Մայիսի 17-ին «Դինամո» մարզադահլիճում կայացավ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի և Վրաստանի հավաքական թիմի ընկերական հանդիպումը: 6 քաշային կարգերում կայացավ 8 մենամարտ, որոնք բոլորն էլ անցան հայ մարզիկների նկատելի առավելությամբ: Ընդհանուր առմամբ 8 մենամարտից 7-ում հաղթեցին մեր մարզիկները, իսկ մեկ մենամարտում գրանցվեց մարտական ոչ-ոքի: 56 կգ քաշային կարգում հանդես եկող Հենրիկ Մոքոյանն ու Գառնիկ Հարությունյանը վստահ հաղթանակներ տոնեցին Վրաստանը ներկայացնող հայազգի Արմեն Գրիգորյանի և Արթուր Մովսիսյանի նկատմամբ: 60 կգ քաշային կարգում Արամ Ավագյանը պարտության մատնեց Լևան Կաչարավային, իսկ 64 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Բաչկովը առավելության հասավ Գիգա Խուպենիայի նկատմամբ: 69 կգ քաշային կարգում Արման Դարչինյանի և Լաշա Գրիգլյանի մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվեց Դարչինյանին: Նույն քաշային կարգում Վլադիմիր Մարգարյանը առավելության հասավ Սանդրո Ջաջանիձեի նկատմամբ: 75 կգ քաշային կարգում տպավորիչ հաղթանակ տոնեց Արման Հովհիկյանը, իսկ 81 կգ քաշային կարգում Տիգրան Արմենակյանի և Յագո Կիզիրյայի մենամարտում գրանցվեց մարտական ոչ- ոքի: 
Մրցումների ընթացքում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ծննդյան 70 ամյակի կապակցությամբ ֆեդերացիայի բարձրագույն պարգևով՝ ոսկե մեդալով, պարգևատրեց Օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ, սպորտի վաստակավոր գործիչ և մարզիչ Դերենիկ Գաբրիելյանին: Ծննդյան 60-ամյակի կապակցությամբ նույն պարգևով պարգևատրվեց Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, սպորտի վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել