Չէ, ես իմ զինվորների ու Հայոց բանակի ցա՛վը տանեմ, նրանց մասին չէ խոսքը: Խոսքը մե՛ր մասին է, քաղաքացիական կյանքով ապրողներիս: Այս ի՜նչ անզեն ու թուլամորթ դուրս եկանք, այս ի՜նչ ներողությունների, մեղայականների ու հանդուրժողականության խոստովանանքի շղթա է: Այլասեռության ու այլասերության գլոբալ քարոզչահրեշի առաջ օրը մեկս մատաղվում է, բա հետո՞: Ու ցավալին այն է, որ մե՛նք ենք մեզ զոհաբերում, որովհետև հրեշի հնարավորությունները գերագնահատելով՝ վախեցած ենք նրանից:
Եվրատեսիլը հերթական անգամ վերհանեց մեր թուլությունը: Դե մենք էն գլխից հարմարվող ձենովօհանական դիվանագիտություն ունենք, միջազգային հանրությունը մեր "պապան ա", վազում ենք ինտեգրվենք, հանկարծ չուշանանք, սրան-նրան ինտեգրվելու հարցում բարեփոխվում ենք գերազանցիկի ջերմեռանդությամբ, դռներս բաց են ամեն "ֆիրմա ապրանքի" առաջ, աչքներս շողշողալով օտարին օգնում ենք իր գաղափարներով ու տեսակով հաստատվել էստեղ, փոխարենը մեր նմանին մուննաթով ու արհամարհանքով ենք վերաբերվում, մեր տեսակից, ունեցածից, մտածածից ամաչում: Մեզնից փախչում, հողից փախչում, ինքնաոչնչացվում:
Ասել էի՞ր, Արամ ջան, ինչ ես մտածում, մինչև վերջ ասածի՛դ մնայիր: Ես հավատում եմ, որ հայավարի անկեղծ ասածդ հայկական սիրուն ընտանիքի հոր ինքնաբուխ խոսք է եղել, բայց դեռ Եվրոպայում "շուխուր" դուրս չեկած՝ փութացիր գնալ ներողություն խնդրել, և որ ամենավատն է, համոզմո՛ւնքդ ուրացար: Ինձ համար քո պարտությունն այդ օրն էր: Դու շատերի կարծիքով հաղթանակի լավագույն հնարավորություններն ունեիր, գնայի՛ր, կանգնեի՛ր, երգեի՛ր, որպես հոմոֆոբիկ արտահայտության հեղինակ՝ Եվրոպայի կողմից մերժվեի՛ր, ամենավերջին տեղը բռնած, բայց տեսակդ պահած՝ հաղթանակած տո՛ւն գայիր:
Ինգա՛ և Անու՛շ, հավատում եմ, որ մարդու հոգեկան տկարությունը չի եղել ձեր մերժման թիրախում, ու ընդամենը հապճեպորեն արտահայտած հուզումն է եղել ձեր սայթաքումը, ուրեմն՝ ինչու՞ գնացիք "Ազատության" առաջ ասուլիսով մեղա գալու, դեռ հետն էլ, ձեր հանդուրժողականությունն ապացուցելու համար սկսեցիք թյուրիմացաբար թվել էն մեծերին, որ, իբր, արվամոլ են եղել: (Ի դեպ, Կոմիտասի հիշատակին ի պարտք՝ մեկ անգամ էլ նշենք՝ Կոմիտասը հոգեկան շեղումներ չի՛ ունեցել. երբ խորամուխ ես լինում նրա իսկական ողբերգության մեջ, ավելի ես նողկում թուրքական մտքի ստորագույն հնարքներից):
Բերանի ծամոն դարձած ցուցակ կա "հայտնի հոմոների". քույրերը, ցավալիորեն, օգտվեցին այդ ցուցակից: Շեքսպիրի անունը լսեցի: Շեքսպիրի անձը, ինքնությունն անգամ ցայսօր պարզ չէ, ուր մնաց սեռական կողմնորոշումը հայտնի լինի, բայց արվաիգամոլական քարոզչամեքենան նրան էլ է գցել մարդկանց չարախոս, բանսարկու բերանները: Ինչպես ոմն Ռասսել վերջին տարիներին անամոթ փորձ արեց հայ խոշորագույն գրողներից մեկին պիտակավորել որպես արվամոլի:
Սարսռացի, երբ լսեցի Չայկովսկու անունն այդ շարքում: Ողբերգական ճակատագրով այս պարկեշտ ու ժուժկալ մարդը կեղծ օրագրերի միջոցով անցյալ դարի կեսերին մի լիրբ կնոջ (ում նա մերժել էր) բանսարկության զոհ դարձավ ու հաստատուն տեղ գտավ ծիածանագույն հանրության հպարտության ցուցակում: Չայկովսկին... Դուք լսե՞լ եք նրա "Պատարագը"....
Ժողովու՛րդ, մենք պարտվեցինք կոնչիտին: Խոշոր հաշվով: Պատվեցինք չարին: Աներևույթ մեր թշնամուն: Մեր հոգևոր սահմանների վրա: Մեր տեսակն ուրանալով: Մեր ուխտն ուրանալով: Կհիշե՞ք, Մել Գիբսոնի "Քրիստոսի չարչարանքները" ֆիլմում մի հնարք կար, որ կատարյալ դիպուկությամբ էր ընտրված՝ սատանայի, չարի անսեռ լինելը:
Այսօր հերթական անսեռը Եվրոպայի պիղծ-հեթանոս բեմից հայտարարեց՝ մենք անկասելի ենք: Մենք-ով խոսեց: Թիկունքին օրեցօր ավելացող՝ հոգիները սատանային ծախած էլջիբիթի ամբոխը: Հիմա նա դեռ հաղթական դիրք ունի: Ու հավատալու է իր անկասելիությանը: Քանի դեռ մենք հանդուրժող ենք, քանի դեռ պատրաստ ենք ներողություն խնդրել, քանի դեռ միջազգային հանրությունն է մեր "պապան", քանի դեռ զինվոր չենք դարձել՝ մեր տեսակի, առողջ տեսակի պահպանման համար: Մեր ընտանիքների պաշտպանության համար:
Ես մեր զինվորների ցա՛վը տանեմ: Գիտեն՝ թշնամին ով է, ու գիտեն, որ թշնամուն ո՛չ հանդուրժում են, ո՛չ էլ առավել ևս՝ նրանից ներողություն խնդրում: Որ նրանք մեզ պես մտածեին, հիմա "օկուպացված" տարածքները վաղուց վերադարձրել էին, որովհետև միջազգային հանրություն "պապան" էդպես է պահանջում, մինչդեռ, ես նրանց ցա՛վը տանեմ, նրանք իրենց գառ մարմնով առյուծի պես պահում են մեր ազատագրված հողերը: Աստված տա, ընտանիք կազմելիս էլ, երեխա մեծացնելիս ու կրթելիս էլ զինվոր մնան:
Ինքնապաշտպանությունը սրբազան պարտք է, ու առանց զենքի՝ երկաթյա լինի այն, թե հոգևոր, այն դատապարտված է: Քրիստոս մարդու աստվածային նախաստեղծ տեսակը փրկելու եկավ՝ Իր իսկ խոսքով՝ ոչ խաղաղությամբ, այլ՝ սրով, ու մեղքի հանդեպ Նրա անհանդուրժողականությունը հետո Զինվորյալ Եկեղեցու հիմքը դարձավ: Մարդու դեմ չէ քրիստոնյայի կռիվը, այլ մեղքի: Այդ կռիվը հազար անգամ գերադասելի է կոնչիտաների "քարոզած" խաղաղությունից: Այդ տեսակ խաղաղությունը խայծ է, որ կուլ տվեց միջին եվրոպացին, ու հիմա ընտանիքի առողջ մոդելի համար պայքարելու այլևս ոչ ուժ ունի, ոչ հնարավորություններ:
Ու մի վերջին շտրիխ: Ես ուրախ եմ, ու Արամը Եվրատեսիլը չբերեց Հայաստան: Չեմ չարախնդում. սխալ չհասկանաք: Շատերդ չէիք հավատում, չէ՞, որ կոնչիտը կդառնա Եվրոպայի ընտրյալը, իսկ եթե 2015 թվին հանկարծ հայաստանյան Եվրատեսիլում Եվրոպան ընտրեր թուրքին կամ ադրբեջանցու՞ն: Եվրոպային էդպես մի թերագնահատեք: Նա ամեն ինչ անում է հանուն "խաղաղության":
17.05.2014թ.
Անի Մարտիրոսյան
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/702451.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել