arm1395899230651in.am-ը գրում է.

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվեցին ոռոգման շրջանի ընթացքի և Սևանա լճից ջրառի իրականացման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներ և ոռոգման համակարգի կազմակերպությունների ղեկավարներ:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ ոչ բարենպաստ եղանակով պայմանավորված՝ այս տարի Սևանա լճից ջրառն սկսվել է ապրիլի 24-ից, այն դեպքում, երբ նախորդ տարի լճից ջրառն իրականացվել էր միայն հունիսից: Մայիսի 13-ի դրությամբ Սևանա լճից արդեն վերցվել է 35,5 մլն խմ ջուր: Բացի այդ, նախորդ տարվա համեմատ (որը նույնպես ջրառատ չէր) այս տարի գրեթե կրկնակի նվազել է ջրամբարների լցվածության մակարդակը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ փոխվարչապետն ընդգծեց Սևանա լճից վերցվող յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի խիստ նպատակային օգտագործման և ավելագույնս խնայողաբար ջրառի իրականացման անհրաժեշտությունը:

Գյուղացիական տնտեսությունների պահանջարկը բավարարելու հարցում փոխվարչապետը կարևորեց ոռոգման համակարգի ընկերությունների կողմից կազմակերպված աշխատանքների իրականացումը: Խորհրդակցության արդյունքներով Ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարվեց.

Մշտական մոնիթորինգ իրականացնել ջրի խնայողական ռեժիմների պահպանման վերաբերյալ:

Բնակչության շրջանում լայնածավալ իրազեկման աշխատանքներ իրականացնել, և ջրամատակարարման ռեժիմների, ջրապահովման, ջրի պահանջարկի մասին օպերատիվ կարգով տեղեկացնել ջրօգտագործողներին։

Մայիսի 19-ից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ հաղորդագրություն հրապարակել՝ մանրամասն ներկայացնելով գնահատված ջրի պահանջարկը և կոնկերտ աղբյուրներից՝ Սևանա լճից, Հրազդան գետից, ջրամբարներից կատարված ջրառի ծավալը:

Փոխվարչապետն ընդգծել է նաև շահագրգիռ բոլոր մարմինների միջև համակարգված աշխատանքների իրականացման անհրաժեշտությունն ու կարևորեց մայիսի 8-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ կայացած խորհրդակցություն ժամանակ նախանշված բոլոր միջոցառումների՝ ողջ ծավալով կատարումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել