_F8W14011in.am-ը գրում է.

Մի քանի օր առաջ Վարդան Պետրոսյանի կինը նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին և ներկայացրել գործի մանրամասները: Այս մասին«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը, երբ մենք հետաքրքրվեցինք, թե Օլանդի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում որևէ նամակ-միջնորդություն ուղղելո՞ւ են Օլանդին, թե՞ ոչ:

Տիկին Պետրոսյանն ասաց նաև, որ այս օրերին Վարդան Պետրոսյանի գործը ակտիվորեն լուսաբանվում է ֆրանսիական լրատվամիջոցներով՝ ֆրանսիական հեռուստաալիքներով, թերթերով և ռադիոկայաններից մեկով:

Նշենք, որ Վարդան Պետրոսյանի գործին իր զեկույցում անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը: Զեկույցում անդրադարձ է կատարվել գործով քննիչ Հակոբյանի գործողություններին՝ մասնավորապես, որ անարձագանք և անհետևանք են մնացել Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բարձրաձայնած այն խնդրահարույց գործողությունները, որոնք թույլ են տրվել քննիչի կողմից: Օրինակ՝ որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ Վարդան Պետրոսյանի ցուցմունքի չարձանագրվելը, փորձագիտական եզրակացություններին Վարդան Պետրոսյանին չծանոթացնելը, թեև վերջինս պահանջել է իրեն ծանոթացնել եզրակացություններին, քննչական և դատավարական գործողությունները (հարցաքննություն և որպես մեղադրյալ ներգրավում) առանց փաստաբանի մասնակցության կատարելը, մինչդեռ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդության որոշման մեջ նշվել է, թե Վարդան Պետրոսյանը հրաժարվել է ցուցմունք տալ և որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը ստանալ»,- ասված է զեկույցում:

«Պաշտպանի աշխատակազմի իրականացրած վերլուծությունը թույլ էր տվել եզրակացնելու, որ քննիչի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հանցակազմի տարրերն այնքանով, որքանով քրեական իրավունքի տեսությունը հնարավորություն է տալիս հանգելու նման եզրակացության, բայց, այդուհանդերձ, նրա արարքների վերջնական գնահատական կարող է տալ միայն համապատասխան մարմինը և միայն համապատասխան գործողություններ կատարելուց հետո»:

Վարդան Պետրոսյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 16-ին, որին կմասնակցի նաև ֆրանսիացի փաստաբաններից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել