Ղևոնդ Ալիշան (Քերովբե Ալիշանյան Պետրոս-Մարգարի) (1820 - 1901), հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ 1838-ից։
Ղևոնդ Ալիշանը սովորել է ծննդավայրի Վ. Չալըխյանի վարժարանում, 1832-41թթ-ին՝ Վենետիկի Մխիթարյանների դպրոցում, 1838թ-ից՝ միաբանության անդամ: 16 տարեկանում, եկեղեցական կանոնակարգի համաձայն, անվանափոխվել է` Ղևոնդ Ալիշան: 1841թ-ից դասավանդել է Վենետիկի Ռափայելյան, Փարիզի Մուրատյան վարժարաններում, 1849-51 թթ-ին՝ «Բազմավեպ» պարբերականի խմբագիրը: 1870թ-ից կատարել է միաբանության աթոռակալի պարտականությունները:
1832թ-ից Ալիշանը մշտապես ապրել է Սբ Ղազար կղզում: Երբեք չլինելով Հայաստանում՝ նա ծրագրել էր առանձին հատորներ նվիրել Հայաստանի բոլոր` 15 նահանգներին ու Կիլիկիային, սակայն հասցրել է գրել միայն «Շիրակ» (1881թ.), «Սիսուան» (1885թ.), «Այրարատ» (1890թ.), «Սիսական» (1893թ.) մեծածավալ աշխատությունները, որոնք հարուստ նյութ են պարունակում այդ նահանգների աշխարհագրության, տեղագրության, բուսական ու կենդանական աշխարհների, հանքային հարստությունների, պատմական անցյալի, հնությունների, ազգագրության և այլ հարցերի մասին: «Հայբուսակ կամ հայկական բուսաբառություն» (1895թ.) գրքում նկարագրել է Հայաստանում աճող շուրջ 3400 բույս ու ծաղկատեսակ (150-ից ավելի նկարներով), անդրադարձել դրանց բուժական հատկություններին:
Ալիշանն առաջիններից է, որ գրել է աշխարհաբար բանաստեղծություններ՝ «Հրազդան», «Մասիսու սարեր», «Հայոց աշխարհիկ», «Պըլպուլըն Ավարայրի», «Շուշանն Շավարշանա», որոնք նրա պոեզիայի բարձրակետն են: Ալիշանը հայ բանարվեստի առաջին գնահատողներից և բանահավաք-ուսումնասիրողներից է («Հայոց երգք ռամկականք», 1852թ.):
Նա «Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց» (1895թ.) երկում ներկայացրել է հայկական հեթանոսական կրոնը, աստվածություններն ու հավատալիքները:
Ալիշանի ավելի քան կեսդարյա գիտական գործունեության ամփոփումն է «Հայապատումը» (1901թ.): Երկի առաջին մասը՝ «Պատմիչք Հայոց»-ը նվիրված է հայ պատմագրության պատմությանը, երկրորդը՝ «Պատմությունք Հայոց»-ը, տարբեր պատմիչների երկերից ընտրված և դեպքերի ժամանակագրական կարգով խմբավորված 400 հոդվածներով ներկայացնում է վաղնջական շրջանից մինչև XVII դարի Հայոց պատմությունը:
Ալիշանը մեծապես նպաստել է նաև մի շարք հայ պատմիչների գործերի գիտական հրատարակմանը, իր գիտական հսկայական ժառանգությամբ (ավելի քան 45 հատոր)` հայրենական գիտության զարգացմանը:
Ալիշանը տիրապետել է բազմաթիվ լեզուների. թարգմանել է Ջորջ Բայրոնի, Ֆրիդրիխ Շիլլերի, Հենրի Լոնգֆելլոյի և ուրիշների գործերից: Նա ընտրվել է Վենետիկի ակադեմիայի, Իտալիայի Ասիական, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի հնագիտական ընկերությունների անդամ, Ենայի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ և դոկտոր, արժանացել ֆրանսիական ակադեմիայի Պատվո լեգեոնի շքանշանի:
Ալիշանը նամակագրական սերտ կապեր է ունեցել հայ և եվրոպացի մի շարք անվանի գիտնականների հետ. նամակները տպագրվել են («Նամակներ», 1969թ.):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել