Մայիսի 18-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել Արցախի երիտասարդության բողոքի ցույցն ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության, որ նա կատարել է մայիսի 7-ին` Վաշինգտոնում, «Կարնեգի» հիմնադրամում, ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Միացյալ Նահանգների իշխանությունների քաղաքական դիրքորոշումը՝ բաղկացած վեց կետից: Բողոքի ցույցում ընդունվել է hայտարարություն, որում մասնավորապես ներկայացվում է Արցախի երիտասարդության դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որը ամփոփվում է հետևյալ դրույթներով:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ

Առաջին. Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմերն են Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է միայն բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղակի և լիարժեք մասնակցության դեպքում: Սա պարտադիր է: Ցանկացած այլ որոշում կմնա թղթի վրա: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետությունը) ոչ մեկին չի լիազորել իր փոխարեն որոշում կայացնել՝ լինի կարգավիճակի հարցում կամ այլ:

Երկրորդ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններն անձեռնմխելի են: Հայկական Արցախի հազարամյա պատմության մեջ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն էր միջանկյալ կարգավիճակ, որը ոչ միայն չապահովեց արցախահայության անվտանգությունը, այլև հանգեցրեց Արցախի պատմական տարածքի մասնատման և հայաթափման:

Երրորդ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ միայն տարածք չունի «վերադարձնելու» որևէ պետության, այլև պահանջատեր է Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող իր տարածքների: Ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը չի կարող հիմնված լինել Ադրբեջանի կամ որևէ մեկի կողմից Միջազգային սկզբունքների կամայական մեկնաբանության վրա:

Չորրորդ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ստեղծվել է ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով՝ միջազգային իրավունքի բոլոր պահանջների կատարմամբ: Հետևապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջափակման ցանկացած փորձ միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:

Հինգերորդ. Փախստականներին և ներքին տեղահանվածներին վերաբերող բոլոր հարցերը պետք է կարգավորվեն փոխադարձության հիմունքներով ՝ ԼՂՀ վերջնական կարգավիճակի միջազգային ճանաչումից հետո միայն:

Վեցերորդ. Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարելու ադրբեջանցու վայրենի հանցագործությունը արտոնելուց հետո անվտանգության միջազգային երաշխիքների մասին ցանկացած խոստում խաբեություն է: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի 20 տարիներին խաղաղությունը պահպանվել է բացառապես ուժերի հավասարակշռության շնորհիվ: Հետևապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը ԼՂՀ պաշտպանության բանակն է: ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ) ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել