրջանում Հայաստանի հանդեպ հակակրանք առաջացավ եւ հաղթելու բոլոր շանսերն ունեցող Արամին իրեն արժանի միավորները ոչ բոլորը տվեցին:
Ե՞րբ եք հասկանալու, որ ո՛չ Եվրոպան, ո՛չ էլ եվրոպացիները այդքան պարզունակ չեն որքան կարծում եք, առավելեւս ապուշ չեն: Ու եթե մի տուն ես մտնում՝ գոնե ճանաչիր տան տերերին, նրա արժեքները: Պարզունակ ու ապուշ ազգերը չէին կարողանա նման հզոր քաղաքակրթություն, գիտություն, նման հզոր տնտեսություն ու հզոր բանակներ ստեղծել, ինչպիսիք որ եվրոպացիներն են ստեղծել: Իսկ քանի դեռ Եվրոպայի մասին մեր պատկերացումները «դրանք սաղ գոմիկ են», «այլասեռված Եվրոպա», «փչացած Եվրոպան կործանվում է» մակարդակի վրա են՝ ոչ միայն Եվրատեսիլում, նաեւ արտաքին քաղաքական եւ տնտեսական շատ հարցերում չենք կարողանալու հաջողության հասնել: Այդ առումով հատկանշական էր հիշատակածս նույն «Հատման կետ» հաղորդման ընթացքում մեր ժյուրիի նախագահի այն խոսքը, երբ նա փորձում էր «պաշտպանել» եվրոպական արժեքները, ասելով որ դա հո Կոնչիտան չէ, բայց այդ արժեքներից, որքան չճգնեց, մտաբերեց միայն «լավ ճանապարհները» եւ «որակյալ ապրանքները»…
Չէ՛, հայաստանյան ժյուրին ի տարբերություն հայ ըմբիշների, իրեն հայավարի չպահեց: Սա ուժեղ, վեհ, արդար ու ամենակարեւորը՝ խելացի հայ ազգի ներկայացուցիչների քվեարկություն չէր: Ու ամենավատն այն է, որ այս անմիտ փսեւդոհայրենասիրությունը ու սահմանափակ մտածողությունը ոչ թե միայն մեր «մտավորականությանը», այլ նաեւ պետական համակարգի մեծ մասին համակած ախտ է (ի տարբերություն, ի դեպ, եւ դա հուսադրող է՝ հասարակ ժողովրդի): Ափսոս, բայց կարելի է վստահորեն պնդել, որ եթե երկրում այս տարվա ընթացքում գլոբալ փոփոխություններ չլինեն՝ նույն փոցխն ենք տրորելու թե՛ մյուս տարվա Եվրատեսիլում եւ թե՛ արտաքին շատ հարցերում: