Pastinfo.am-ը գրում է.Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն աշխատանքային շրջայց է իրականացրել մի շարք քրեակատարողական հիմնարկներում: Նախարարը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել է նաև կալանավորված դերասան Վարդան Պետրոսյանին:
Արդարադատության նախարարությունը նշում է, որ նորանշանակ նախարարն այս ընթացքում արդեն իսկ բազմաթիվ դիմումներ և հարցադրումներ է ստացել` հայտնի դերասանի պահման պայմանների, առողջական վիճակի և քրեակատարողական հիմնարկում նրա իրավունքների պաշտպանության վիճակի մասին:
Ուստիև՝ այցելելով Նուբարաշեն ՔԿՀ` նախարարն անձամբ է հետաքրքրվել դերասանի առողջական վիճակով, ուսումնասիրել վերջինիս պահման պայմանները:
Վարդան Պետրոսյանը հատուկ շեշտել է, որ քրեակատարողական հիմնարկների ծառայողներից, ընդհանուր պահման պայմաններից բացարձակ որևէ բողոք չունի:
Նա ընդգծեց նաև, որ անչափ կարևորում է մարդկային ջերմ վերաբերմունքը, որ տածում են իր հանդեպ խցակիցները: Ավելին, բացելով փակագծերը՝ հայտնել է նաև, որ իր հաջորդ ներկայացման մեջ անպայման անդրադառնալու է դատապարտյալների կյանքին:
«Պարոն նախարար, իմ աչքերից չի հեռանում այն տեսարանը, երբ ինձ կիսամեռ, սպիտակած տեղափոխեցին Դատապարտյալների հիվանդանոց: Փարիզի ամենհայտնի հիվանդանոցը՝ Ամերիկյան կոչվող, չէր կարող ինձ վերադարձնել կյանք, ինչպես դա արեցին այն դատապարտյալները, որոնք մի վայրկյանում շրջապատեցին ինձ իրենց հոգատարությամբ»,- նախարարին ասել է դերասանը՝՝ հավելելով, որ հենց նրանց մարդկային մոտեցման արդյունքում է րոպեներ անց ուշքի եկել:
Վարդան Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել նաև քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հոգատար վերաբերմունքի համար:
Իսկ դատավարության ընթացքի վերաբերյալ դերասանը որոշակի դժգոհություն է հայտնել արդարադատության նախարարին, ինչին Հովհաննես Մանուկյանը պատասխանել է, որ դատական քննության ընթացքին որևէ մեկը, այդ թվում արդարադատության նախարարը, միջամտելու իրավասություն չունի և համոզմունք հայտնել, որ դատարանը կկայացնի օրինական և արդար որոշում:
Հանդիպման ավարտին արդարադատության նախարարը նշել է, որ Վարդանի Պետրոսյանի արվեստի երկրպագուներից է և նրան Սերգեյ Փարաջանովի կյանքի մասին պատմող գիրք նվիրել: Վարդան Պետրոսյանն էլ, շնորհակալություն հայտնելով նախարարին, նշել է, որ իր միակ ցանկությունն արդար դատավարությունն է:
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/hy/node/41456
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



