1. Կրակել են անօրինական զենքով։

2. Ինչպես և սպասվում էր, կրակողն ինքն իրեն անձեռնմխելի համարողներից էր, ով օրենքի վրա թքած ուներ (այլապես անօրինական զենքով չէր ֆռֆռա ու առավել ևս չէր կրակի մարդաշատ վայրում)։

Ի՞նչ է ստացվում արդյունքում։ Ստացվում է, որ ոչ օրինապահ մարդու համար որևէ իրական, աշխատող արգելք չկա, որը կխանգարի նրան զենք ձեռք բերել։

Ու դրա պատճառն այն չէ, որ օրինապահ մարմինները զենքի սև շուկան չեն բաշարում/ցանկանում վերացնել։ Պատճառն այն է, որ այդ շուկան սկզբունքորեն հնարավոր չէ վերացնել։ Ինչու՞։ Բացատրեմ։

Ժամանակակից ատրճանակ պատրաստելու տեխնոլոգիան, դա ... ուշադրություն 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի գարաժային տեխնոլոգիա է։ Ատրճանակ պատրաստելու համար լիուլի բավարար է ունենալ գարաժ կամ պադվալ, մետաղ մշակող մեկ հաստատոց ու քթի ծակ։

Ասեմ ավելին, մեկ փամփուշտ կրակող ատրճանակ հանգիստ կարելի է սարքել նույնիսկ փայտից. համենայն դեպս 90-ականների սկզբին մեր թաղի 15-20 տարեկան տղեքից այդպիսի ատրճանակ իր համար չէր սարքել «разве что ленивый»։ Ես ինքս էն ժամանակ դեռ փոքր էի, իսկ երբ մեծացա, ինքնաշեն ատրճանակ սարքելն արդեն մոդա չէր, էնպես որ ինքս չեմ ունեցել, բայց ինձնից տենց մի տաս տարի մեծ տարիքային խմբում ունեցել էին բոլորը։

Իհարկե, այդպիսի «կուստառնի» ատրճանակը որակով կզիջի գործարանային ատրճանակներին, բայց բանկ թալանելու, ինկասատոր սպանելու, ուղղակի մարդ սպանելու և վերջապես վերնիսաժում աջ ու ձախ կրակելու համար ավելի քան բավարար է։

Ու եթե մեկն անպայման ուզում է ատրճանակ ձեռք բերել, միշտ էլ կամ կկարողանա ինքնուրույն սարքել կամ ճարել մեկին, ով կսարքի։
Այսինքն՝ ոչ օրինապահ քաղաքացին ցանկության դեպքում ատրճանակ կճարի։

Վերադառնանք օրինապահ քաղաքացիներին։ Այ իրենք ցանկության դեպքում ատրճանակ չեն կարող ձեռք բերել ու կրել։ Այսպիսով, ի սկզբանե ոչ օրինապահ քաղաքացին ու օրինապահ քաղաքացին անհավասար պայմաններում են գտնվում. առաջինը զինվելու հնարավորություն ունի, իսկ երկրորդը զինված լինելու ու անհրաժեշտության դեպքում ինքն իրեն պաշտպանելու հնարավորություն չունի։

Բայց խնդիրը միայն այն չէ, որ օրինապահ քաղաքացին զրկված է լինում ինքն իրեն պաշտպանելու հնարավորությունից։ Խնդիրը նաև այն է, որ պոտենցիալ ու զինված հանցագործն այդ մասին գիտի։ Նա գիտի, որ եթե ատրճանակը հանի ու վերնիսաժում աջ ու ձախ կրակի, ոչ մեկը չի հանի իր ատրճանակն ու տեղում իրեն չի գնդակահարի։ Ու դրա համար արխային աջ ու ձախ կրակում է։

Հնարավոր առարկությունը, թե «բայց գիտի, որ բանտ կնստի» չի ընդունվում։ Նախ՝ տվյալ դեպքում կրակողն ինքն իրեն անձեռնամխելի էր զգում ու երկրորդ. սպանվելու իրական վտանգը անհամեմատ շատ ավելի լուրջ զսպող հանգամանք է, քան բանտ ընկնելու վտանգը։ Բատնից դուրս կգաս, գերեզմանից՝ ոչ։

Էս ամեն ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է քայլ առ քայլ թուլացնել օրինապահ քաղաքացների համար զենք ձեռք բերելու և կրելու գոյություն ունեցող սահմանափակումները։ Ասվածն, ի դեպ, չի նշանակում «զենքի ազատ վաճառք»։ Ազատ վաճառվում է շաքարավազը, բայց ոչ զենքը։ Վաճառքը չպիտի լինի ու չի կարող լինել ազատ. անհրաժեշտ են խելամիտ պրոցեդուրաներ ու սահմանափակումներ. հոգեբուժական փորձաքննություն, դատվածության բացակայություն, բալիստիկ հետքի ստուգում ևն։ Անհրաժեշտ է նաև զենքի հետ վարվելու մշակույթի ձևավորում ու անվտանգության կանոնների պոպուլյարիզացիա։

Դրան զուգահեռ, իհարկե, անհրաժեշտ է վերացնել ինքնապաշտպանության հետ կապված բոլոր հնարավոր իրավական խնդիրները, որոնք կարող է ունենալ օրինապահ քաղաքացին ինչպես օրենսդրությունից, այնպես էլ պրակտիկայից։

Ու արդյունքում, երբ հերթական անգամ իրենց «լավ զգալու պահին» մի քանի «եսիմ ում բարեկամի կամ ախռաննիկի» մարմնում մի քիչ կավելանա կապարի պարունակությունը, «լավ զգալ» ցանկացողների քանակը կտրուկ կնվազի։ Որովհետև կապարն օրգանիզմում խիստ վտանգավոր է առողջության համար ու դա հասկանում են նույնիսկ «եսիմ ում բարեկամներն ու ախռաննիկները»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել