ArmnewsTV.am-ը գրում է.
Մարտին Բեքերը Հայաստան է եկել չորս տարի առաջ, ֆրանսիական Բորդո քաղաքից, որտեղ հայերը շատ չեն: Բայց Բեքերը շատ հայ ընկերներ ունի, որոնց ձեռք է բերել Սիրիայում և Քեսաբում` ուսուցիչ աշխատելու տարիներին: Մարտին Բեքերի համար Հայաստան գալը ճակատագրական դարձավ: Նա հանդիպեց իր երկրորդ կեսին ու հիմա Երևանից հեռանալ չի ուզում: Նրբաճաշակ ֆրանսիացի ուսուցչին գրավել է Գյումրիի կոլորիտը: Բեքերը շատ է սիրում լեռներն ու հատկապես այնտեղ ծխացող խորովածի կրակը: Ֆրանսիական միջազգային դպրոցում դասավանդում են և հայ, և ֆրանսիացի ուսուցիչներ: Աշակերտները հիմնականում Հայաստանում աշխատող դիվանագետների երեխաներն են: Տնօրենը հիացմունքով խոսեց հատկապես 6-ամյա Թեոդոր Հրիստեայի մասին: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի որդին խոսում է 7 լեզուներով, այդ թվում և հայերեն: Դիվանագետ դառնալը Թեոդորի ծրագրերի մեջ չի մտնում` ֆուտբոլիստ է դառնալու: Մինչև մյուս աշակերտներն էլ կկողմնորոշվեն մասնագիտական ընտրության հարցում նրանց ֆրանս-ճապոնացի ուսուցչուհին հետաքրքիր զբաղմունք է գտել: Հելենը երեխաներին սովորեցնում է հող մշակել: Փոքրիկ բանջարանոցում երեխաներն արդեն բերք ունեն: Երեխաների կրթության յուրօրինակ մեթոդի հեղինակը Հայաստանում է արդեն մի քանի տարի. շրջել է գրեթե ամբողջ աշխարհը, բայց որոշել է հաստատվել այստեղ: Ասում է` շատ ապահով է. օրվա ցանկացած ժամի կարող է դուրս գալ փողոց, շրջել ու չանհանգստանալ:
Հելենը շատ հայ ընկերներ և աշակերտներ ունի: Իր գլխավոր հպարտությունն էլ համարում է միջազգային դպրոցի մանկապարտեզի երեխաների երգչախումբը:
Ֆրանսիայի միջազգային դպրոցից բացի, Հայաստանում գործում է նաև ֆրանսիական լիցեյը, դեռ խորհրդային տարիներից մեծ համաբավ վայելող ֆրանսիական թեքումով հանրակրթական 2 դպրոցներն ու ֆրանսիական համալսարանը: Երկու երկրների մշակութային ու քաղաքական երկխոսությունը կայուն հիմք է նաև տնտեսական գործակցության համար:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



