Այսօր Լոնդոնում մեկնարկում են օլիմպիական խաղերը: Հայաստանից 25 մարզիկ է մասնակցելու: Ես նրանց բոլորին հաջողություն եմ մաղթում և ցանկանում, որ մեդալներով վերադառնան:
Իմ մտքում «Հայաստան» և «օլիմպիադա» բառերը միշտ կապվում են Ալբերտ Ազարյանի անվան հետ: Դա գալիս է իմ մանկությունից․ 1960թ., երբ ես դպրոցական էի Հալեպում, հիշողությանս մեջ դաջվեց այդ անունը՝ որպես հպարտության և ոգեշնչման աղբյուր: Միգուցե ոչ միայն նրա համար, որ Ազարյանը սովորական ոսկե մեդալակիր չէր, այլև իր մարզաձևում նորարարության՝ Ազարյանական խաչի հեղինակը:
Ես չեմ պատկերացնում, թե ինչ տրամադրությամբ պետք է դիտեմ օլիմպիական խաղերի բացումը այսօր երեկոյան, երբ իմ ծննդավայր Հալեպի և սիրելի համայնքի գլխին սև ամպեր են կուտակվել, երբ հակամարտող կողմերը պատրաստվում են ճակատագրական բախման, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ նաև մեր հայրենակիցների համար:
Ինձ համար խիստ զարմանալի է, որ որևէ միջազգային կազմակերպություն, առաջին հերթին՝ ՄԱԿ-ը, կամ որևէ երկիր հանդես չեկավ արդեն դարերով ընդունված օլիմպիական զինադադարի գաղափարով: Ես կարծում եմ, որ սա լավ հնարավորություն կարող էր լինել Սիրիայում հակամարտող երկու կողմերին զինադադար պարտադրել և այս երկու շաբաթվա խաղերի ընթացքում փորձել հասնել հարցի դիվանագիտական այնպիսի կարգավորման, որը կբավարարեր և՛ ընդդիմության, և՛ իշխանությունների ընդհանրական պահանջները:
Սիրիայում այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ իշխանություններն այնքան ուժեղ չեն, որ կարողանան վերացնել ընդդիմությանը և այնքան թույլ չեն, որ իրենց վերացնեն: Սա նշանակում է, որ հակամարտությունը դեռ երկար կարող է շարունակվել և հյուծել երկիրը:
Միգուցե որպես շահագրգիռ կողմ Հայաստանը առաջարկեր այդ օլիմպիական զինադադարի գաղափարը: Կարծում եմ՝ դեռ ուշ չէ...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/VartanOskanian/posts/470918709585991
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել