Իր անսկզբունքայնությամբ և ապատեղեկատվությամբ ևս մեկ անգամ ինձ զարմացրեց Ահարոն Ադիբեկյանը: Մինչ քարոզարշավը սկսելը ես, Ստեփնաակերտում պատահաբար հանդիպելով Ադիբեկյանին, խնդրել էի լինել ազնիվ և ճիշտ մոտենալ Արցախին: Սակայն այս մարդու մոտ նյութապաշտությունը ավելի մեծ արժեք է, ինչն արտահայտվեց արցախյան կուսակցություններից մեկի պատվերով թվեր նկարելու և իմ մասին ապատեղեկատվություն տարածելու տեսքով: Ինձ համար հատկապես ցնցող էր, որ Ադիբեկյանն իրեն թույլ է տալիս «ԼՂՀ փոքր համայնք» ադրբեջանական ձևակերպումը:

Միևնույն ժամանակ ծիծաղելի են Ադիբեկյանի մոտեցումներն Արցախում ընդդիմության դերի վերաբերյալ: Դա ավելի շուտ հիշեցնում է ավտորիտար ռեժիմների փաստաբանների ծիծաղելի փաստարկները, ինչը խիստ վտանգավոր է Արցախի ապագայի համար:
Արցախի ժողովուրդը միշտ էլ եղել է միաբան Արցախի հարցի շուրջ և եթե Աստված մի արասցե պատերազմ սկսի, նորից նույն ժողովուրդը միահամուռ ուժերով կպաշտպանի իր երկիրը Արցախը համայնք տեսնել ցանկացողներից: Անընդունելի է, երբ այդ նույն ժողովրդի ճակատագրի մասին տարիներ շարունակ բանակցություններ են վարվում և այդ նույն ժողովուրդը անտեղյակ է դրանից: Հենց սրան հակազդելու համար է պետք ընդդիմությունը կամ իշխանությունների այլընտրանքը: Արցախի ժողովուրդը այսօր և այսուհետ պետք է լինի ըմբոստ` հանուն իր իրավունքների պաշտպանության և արդյունավետ պետության ստեղծման:
Մեջբերում իմ ելույթից, որն Ադիբեկյանի կողմից ապակողմնորոշիչ մեկնաբանման էր արժանացել: «Ես խոստանում եմ ձեզ, որ լինելու եմ բոլորիդ նախագահը և որևէ մեկն իր արած ընտրության կամ քաղաքական հայացքների համար չի հետապնդվելու: Իմ առաջին քայլը ընտրությունների պատճառով թիմերի բաժանված ժողովրդին միավորելը և արարիչ աշխատանքի մղելն է լինելու»:
Ինչ վերաբերվում է ՊՆ արտագնա կոլեգիայի նիստի արձանագրություններին, որոնց հրապարակումը ըստ Ադիբեկյանի, ինձ ցմահ կվարկաբեկին, խնդրում եմ Ադիբեկյանին և նրան վճարողներին հրապարակել այդ արձանագրությունները: Եթե ոչ, ապա Արցախի մասին ադրբեջանական մոտեցումները կիսող Ադիբեկյանին ստիպված եմ խղճուկ զրպարտիչ համարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել