Բնության մեջ մարդը խաղաղվում է, որովհետև մաքրվում է:
Մաքրվում է առօրյա հոգսերից, կեղծ մտքերից, ավելորդ հույզերից, որոնք, գուցե թե, ժամեր առաջ թվում էին շա՜տ կարևոր…
Բնությունը նման է մեծ, շատ մեծ ցնցուղի, որից հորդում են կենսական` մաքրագործող ու վերստին ապրելու-ստեղծագործելու ուժ տվող լիցքեր:
Բնությունը տիեզերական, վերերկրային երաժշտություն է, որն իր անտեսանելի-անլսելի կախարդական մեղեդիներով ցողում է մարդու միտքն ու սիրտը` միացնելով վերին աշխարհներին:
Իսկ մեր լեռներում ծվարած, չէ` բազմած վանքերը նման են երկնքից իջած մանանայի, որ լցնում են մարդու հոգին` վեհացնելով էությունը նրա:
Մեր վանքերը օրհնության փնջեր են բնության մեջ. լռության մեջ ամփոփված ու նույնքան լուռ պատարագ են մատուցում` առանց միջնորդի…
Նկատե՞լ եք` ինչպես են հեռվից մեղմ ժպտում երկնքի ու երկրի մեջ կորած մեր վանքերը, երբ մոտեցող մարդու ոտնաձայն են լսում..
Ինձ երբեմն նույնիսկ թվում է` իրենց խոնարհված գլուխն են մի պահ բարձրացնում` րոպե առաջ տեսնելու մոտեցողին…
Իսկ երբ հեռանում եմ ժամանակի ու տարածության մեջ քարացած այդ մի բուռ հրաշքից, ամեն անգամ միշտ նույն բառերի շնչառությունն եմ լսում թիկունքից. «Էլի կգաս, չէ՞: Ես կսպասեմ քեզ…»:
Լուսանկարը` անձնական արխիվից, Երից Մանկունք վանք (Արցախ)
Նունե Մովսիսյան