1in.am-ը գրում է.
Հարավային Սուդանի հարցով միջազգային տրիբունալը կկարողանար գտնել և պատժել խաղաղ բնակիչների նկատմամբ հանցագործությունների մեղավորներին՝ ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմադիրների շարքերում: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ փոխանցում է Ria Novosti-ն:
«Հարավային Սուդանում մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի առաքելության կատարած հետաքննությունը լուրջ հիմքեր է տվել ենթադրելու, որ երկու կողմերն էլ զանգվածային հանցանքներ են գործել»,- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ-երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Պան Գի Մունը:
Նրա խոսքով՝ հենց այս պատճառով է ինքն Անվտանգության խորհրդին խնդրել քննարկել միասնական հաստատության կամ միջազգային տրիբունալի ձևավորման հարցը: Պան Գի Մունն Անվտանգության խորհրդին տեղեկացրել է Հարավային Սուդան իր վերջերս կատարած այցի և նախագահ Սալվա Քիիրի ու ընդդիմադիրների ղեկավար Ռիեկ Մաշարի հետ խոսակցությունների մասին:
«Իմ ուղերձը նախագահ Սալվա Քիիրին և նրանց երկուսի համար պարզ ու լսելի էր. մենք հանցագործություններ ենք բացահայտել երկու կողմից, ուստի դուք պետք է դադադրեցնեք սա կամ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,- լրագրողներին ասել է Պան Գի Մունը:
Հարավային Սուդանում բախումները սկսվել են 2013-ի դեկտեմբերի կեսին՝ դինկա ժողովրդի (նրանցից է նախագահ Սալվա Կիիրը) և նախկին փոխնախագահ Ռիեկ Մաշար Տենիի նուեր ցեղի ներկայացուցիչների միջև: Հակամարտության հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել: