Tert.am-ը գրում է.

Այծը, տղան, էծի տղությունը, դեռ որձ չկտրած տղայի էծությունը, որ մեջքից կողերը ցից էգ է երևում, բայց աչքերով չափ է տալիս քեզ։ Այսպես կինոյի նման, իծաշարուկ գալիս է այս տղան. ես նրան հանդիպել եմ Սիսիանի բրոնզեդարյան հին դամբարանների պատկերաշարում, մեր մոռացված գյուղերի փոշեկոլոլ ճամփեքի վրա, անգամ քաղաքային բաղնիքների ամենակուլ գոլորշիներում թաք կացած, Չարենցի ու Փարաջանովի թաքուն և ափաշքյարա պատկերագրերում։ Ու ամեն տեղ սա բոլորի առաջն ընկած՝ էծ, իրեն սարուքարով է տալիս, որ հետ ընկած հաստաբեստ մարմիններով անասունների վրա մի պուտ արյուն էլ չկաթա, դանդալոշ ծանրաքարշներին փակում է իր մի հատիկ երգեցիկ մարմնով, որի անդամներն արդարության գործիքներ են՝ պիրկ, չծռմռվող, արարչական։ 

Այս մտքերը եկան, երբ ուղիղ մեկ ժամ անընդմեջ նայում էի աշխարհահռչակ դաշնակահար ու կոմպոզիտոր Տիգրան Համասյանի աչքերի խորքը, բայց դա բոլորովին այլ մի զրույց էր, որի մասին ես մի օր անպայման կգրեմ։ Իսկ բարձրաձայնեցինք այսքանը. երևի ամենակարևորին խոսքը չի կարողանում դիպչել, կամ երբ հասավ այդ մեղքին, արդեն երգ է, որ կա։

-Տիգրա՛ն, երբ նայում եմ Ձեր կենսագրությանը, թե ինչպես մի տղա ծայրագավառի իր փոքր արահետից հասավ աշխարհի ծայրը՝ դառնալով հանրահռչակ, միտքս են գալիս հրաշապատում հեքիաթները։ Այս մոտիվով են հենց ժամանակակից առասպելներ հյուսում. "Novus Ordo Seclorum"-նոր կարգ դարերի համար, սա գրեցին չէ՞ ամերիկյան մեկ դոլարանոց թղթադրամի վրա և ամերիկացի երեկվա գաղթականին այն դարձրեց միլիոնատեր ջենտլմեն։ Փաստորեն, Ձեր կենսագրությունն էլ կարող է մեր երիտասարդների համար դառնալ հայկական երազանքի նոր մոդել, Թումանյանն ասում էր. «Հեքիաթը գերագույն արարքն է»։ Եվ ուրեմն ինչպե՞ս հասնել այդ եզերքին։ Ես իսկապես երջանիկ եմ, որ հնարավորություն ունեմ Ձեզ այս հարցը տալ , չէ՞ որ նրա պատասխանը կարող է ջնջել աշխարհի թերևս ամենաողբերգական մի քանի տեսարաններ՝ երիտասարդ մարդկանց հուսահատությունը։


- Մի բան կարող եմ միայն ասել, որ տաղանդավոր մարդիկ չպետք է հուսահատվեն և անպայման կգտնեն իրենց ճանապարհը, պիտի միշտ իմանան, թե ինչն է կարևորը, ինչ են իրենք ուզում: Այստեղ Հայաստանում, ավելի հեշտ են գայթակղվում և հուսահատվում: Ես, օրինակ, շատ վատ տարիներ եմ տեսել Գյումրիում: Հայրս առավոտյան ժամը 6-ին գնում էր, հացի հերթի կանգնում, ու երբ հացը բերում էր տուն, մենք չէինք հասկանում, թե այն ինչից է պատրաստված: Մեր ընտանիքը շատ բարդ օրերի միջով է անցել, բայց երբեք չենք հուսալքվել: Իմ հորեղբորը շատ մարդիկ խելագարի տեղ էին դնում: Բայց նա իր ամբողջ կյանքը նվիրեց ինձ, որովհետև հավատում էր ինձ: Մեզ համար ամենակարևորը չհուսալքվելն է եղել: Պետք է հույս տալ տաղանդավոր մարդկանց: Բացի այդ էլ` ամեն մարդ իր ճանապարհն ունի և անպայման գտնում է այդ ճանապարհը, երբ գնում է, չի հոգնում, աշխատում է, ոչ թե հուսալքվում։


-Ինձ թվում է, վերջին տարիներին Հայաստանում կատարված ամենազազրելի բանը աշխատանքի, աշխատասիրության անկումն է, քամահրանքը, թե հնարավոր չէ աշխատանքով կերտել ու հաստատել քեզ։ Ամերիկան ինձ համար բնավ էլ երազանքների երկիր չէ, բայց այդ երկիրն աշխարհին ցույց է տվել, որ մի կոշկակար կարող է իր աշխատանքով դառնալ միլիոնատեր, ոչինչն ամեն ինչ կդառնա իր աշխատասիրության ու տաղանդի շնորհիվ։ Եթե չեմ սխալվում հենց Ամերիկայում Դուք առաջին տեղը գրավեցիք դաշնակահարների Թելոնիուս Մոնկի անվան մրցույթում: Ձեզ պատվեցին Սպիտակ տանը, անձամբ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը շնորհավորեց Ձեզ, մրցանակ ստացաք Մադլեն Օլբրայթի և Քոլին Փաուելի ձեռքից:


-Ես կարող եմ ամերիկացի հազարավոր տաղանդավոր երաժիշտների թվել: Նրանք այնքան շատ են և այնքան ուժեղ է այնտեղ մրցակցությունը: Պատկերացրեք` նրանք, իրոք, չպետք է քնեն հաջողության հասնելու համար: Բայց ես ուրախ եմ, որ միանգամից ընկա հենց այդ ամերիկյան միջավայրը: Ես միայն այնտեղ հասկացա, թե ինչ եմ ինձնից ներկայացնում: Եվ ո՞վ էի ես այդ միլիոնավոր տաղանդավոր մարդկանց կողքին... Բայց տեսա՞ք` ինչ-որ բան ստացվեց: Այո՛, դժվարություններն անընդհատ են: Բայց պետք է հաղթահարել: Ընդհանրապես, երեխաների հետ պետք է զբաղվել փոքր հասակից։ Ինձնով 3 տարեկանից զբաղվել է հենց իմ հորեղբայրը, որի մասին քիչ առաջ ասում էի, թե ինչպես էին նրան խելագարի տեղ դնում։ Նա ինձ հետևել է, ուղղություններ է տվել, միշտ կողքիս է եղել։ Նա ինձ այնպես է դաստիարակել, որ ես աշխատանքի նկատմամբ վերաբերմունք ունենամ։


-Ես էլ երբեմն ծուլանում եմ և հետո եմ միայն տեսնում, թե որքան բան եմ տանուլ տվել՝ առողջ արժեհամակարգերից մինչև կատաղի արագությամբ փոփոխվող ժամանակի նյարդը։ Բայց, կընդունեք երևի, որ այսօր ցանկացած աստղ բաղկացած է PR-ից։ Եկել է ինքնահռչակների ժամանակը, իսկ խորը, տաղանդավոր մարդիկ, որպես կանոն մի տեսակ ավելի փխրուն գոյություններ են և չեն դիմանում հատուկ էֆեկտների վրա պարազիտացող այս նոր խաղերին։ Տպավորությունների վրա սարքած այս նոր ժամանակը, կարծես հենց վառ, տաղանդավոր մարդկանց դեմ է աշխատում. տաղանդավոր մարդը նոր բովանդակություն, մշակութային նոր հարթակներ է ստեղծում, որը խառնում է բոլորին ու ամեն ինչ համահարթեցնելու իմպերատիվը։


-Այո՛, կա այդ ամենը և ավելի վատ բաներ էլ կան, բայց կապ չունի։ Անհնար է հաջողությունը չգա, չլինի, եթե դու գնում ես իրեն ընդառաջ։ Տարբեր, մեծուփոքր շահագրգռություններ կան՝ գնալ այս կամ այն համերգին, այստեղ-այնտեղ ելույթներ ունենալ, բայց պետք է կարողանալ ճիշտ ընտրել, որը մերժել և որին արձագանքել։ Կյանքը հենց ընտրություն է, ովքեր կարողանում եմ ճիշտ ընտրել, նրանք էլ ունենում են հաջողություններ։ Եթե կա տաղանդ, ապա նախ պետք է այն հայտնաբերել, ապա՝ զարգացնել։ Հակառակ դեպքում, այդ տաղանդը մի քանի տարի հետո կարող է էլ տաղանդ չլինել։ Տաղանդն ու աշխատասիրությունը միշտ իրար հետ պիտի լինեն։ Եթե տաղանդավոր մարդն անընդհատ աշխատում է, նա ստեղծում է արժեքներ, ինչ կարող ես անել դրա դեմ։


- Այնուամենայնիվ, ժամանակակից մարդու համար ջազը գնալով վերածվում է ինտելեկտի հետ կոշտ, տրավմատիկ շփվող նյութի, որովհետև այսօր մարդիկ առանձնապես հակված չեն ընդունել ինտելեկտուալ ծանր հոսքեր։ Երևի մտածում են` իրենց ծանրամարս կյանքն իրենց հերիք է և ձգտում են ավելի թեթև մեղեդիների, որոնք իրենցից մտքի աշխատանք չեն պահանջում։ Կիսո՞ւմ եք իմ այս տեսակետը, արդյոք ջազի բումը մնաց անցյալում։


-Երևի, այսօր, համենայն դեպս, չես կարող երազել 200 հազար մարդու համար համերգ տալու մասին: Բայց ես երբեք էլ չեմ մտածում դրան հասնելու մասին: Ինձ համար գլխավորը հավատարիմ մնալն է այն երաժշտությանը, որը ես սիրում եմ և ուզում եմ հասնել դրան: Իսկ թե որքան մարդ ինձ կհասկանա, դա արդեն կարևոր չէ: Իհարկե, շատ խոչընդոտներ կան, որովհետև փորձում են արժեզրկել լավ երաժշտությունը: Տեսեք նախկինում ոնց էր` մարդիկ լսում էին երաժշտություն, երբ ցանկանում էին լսել այդ երաժշտությունը, իրենք էին ընտրում: Բայց այսօր ամենուր, ամեն տեղ երաժշտություն է, և դու չես ընտրում երաժշտությունը։ Եվ դրա համար էլ արժեզրկվում է այն, դառնում է սիգարետ ծխելու պես մի բան:


-Այո...շնորհակալություն, երբևէ չէի մտածել։ Իսկ ձայնային քաոսն, այո՛, կարող է ճեղքել մարդու միտքը, զոմբիացնել նրան։ Իզուր չէ, որ նեյրոտեխնոլոգիաները կոդավորված ձայների միջոցով կարողանում են մարդուց խլել իր բանականությունը։Իսկական աղետ է, երբ մարդն անգամ իր ականջների տերը չէ այլևս։


-Այո՛, երաժշտությունը շատ ազդեցիկ բան է, և մարդն առանց գիտակցելու կարող է տրվել նրան, անգամ` վնասվել վատ երաժշտությունից: Երբ ես, օրինակ, մի տեղ նստում եմ, խնդրում եմ, որ անպայման ցածրացնեն երաժշտությունը, չէ որ ես չեմ ընտրել այդ երաժշտությունը և չեմ ուզում, որ այն ինձ պարտադրվի։


-Դե ասվում է, չէ՞, որ մարդկության առջև կանգնած այսօրվա ամենամեծ խնդիրը հենց ինֆորմացիայի ահռելի քանակի անկառավարելիությունն է, այն մարսելու անհնարինությունը, որը մարդուն ոչ թե ավելի ուժեղ է դարձնում, այլ հակառակը՝ ավելի ու ավելի անպաշտպան, որովհետև նա չի կարող այդ ահռելի հոսքերը իմաստավորել։ Ահա, Ձեր գործերում նույնպես երաժշտական ինֆորմացիոն հոսքերի ահռելի բազմազանություն կա, տասնյակ ոճեր միաժամանակ ՝ դասական, ջազ, ֆոլկ , բիբոպ, թրեշ մետալ, դաբստեպ... Այդ բազմազանությունը պիտի որ չներվեր դրսում, հանդիսատեսն այսօր ոճային կազմակերպվածություն է կարծես պահանջում։ Այդպես չէ՞։


-Դրսում ավելի շատ է ներվում, քան, օրինակ, այստեղ։ Բայց ինձ համար չկա էլ դրսի ու ներսի խնդիր։ Ես ստեղծում եմ մի երաժշտություն, որը իմ երաժշտությունն է։ Ես չեմ խորանում՝ կսիրեն, չեն սիրի։ Սիրեն-չսիրեն մեկ է՝ ես դա եմ անելու։ Ես այդպես եմ մտածում։ Ինձ համար կան կոնկրետ ծրագրեր։ Ես այդպես եմ իմ երաժշտական մտքերը շարադրում։ Ռեպերտուարի ընտրությունն էլ այդ ոճի մեջ է կատարվում, ընդ որում, ես ոճերը ոչ թե հակադրում եմ, այլ՝ համադրում, սակայն իդեան մեկն է։


-Տիգրա՛ն, Դուք ի՞նչ նոր բան գտաք հայկական ազգային երգերում։ Ո՞վ է հայ երգը, ի՞նչ բնավորություն ունի, ի՞նչ տղա է, օրինակ, վերջին շրջանում նրան այնպես նվնվացրին ու կլկլացրին, որ նրանից կարծես մի լալկան, ձայնը փորն ընկած սգվոր պառավ ստացան։ Նոր, չտեսնված, չլսված տող, փիլիսոփայություն, անատոմիա՝ գտա՞ք հայ երգի խորքում։


-Ես անընդհատ ուսումնասիրում եմ մեր ֆոլկլորը։ Եվ այնպես չէ, որ հիմա ես մի երկու խոսքով կարող եմ ասել, թե ինչ է ինձ համար մեր հայկական ժողովրդական երաժշտությունը ու ինչ թաքնված շերտեր ու փիլիսոփայություն ունի։ Այն այնքան խորն է, այնքան երկնային երաժշտություն է, որը հնարավոր չէ բառերով ձևակերպել։ Անհնարին է խոսքով հաղթահարելը, ընդհանրապես երաժշտության մասին խոսելն է անհնարին, անգամ՝ անիմաստ։ Մի լավ ժողովրդական երգ լսելուց հետո քո բոլոր էմոցիաները զարթնում են, իսկական հայ երգը հենց դա է անում լսողի հետ։ Եթե մեկին էլ չի արթնացնում, ուրեմն այդ մարդու երակներում հայի արյուն քիչ է պարունակում։


- Օրինակ՝ առանձին բանագետներ գրել են, որ մեր հորովելների կառուցվածքում հայհոյանքի տարր է եղել, երբ կանայք հաց են բերել, նրանց հետևից մի քանի տող «նխշել են» իրենց կարոտած տղամարդիկ, բայց արի ու տես, որ թեման կախ է մինչ օրս...մարդիկ էլ ամաչում են և երգելիս թռնում, լոք են տալիս սրա վրայով։


-Այդ մասին չգիտեմ, անկեղծ ասած։


-Ես էլ միայն վերջերս սա իմացա ու ահագին բարկացա, որովհետև պարզվում է մեր երգն այդքան էլ ամոթխած չէ, որքան մենք են ձևանում։ Ենթադրվում է, որ մեր երգը պետք է մեզ նման լիներ, կամ ավելի ճիշտ՝ մենք նրան։ Նմա՞ն ենք իրար, մեր այսօրվա կերպարը, մեր ապրելու ռիթմերը, զգացմունքների խաղը ներդաշնա՞կ է մեր երգին, թե՞ նրանից անդառնալի հեռացել ենք։


-Այո՛, իհարկե, նման է, քանի որ ֆոլկլորը հենց կորիզն է հայ երգի։ Իհարկե, այդ կորիզը ժամանակների ընթացքում փոփոխվել է, բայց միևնույն ժամանակ պահպանվել ու զարգացել է։ Պարզապես, հիմա պետք է այնքան խորանալ, այնքան լսել ճիշտ հայկական երաժշտություն, որ նորից հասնենք մեր կորիզին, հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում այդ կորիզը, քանի որ շատ խեղաթյուրված պատկերացում կա նրա մասին։


-Ինձ թվում է, երբեք այսքան բուռն հետաքրքրություն չի եղել ազգային երգերի հանդեպ. աշխարհն այսօր քաղաքակրթությունների փոխազդեցության մի հրաշալի ժամանակաշրջան է ապրում. հիշեցի Կոմիտասի այն միտքը, թե միայն անասունները չեն փոխում իրենց արտասանած հնչյուններն ու ելևէջները, մարդկային երգը անընդհատ փոխազդեցությունների է ենթարկվում։ Այսօր աշխարհը բռնկված է արդիականացման տենդով, բայց նույն երաժշտությունը կարծես ավելի է հակվել դեպի տարբեր ժողովուրդների ազգային երգը և սնվում է հիմնականում դրանից։ Այսպես առա՞ջ ենք գնում, թե՞ ետ։


- Դրսին շատ հետաքրքիր է մեր ազգային երգը, իրենց համար դա համարյա էկզոտիկ երաժշտություն է։ Ժամանակակիցը կամ արդիականը, իմ կարծիքով, դրանք հենց կոնցեպտներն ու նոր գաղափարներն են, ավելի շուտ` գաղափարների հետ աշխատող պրոցեսները, որովհետև նույն գաղափարները 300 տարի առաջ էլ են եղել, բայց նոր մթնոլորտում այն բնութագրվում է բոլորովին այլ կերպ, քանի որ նոր տեխնոլոգիաները զարգանում են լայն թափով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել