Մեր հասարակության հոգեբանական ներքին շերտերում վերջին շրջանում ձևավորվում կամ արդեն իսկ իր անփառունակ գոյության մասին իմաց է տալիս, ըստ իս, վտանգավոր մի միտում: Խոսքս այն մասին է, որ շատերը, թևաթափ եղած, ներշնչում են իրենց, որ ապրում են հարկադրված և պարտադրված, պարզապես իրենց կամքից անկախ լույս աշխարհ են եկել, որպեսզի միայն տանջվեն ու տառապեն, այլ ոչ թե ապրեն՝ աշխատեն, արարեն, ստեղծեն և վայելեն կյանքը: Անլիարժեքության բարդույթի նման դրսևորումը հղի է խորը հիասթափության, սեփական ուժերի և կարողությունների նկատմամբ անվստահության և, մեծ առումով, ամեն ինչի և ամեն ոքի, ի մասնավորի, սեփական անձի հանդեպ անտարբերության դրսևորումներով: Հասկանալով մեր հասարակական գիտակցության և ընկալումների մեջ, ավաղ, հաղթանակող արժեզրկման և արժեհամակարգերի ողբերգական ճգնաժամի հաղթարշավի առայժմ անկասելիության փաստը, այնուամենայնիվ, համոզված եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի իր կարևորությունն այս կյանքում, արժևորի իրեն՝ անկախ հասարակության և «վերադաս մարմինների» վերաբերմունքից և կենտրոնացնի ուժերը՝ պայքարելու այն համոզմամբ, որ ինքը կոչված է պիտանի և օգտակար լինելու իր շրջապատին, ժողովրդին և հայրենիքին, և այդպիսի առիթ Տիեզերական անսահմանության մեջ մարդուն տրվում է մեկ անգամ, իսկ ձեռնունայն ու թուլակամ գերվելը բախտի քմահաճույքին՝ հավասարազոր է անզորությունից սերող ինքնասպանության: Իսկ կյանքը տոն է և աստվածային պարգև, հանուն որի՝ պետք է պայքարես, որքան էլ գորշ ու մռայլ, որքան էլ անարդար և անբարո լինեն ժամանակները և նրանց հեղինակներն ու դերակատարները... Որքան էլ դժվար և տաժանակիր լինի՝ արժանապատիվ, պինդ և ըմբոստ եղիր,ասա քո ճշմարիտ խոսքը և բարության ու լավատեսության սերմեր ցանիր քո հետագծին՝ հանուն վաղվա սերունդների...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել