Գրառման առաջին մասը կարող եք կարդալ այստեղ: Մեկ ամսից FedEx-ը վերսկսում է իր գործունեությունը` այս անգամ ներառելով բոլոր նահանգները և տեղափոխում է շուրջ 186 ծանրոց: 33 ինքնաթիռից 14-ն օդ են բարձրանում և սկսվում է բիզնեսի դանդաղ, բայց հաստատուն զարգացումը: Արդեն մի քանի ամսից ընկերությունը տեղափոխում էր օրական շուրջ 1000 ծանրոց, չնայած առաջին երկու տարում կորուստը կազմում էր մոտ 27 մլն. դոլար: Բացի այս թիվը, Սմիթը պարտք էր նաև 80 մլն. դոլար, որը վերցրել էր ընկերներից, բարեկամներից ու բանկերից:
Բնական է, որ եթե երկու տարի պարտքերի մարում չլինի, ինչ էր կատարվելու Սմիթի հետ: Ընկերները, բանկերը, ներդրող կազմակերպությունները, բոլորը սկսում են պահանջել իրենց գումարները, կինը գլուխը կորցրած որոշում է ամուսնալուծվել այդ անհաջողակից: Ընկերները հավաքվում են, որպեսզի վերջնականապես Սմիթին ետ պահեն իր «հիմար» մտքից, բայց ապարդյուն:
-Ես ճիշտ եմ ու հասնելու եմ իմ նպատակին,-ահա այսպես էր Սմիթը պատասխանում բոլոր քննադատներին:
Սմիթի գործը գնում է դատարան, նրա նկատմամբ հետախուզում է սկսվում, պահանջում են ընկերությունը փակել ու մարել պարտքերը: Սմիթն անգամ ինքնասպանության փորձ է անում, քանի որ նման իրավիճակից ելք չէր գտնում: Ուղղակի նկատեք, թե ինչ ծանր փորձությունների միջով են անցնում մարդիկ, ովքեր հասնում են լուրջ արդյունքների: Զուր չէ, որ Սմիթը դասվում է իմ նախընտրած գործարարների շարքին:
Հուսահատությունից ելնելով` Սմիթը որոշում է վճռական քայլերի դիմել: Հավաքում է իր վերջին գումարները և 1975 թվականին առաջին անգամ հեռուստացույցով գովազդում հետևյալը` «Ամերիկացիներ, հիմա Դուք արդեն ունեք նոր ավիաբեռնափոխադրող Ձեր բեռների փոխադրման համար»: Այսինքն՝ նա առաջինն էր, ով զբաղվելով բեռնափոխադրումներով, հեռուստագովազդով ներկայացնում է իր ծառայությունները: Հարգելի ընթերցողներ, հիմա Ձեզ մոտ հարց կառաջանա, բայց ի՞նչն էր պատճառը, որ առաջին իսկ գովազդից հետո նրան ուղեկցում է հաջողությունը: Գովազդային քաղաքականության ճիշտ թիրախավորումն էր, որ բերում է հաջողության, այսինքն՝ նա իր գովազդում ծառայությունների մասին տեղեկությունը հասցնում է վերջնական սպառողին` ով ցանկանա, կարող է ծանրոցներ ուղարկել:
Սմիթի նկատմամբ շատ ընկերություններ անվստահություն էին զգում և չէին վստահում, որ իրենց ապրանքները տեղափոխվեին Federal Express-ով: Օրինակ` Xerox-ը մոտ երեք ամիս դատարկ ծանրոցներ էր ուղարկում ԱՄՆ-ի տարբեր նահանգներ, որպեսզի ստուգի` արդյո՞ք ճիշտ ու անվնաս են տեղ հասնում, թե՝ ոչ:
Գովազդից ընդամենը մեկ տարի հետո ընկերությունը կարողանում է հայտարարել իր առաջին եկամուտների մասին, որը կազմում էր ոչ ավել, ոչ պակաս, քան 20 հազ. դոլար` ունենալով 13.500 ուղեբեռ մեկ օրում:
Հաջորդ խնդիրը բազային օդանավակայանն էր, որն էլ ընտրվեց Մեմֆիսի օդանավակայանը: Ի՞նչ է իրենից ներկայացնում բազային օդանավակայանը: Սա նշանակում էր, որ յուրաքանչյուր ապրանք տեղափոխվում էր Մեմֆիսի օդանավակայան, այստեղ տեսակավորվում էր ու նոր առաքվում: Այսինքն, եթե Դուք Վաշինգտոնի «Ա» թաղամասից ապրանք ուղարկեիք «Բ» թաղամաս, ապա ապրանքը գալիս էր Մեմֆիս, նոր այստեղից ուղևորվում: Իսկ ինչպես է FedEx-ը կազմակերպում իր բիզնեսը:
FedEx-ի բիզնեսի յուրահատկությունը կայանում էր նրանում, որ նա աշխատում էր Door to Door տարբերակով և շուրջօրյա: Բայց ի՞նչ խնդիր էր լուծում Սմիթը, որը մինչ այդ ոչ մեկի մտքով չէր անցել: Պատասխանը հետևյալն էր` այդ տարիներին մեծ թափով զարգանում էր ավտոմոբիլաշինությունը, համակարգչային տեխնիկան, տարբեր ոլորտների արտադրությունը, որոնց, բնական է, անհրաժեշտ էին պահեստամասեր: Դրանք կարող է ընկերություններին անհրաժեշտ լինեին ընդամենը մեկ օրում, ուստի հիանալի ռազմավարություն է` շուրջօրյա մատակարարում և այն էլ արագությամբ: Շուկայի բաց կետը գտել էր Սմիթը, եթե պահեստամասերն անհրաժեշտ են, ապա կարճ ժամանակահատվածում կարելի է այն տեղափոխել, մնում էր գործել:
Այս աշխատանքների մեծ մասը կատարվում է գիշերը, ինչը նշանակում է, որ պետք է լինել շատ ուշադիր: Քանի որ Մեմֆիսում միայն տեղակայելը շատ բարդ էր, Սմիթը որոշում է մեկ հատ կենտրոն էլ բացել Ինդիանապոլիսում: Ինքնաթիռները պետք է պարտադիր թռչեն նախատեսված ժամին, իսկ առաքող անձնակազմը պետք է այն բեռնաթափի նախապես նշված ժամերին: Ոչ մի ուշացում, անգամ եթե ծանրոցների թիվն ավելանում է, միևնույնն է, առաքումը պետք է կատարվի ճիշտ ժամանակին: Եթե հանկարծ մի ինքնաթիռ ուշանա, խախտվում է մի ողջ համակարգի աշխատանքային գրաֆիկը, դրա համար այստեղ ուշացում բառը հանված է բոլոր բառարաններից: Եթե առավոտյան ժամը 11- ից ուշ է լինում առաքումը, ապա հաճախորդը կարող է չվճարել գումարը և FedEx-ն ուղղակիորեն ծանր կորուստներ կկրի: