Ժակն ու Շիրակը և փոքրիկ Սարկոզին. Ֆրանսիայի նախագահներն ու նրանց հայ անվանակիցներըArmnewsTV.am-ը գրում է.

13-ամյա Ժակը տեխնոլոգիայի ժամին շախմատի քարեր է պատրաստում, եղբայրը` Շիրակն արդեն տուն է գնացել: Երկվորյակներ Ժակին ու Շիրակին Չարբախի 99-րդ դպրոցում բոլորը գիտեն: Նրանք Ֆրանսիայի նախկին նախագահի անունն են կրում: Վարպետ Վաչիկը գոհ է հատկապես Ժակից, ասում է` դասարանում առանձնանում է, ուշիմ աշակերտ է:

Նախապես որոշված` Միքայելի ու Սամվելի փոխարեն` Ժակ ու Շիրակ: 2001-ի հունվարին, երբ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը, Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղի բնակիչ Վարդան Օհանյանն իր շնորհակալությունն արտահայտեց երկվորյակ զավակներին Ժակ ու Շիրակ անվանակոչելով: Կնոջ` Աննա Կիրակոսյանի համար ամուսնու նախաձեռնությունն անակնկալ էր: Հիվանդանոցում հեռուստացույցով լսել էր, որ Հայաստանում ի պատիվ Ֆրանսիայի նախագահի նորածին երկվորյակներին Ժակ ու Շիրակ էին անվանել: Չգիտեր, որ խոսքը հենց իր փոքրիկների մասին է:

Վարդան Օհանյանն այսօր դժվարությամբ է պատմում այն ոգեւորության մասին, որ ապրեց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման լուրն իմանալուց հետո: Ասում է` խոսքերով դժվար է:

Ժակն ավագն է, 10-ը րոպե մեծ է Շիրակից: Խելացի ու կարգապահ Ժակը «Թումո» է հաճախում, սիրում է նկարել ու երազում է նախագծող դառնալ: Շիրակն ավելի աշխույժ է, սպորտով է զբաղվում ու արդեն հաջողություններ է գրանցել: Հպարտությամբ ցույց է տալիս Սամբոյի մանկապատանեկան մրցաշարում ստացած մեդալներն ու պատվոգրերը: Երեխաները գիտեն` ում անունն են կրում: Ծնողները հպարտանում են զավակներով, ասում` նրանց շնորհիվ բոլորն են ճանաչում իրենց:

Օհանյանները տարիներ առաջ տեղափոխվեցին Երեւան: Սկզբում դժվար էր, ընտանիքն ապրում էր վագոն տնակում, հետո վարձակալած բնակարանում: Օհանյանների վեց հոգանոց ընտանիքը Ներքին Չարբախում իր տունն է կառուցել: Ժակ Օհանյանը համակարգչով իր երազանքների տունն է նախագծում` հոր ստեղծածը անպայման վերակառուցելու ու ավելի է ընդարձակելու:

2012-ի հունվարի 25-ին Գյումրիի ծննդատանը փոքրի Սարկոզին ծնվեց: Ժակի ու Շիրակի ծնողների նման Սարկոզիի հայրն էլ իր ոգեւորությունն այսպես արտահայտեց, երբ տեղեկացավ, որ Ֆրանսիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Նառա Քոչարյանը դեմ չէր առաջնեկին բարեկամ երկրի նախագահի անունով կոչելուն: Շիրակի մարզի Ախորիկ գյուղում ապրող Սարկոզին արդեն 2.5 տարեկան է: Աշխույժ երեխա է, հեռուստացույց է նայում, խաղում ու վազվզում է: Սարկոզի անունը լսելիս, միանգամից արձագանքում է, բայց դեռ չգիտի իր անվան պատմությունը: Հավանաբար հայրը կպատմի, երբ վերադառնա Ռուսաստանից` արտագնա աշխատանքից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել