Եթե ընդունենք մեր «ավանդապաշտների» «համոզմունքները», ապա ոչ միայն պիտի հրաժարվենք միջինը մոտ 4500 տարվա հայոց պատմությունից, այլև պիտի սրբագրենք վերջին 1700 տարվա պատմությունը: «Եվրոպական արժեքներ» հասկացությունը այնքան ծավալուն ու բովանդակալից է, որ կփորձեմ ներկայացնել ընդամենը հինգ փաստ, որոնք հայոց պատմության անբաժանելի մասն են կազմում:
1. Նախևառաջ սկսենք նրանից, որ Հայաստանի «եվրոպականացման» գործընթացը սկսել է դեռևս Տիգրան Մեծը` մ.թ.ա. 1-ին դարում: Նրա գլխավոր ծրագիրը եղել է Հայաստանում հելլենիզմի` հունականության տարածումը: Այդ նպատակով է կառուցվել նաև մայրաքաղաք Տրգրանակերտը: Տվյալ փաստը «եվրոպական արժեք» է այնքանով, որ եթե ներկայումս ինչ-որ մեկը հայտարարի, որ հայ ժողովուրդը օտարածին «ծրագրերով» պիտի սկսի իր կենցաղը լրացնել, ապա տվյալ անձը կարժանանա, մեղմ ասած, ազգի դավաճան պիտակավորմանը:
Իմիջիայլոց, ակադեմիկոս Հ. Մանանդյանը հելլենիզմի տարածման ծրագիրը մեկնաբանել է որպես «նահապետական հայ կենցաղի» առաջադիմությունը ապահովելու ծրագիր:
2. Նախաքրիստոնեական շրջանում ամուսնության համար շեմ է համարվել տղամարդկանց համար` 14, աղջիկների համար` 12 տարեկանը: Միջնադարում տղամարդկանց համար` 15, աղջիկների՝ 14 (որոշ դեպքերում՝ 10-12) տարեկանը, որը և պահպանվել է մինչև 20-րդ դարի սկիզբը:
Հիմա եթե մեկը փորձի 18-20 տարեկանից ցածր հասակում ամուսանանալ, դա ոչ միայն կբնութագրվի որպես հայ «ավանդույթների» ոտնահարում, այլև «եվրոպական այլասերվածության» վարակ:
3. Նույն կերպ կմեկնաբանվի նաև հայ-այլազգի ամուսնական կապը: Առավել ևս, երբ իգական սեռի ներկայացուցիչը կլինի հայը:
Սակայն նման տիպի ամուսնությունները թե մթա, թե մթհ, թե միջնադարում ոչ միայն մերժելի չեն եղել, այլև ձևավորված ավանդույթ են եղել: Հիշենք ընդամենը հայ թագավորական ու նախարարական տոհմերի ներկայացուցիչների բազմատեսակ ամուսնական կապերը այլազգիների հետ:
4. Տիգրան Մեծի թոռան` Տիգրան Գ-ի զավակները` Տիգրան Դ-ն ու Էրատո թագուհին ամուսնացած են եղել իրար հետ: Ավելին` ինցեստը այդ ժամանակաշրջանում ոչ միայն կրոնով արգելված չէր, այլև հատուկ օրենքներով թույլատրված էր: Սակայն հայկական դասագրքերում ու հանրագիտարաններում ԻՆՑԵՍՏԻ տվյալ փաստը մեծամասամբ ուղղակի «անուշադրության» ա մատնված, ու նրանց գահակալումը մեկնաբaնված ա զուտ որպես աթոռակից գահակալներ:
5. Հայ Երվանդունիների տոհմի ներկայացուցիչ Հիդարնես Բ-ի մասին արձանագրություն է գտնվել Արմավիրում, որտեղ բառացիորեն գրված է, որ նա` Հիդարնեսը, ուներ ԿԻՆ դառնալու արտաքին հատկանիշներ, և որ նա այդ հատկանիշներով փորձում էր պահպանել իր տոհմի ազնվականությունը։
Այսինքն, եթե այդ դարաշրջանում մարդկությունը օգտագործեր «ՏՐԱՆՍՎԻՍՏԻՏ» տերմինը, ապա այդ արձանագրության մեջ տվյալ թագավորը հենց այդ տերմինով էլ մեկնաբանվելու էր: Իմիջիայլոց, տվյալ արձանգրության անգլերեն մեկնաբանությունում Հիդարնեսին ոչ թե որպես տղա են ներկայացնում, այլ` աղջիկ (She must have perfect looks...):
Հ.Գ. Վստահ եմ, շատերը էսքանից հետո ասելու են` «ի՞նչ կարևոր ա, թե տվյալ ժամանակաշրջաններում ի՞նչ «երևույթներ» են տարածված եղել կամ «նորմալ» համարվել, մենք կոնկրետ ներկայումս ենք մերժում դրանք»: Լավ, բա եթե կարևոր չի պատմական ընթացքը, բա էլ ե՞րբ ա ձևավորվել «ավանդույթ» ասվածը, ու այդ ո՞ր «ավանդույթներից» ելնելով եք «մերժում» տվյալ «երևույթները»: