ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Որպես դերասանի` Սոս Արտաշեսի Սարգսյանի հետ չեմ առնչվել: Սիրել եմ նրան, նայել դահլիճից ու դիտել ֆիլմերը նրա մասնակցությամբ: Բայց բախտ ունեցանք, որ որ նա դարձավ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը. ծանոթացանք նրա հետ, մտերմացանք և աշխատեցինք: Երանելի կլիներ, եթե հայ ժողովուրդն ունենար այդպիսի մի քանի հազար մարդ, արվեստագետ, քաղաքացի, որն ապրում էր բոլորի հոգսերով, նպատակներով, ու ցավ էր զգում, որ անզոր էր բոլորին օգնելու: Նրա խոսքերն էին. «Չե՜մ կարող, հասկանու՜մ եմ բոլորիդ, բայց չե՜մ կարող...»:
Երբ Գյումրիում դեռ տնակային համակարգն էր իշխում, ու նա գալիս էր Գյումրի, աչքերը թացանում էին, և (քանի՜ անգամ եմ լսել) ասում էր. «Ա՜խ, հնար ունենայինք, այս տնակները հանեինք»:
Մի հաշալի մարդ էր նա. նկատում էր ամեն ինչ, բոլորիս համար ուներ մի գեղեցիկ խոսք...
Տարիներ առաջ էր: Ես ապրում էի տնակում, ծանր սոցիալական պայմաններում, և նա գիտեր դա: Առանց նախապես տեղյակ պահելու` ԵԹԿՊԻ-ում նա ինձ հատկացրել էր մեկուկես դրույքաչափ ժամ: Ես էլ աշխատում էի, ուրախանում, որ բարձր աշխատավարձ եմ ստանում: Այսպես` երկու տարի: Բայց մայր բուհում ստուգումներ են անցկացվում, և Սոս Արտաշեսովիչը նկատողություն է ստանում` ինձ այդքան դրույքաչափ հատկացնելու համար: Իմանալով այդ մասին` գնացի նրա մոտ ու հարցրի, թե ինչու՞ է ինձ համար արել մի բան, երբ արդյունքում ինքն է հատուցելու: Պատասխանը եղավ այսպիսին.
_ Կարևո՜րն էն ա, որ դու երկու՛ տարի լավ ես ապրել, ամա դրա լավ ապրածը ո՞րն ա. է՜...
Այնքա՜ն թեթև, այնքա՜ն սիրուն տարավ: Եվ այժմ էլ անընդհատ ականջներումս հնչում են նրա խոսքերը. «Կարևո՜րն էն ա, որ տարիուկես դու քեզ լավ ես զգացել, ես էլ հանգիստ եմ եղել»...
Այսօր արդեն նրա գրիչն է մեր սեղանին, նրա գրքերը: Եվ ի՜նչ անկեղծ գրիչ ունի, ինչպե՜ս է պատմում, ինչպե՜ս է հուզում: 
Սիրել եմ նրան, սիրում եմ ու պաշտում այդ Մեծ Մարդուն` մեր սիրելի Նահապետին, մեր Ձորի Միոյին, մեր Սոս Արտաշեսի Սարգսյանին:
Սիրանուշ Ղուկասյան
Ռեժիսոր, դերասան, արձակագիր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել