Մեր պապերը դարեր շարունակ երազել էին ազատ ու անկախ Հայրենիք ունենալու մասին: Այսօր մեր հերոսների շնորհիվ մենք ունենք մեր երկիրը, մեր անկախությունն ու ինքնուրույնությունը: Բայց մեր պապերը հաստատ չէին ուզենա ունենալ այսօրվա անկախ Հայաստանի նման երկիր, որտեղ մարդիկ ոչ թե ապրում ` այլ գոյատևում են: Մեր հերոսները չէին ուզենա, որ իրենց արյան գնով ձեռք բերած Մայր հողը վաճառվեր ում պատահի: Երբեմնի հզոր երկրի հեռավոր գյուղերն ու բնակավայրերը դատարկվում են, մարդիկ գնում են ուր պատահի, միայն թե ապրելու հնարավորություն ունենան: Մեր երկրում աշխատող մարդկանց վճարում են ստրուկին վայել աշխատավարձ,ամբողջ կյանքն պետության համար աշխատած թոշակառուներին ապրելու համար այսօր տալիս են ողորմելի գումար,մարդիկ ապրում են պարտքերով և վարկերի ու տոկոսների մեջ խեղդված: Եթե այսքան գումար ստանային մեր պաշտոնյաները տեսնես քանի՞ օր կկարողանային դիմանալ: Ուժեղ ազգ ենք, որ դիմացել ու շարունակում ենք դիմանալ այս ստորաքարշ կյանքին: Մենք սիրում ենք մեր երկիրը, մեր հողն ու ջուրը, ինչու ՞ եք ստեղծում այնպիսի իրավիճակ, որ թողնենք ու հեռանանք մեր երկրից, ո՞ւմ եք խոստացել այս մի բուռ հողը: Ախր օտար երկրում Հայրեններ չկան, ախր օտար ափերում Հորովել չկա, ախր օտար հողերում իմ տունը չկա: Առանց այն էլ գնում ու գնում են, ուր պատահի գնում են, լավ թե վատ ապրում են, բայց կարոտում են: Հասկանում ե՞ք ինչ բան է կարոտը: Դա այն է, երբ ապրում են օտար հողում և երկար տարիներ հարազատին տեսնելու հնարավորություն չեն ունենում, երբ ծնողը մահանում է ու զավակները չեն կարողանում հեռուներից գալ ու թաղել իրենց ծնած ու սնած մարդկանց, երբ հարազատ քույրերի ու եղբայրնեի երեխաները իրար չեն ճանաչում,երբ զանգահարում են ու խոսելու փոխարեն միայն լացում են ու արտասվում: Այսպիսի Հայաստան էին ուզում ՞ մեր պապերը: Մի քանի մեծահարուստների շքեղ առանձնատները ու ավտոմեքենաները <ցուցադրելը> դեռ չի նշանակում, որ բոլորն են լավ ապրում: Մեր երկրում միջին խավ գոյություն չունի, 10%-ը ապրում է շքեղ, հարուստի կյանքով, իսկ 90%-ը աղքատ է և հազիվ հասցնում է մտածել օրվա հացը հայթհայթելու մասին: Ամեն ինչ թանկանում է ու թանկանում: Ինչպես կարող է 32500 դրամ աշխատավարձ ստացող մարդը 12000 դրամ վճարի մեկ պարկ ալյուրի համար ու դեռ մի ամիս էլ ապրի: Հետո էլ ասում եք ամուսնացեք ,երեխաներ ունեցեք, ինչի ՞ համար. որ անմեղ փոքրիկներն էլ՞ անպայման <վայելեն> աղքատության դառը համը: Ինչու՞ ենք որպես պետություն անընդհատ մուրացկանություն անում, ո՞ւր են գնում այդ գումարները, ե՞րբ երկրի վիճակը ծայրահեղ վատացել է: Հեռավոր շատ գյուղերի ճանապարհները անանցանելի են, ջուր և աշխատատեղ չկա, դե ասացեք խնդրեմ, ինչպե՞ ս ապրեն մարդիկ: Բոլորն ապրում են հիասթափված , մտախոհ, տխուր և յուրաքանչյուր մեռնողին երանի են տալիս, որ այս չարքաշ կյանքից հեռացավ: Ասում են նավթ ու գազ չունենք , որ լավ ապրենք, իսկ էլեկտրաէներգիան էլ արտադրվում է մեր երկրում, դե մի թանկացրեք, օտարներին ավելի էժան էք վաճառում, իսկ մեր ժողովրդին` շատ թանկ, ինչի՞ համար, որ չհամարձակվե՞ ն ձմռանը օգտագործեն ու տաքանան՞:Ինչու եք խեղդում ապրուստի միջոց հայթայթող ու մի քանի կոպեկ աշխատող մարդկանց, տաքսիստներին ու մի փոքրիկ կրպակ ունեցողներին: Թուրքերը չկարողացան բնաջնջել հային, բայց հիմա ինքներս մեզ ենք բնաջնջում ու ստիպում դառնալ պանդուխտ ու թափառական: Մենք չենք ուզում, որ մեր երեխաները ամուսնանան օտարների հետ և մեր թոռնիկները մոռանան հայերենը, մենք չենք ուզում, որ աշխատանքի մեկնած մեր հայրիկները օտար ափերում ստեղծեն ուրիշ ընտանիք ու լքեն իրենց երեխաներին ու կնոջը, հանգիստ թողեք մեզ, սա մեր Հայրենիքն է, մեր հարազատների շիրիմները այստեղ են գտնվում և մենք այստեղից ոչ մի տեղ էլ չենք գնալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել