Մի դարբին շատ էր հպարտանում իր աշխատանքով: Իր ձեռքի տակից դուրս եկած ամեն ինչի վրա նա հատուկ կնիք էր դնում, որպեսզի մարդիկ ճանաչեն վարպետին:
Նրա երկիրը պատերազմի մեջ էր: Այն քաղաքը, որտեղ դարբինն էր ապրում, մի օր գրավում են թշնամիները: Շատ գերիների հետ նրան նույնպես բռնում են և կապում շղթաներով: Դա առանձնապես չի մտահոգում դարբնին, քանի որ նա ամեն ինչ գիտեր շղթաների մասին: Նա գիտեր, որ համարյա յուրաքանչյուր շղթա ունի իր թույլ օղակը և որոշեց գիշերը գտնել այդ թույլ օղակը և քանդել շղթան:
Երբ գիշերը եկավ, նրա մատները վստահաբար շոշափեցին շղթան, որոնելով թույլ օղակը: Եվ հանկարծ օղակներից մեկի վրա նա զգաց իր կնիքը: Դարբինի վստահությունը փոխվեց հուսահատության. նա գիտեր, որ իր պատրաստած շղթաների վրա թույլ օղակներ չկան: Նրա արտադրանքն այնքան հուսալի էր, որ իր իսկ կոփած շղթաները այժմ ամուր բռնել էին նրան:
Այս պատմությունը որևէ ձևով չի՞ հիշեցնում այմ մասին, թե ինչ ենք արել մենք մեր մոլորակի հետ: Արդյո՞ք սա չի հիշեցնում այն մասին, որ մենք թողել ենք մեր կնիքը նրա շղթաների վրա:
Մենք անհոգ ենք վերաբերվել մթնոլորտին և այժմ չգիտենք ինչպես մաքրել այն: Անխնա օգտագործել ենք ջուրը և այժմ հաշիվ ենք տալիս դրա համար: Մենք վատնել ենք մթերքների պաշարները, և այսօր աշխարհի զգալի մասը քաղցում է: Մենք այնքան ենք զբաղված եղել դրամ վաստակելով, որ մոռացել ենք սիրել, և այժմ աշխարհը միայնության մեջ է…
Կխճճվենք մենք մեր անուրջներում,
Ժամանակ կգտնենք աղտոտման համար,
Անկարգության համար կգտնենք ժամանակ,
Իսկ ե՞րբ կունենանք դա սիրելու համար,- երգում է Սթիվի ՈՒանդերը:
Եվ միայնությունն ու սիրո պակասը այնքան համատարած են դարձել, որ մարդիկ ավելի շատ հուսահատությունից են տառապում, քան քաղցկեղից կամ նյութական խնդիրներից: Եվ մենք հուսահատորեն որոնում ենք այն թույլ օղակը, որը կենթարկվի մեր բանականությանը կամ մեր տեխնոլոգիային: Ու միայն վերջին անուջները փլուզվելուց հետո հասկացանք, որ մենք հիմնավորապես ենք կռել- կոփել մեր շղթաները: Իսկ երբ սկսում ենք հանգիստ ու առողջ մտորել, հասկանում ենք, որ մեզ օգնություն է հարկավոր: Սակայն մենք չենք ցանկանում ընդունել, որ մեր հյուսած բանտից կարող ենք դուրս պրծնել միայն այն ուժի շնորհիվ, որը գերազանցում է մերը: Եվ դրանից բացի մենք չափազանց շատ ենք զբաղված քաղաքականությամբ և հանապազօրյա հացով: Աստվա՞ծ…պարզվում է, որ Նա կարող է նաև սպասել: Մեր օրերում շատանում են ձայները, որոնք խորհուրդ են տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել մարդուն: Դա շատ կարևոր է. բայց կլավանա՞ դրանից նրա վիճակը, թե՞ ավելի կխրվենք խնդիրների մեջ: Եվ կարո՞ղ է արդյոք հանապազօրյա հացը, ինչքան էլ որ նա շատ լինի, ապաքինել մեզ ներքին միայնությունից: Հիսուսին են պատկանում հետևյալ խոսքերը. ՙՈչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից՚ / Մատթեոս 4,4 /:
Հույները հնում իմաստություն էին որոնում, նրանցից շատ ավելի առաջ` եգիպտացիները, սակայն իմացությունը փրկություն չբերեց նրանց: Այսօր զարգացած երկրները շեշտը դնում են տեխնոլոգիայի վրա, սակայն դա էլ չհանեց փակուղուց: Շատերն էլ քաղաքականության մեջ են տեսնում ելքը և հանկարծ պարզվում է, որ ոչ մի քաղաքականություն էլ չի կարող փրկել մարդու ներքին աշխարհը:
Իսկ միգուցե մեզ պետք է պարզապես փոխե՞լ ուշադրության առարկան և ավելի սևեռուն նայել Հիսուսին: Այս ու այնտեղ հնչում են միայնակ ձայներ, որոնք պնդում են, որ մենք սխալվել ենք և շփոթել մեր նախապատվությունները: Նրանք ասում են, որ նախապատվությունը պետք է տալ Աստծուն և ընդունել Նրա առաջարկած սկզբունքները: Հիսուսը հոգում էր մարդկանց մասին, ապաքինում նրանց հիվանդությունները, կերակրում քաղցածներին: Եվ ամենակարևորը` Նա ցույց տվեց փրկության և միայնությունից ազատագրման ուղին: Նրա հետևորդները նույնպես միանգամայն իրական հոգատարություն պետք է ցուցաբերեն մարդկանց հանդեպ: Հակոբոս առաքյալը գրում է. ՙԵթե մի եղբայր կամ քույր մերկ լինեն կամ օրվա կերակրին կարոտ. և ձեզանից մեկն ասի նրանց. գնացեք խաղաղությամբ, տաքացեք և կշտացեք. և մարմնի պետք եղածը չտաք նրանց, օգուտն ի՞նչ կլինի՚ /2,15.16/: Ասված է ուղիղ և ոչ երկիմաստ: Եվ կարելի՞ է չհամաձայնել այդ խոսքերի հետ: Մարդկանց հանդեպ անտարբերությունը մեղք է:
Սակայն այսօր քաղցած, հանգիստ չունեցող միլիոնավոր մարդիկ կարիք ունեն մի շատ ավելի կարևոր բանի, քան հացն է կամ մի ափսե ճաշը: Նրանց սրտերը նույնպես օգնություն են աղերսում: Իսկ Ավետարանը` Բարի լուրը, հազարավոր նոր աշխատատեղերի հայտարարություն չէ, հարկերի նվազում կամ աշխատավարձերի բարձրացում, ինչքան էլ որ դրանք կարևոր լինեն: Բարի լուրը խաչյալ Քրիստոսն է: Եվ ոչ մի այլ բան չի կարող բավարարել մարդու սիրտը: Ի՞նչն է Հիսուսի մեջ գրավում մարդկանց: Այն, որ Նրա մեջ տեսնում են իրենց ամենահրատապ կարիքների միակ պատասխանը:
Ուշադիր լինենք` հասկանալու համար մեր միայնակ մոլորակի իրական լացը: Քաղաքական մի գործիչ հիանալի է ձևակերպել այդ մտքերը. ՙՄենք կորցրել ենք կենսական հենարանները, մենք ունենք կարիքն այն բանի, ինչը կարող է ամբողջականություն, իմաստ և նպատակ հաղորդել կյանքին: Սակայն դրա փոխարեն մենք տեսնում ենք արյունահեղություններ, պատերազմներ և ավերումներ…ըստ էության մենք որոնում ենք Աստծո թագավորությունը, առանց գիտակցելու դա. մենք բաց ենք թողել Աստծո արքայությունը՚:
Իսկ միգուցե մեր ողջ մոլորակի մարդիկ որոնում են հենց Աստծո՞ արքայությունը, առանց նույնիսկ գիտակցելու դա: Միգուցե նրանց հանգի՞ստ չի տալիս խաչյալ Փրկչի մասին լուրը, սակայն նրանք չեն հասկանում դա: Ամենուր խռովության հոգին է թափանցել: Մարդիկ գիտեն, թե ինչի դեմ են ապստամբում, սակայն չգիտեն, թե ինչու: Նրանք բողոքում են, թմրանյութեր ընդունում, հանգստացնող դեղեր կամ ուրիշ շատ այլ բաներ, սակայն նրանց սրտերը այդպես էլ ամայի ու խռով են մնում:
Հանցագործություններից մեծագույնն այն է, երբ մարդկանց` հացից բացի ոչինչ չեն տալիս այն ժամանակ, երբ նրանք ունեն Հիսուսի կարիքը և զգում են, որ հենց Նրա մեջ է իրենց բոլոր հարցերի պատասխանը:
Երբ Մարկո Պոլոն այցելեց մեծ մոնղոլ տիրակալ Կուբլայ խանին, արևմտյան աշխարհ բերեց նրա համառ խնդրանքը` մոնղոլների մոտ ուղարկել ՙհարյուր քրիստոնեական ուսուցիչներ, իմաստնացած յոթ արվեստի մեջ, որոնք կարողանան ապացուցել, որ Քրիստոսի ճանապարհն է լավագույնը՚: Դա ճակատագրական պահ էր. կշեռքի վրա էր մեծ ժողովրդի ճակատագիրը և երջանիկ հնարավորություն քրիստոնեության համար;
Իսկ ի՞նչ տեղի ունեցավ: Երկու տարի հետո հարյուր ուսուցչի փոխարեն ուղարկվեց ընդամենը երկուսը: Նրանք մոնղոլներին պատմեցին քաղաքականության և եկեղեցական կառուցվածքի մասին և ոչ մի խոսք Քրիստոսի ուղու մասին: Արդյունքում ողջ Ասիական աշխարհը չլսեց Քրիստոսի լուրը:
Սակայն Քրիստոսի Ավետարանը առաջարկում է շատ ավելին: Գողգոթայի խաչն է միակ պատասխանը միայնակ մոլորակի լացի: ՔՐԻՍՏՈՍՆ Է ՊԱՏԱՍԽԱՆԸ: Սակայն մենք սևեռուն ենք աշխարհին և երբեմն միայն հայացք նետում Հիսուսի վրա: Մենք սևեռուն նայում ենք աշխարհիկ քաղաքներին և երբեմն միայն հայացք նետում Աստծո թագավորությանը: Մենք շատ սևեռուն ենք նայում հանապազօրյա հացին և հազվադեպ` Կյանքի Հավիտենական Հացին:
ԵՎ այնքան ժամանակ, քանի դեռ մենք մեր հայացքները չենք հառել Թագավորին, ոչինչ, բացարձակապես ոչինչ չենք կարող առաջարկել այս միայնակ մոլորակին:
Մենք բոլորս, բոլորս
Մանուկներ ենք որբ.
Մանուկներ ենք մենք կորած-
Հավիտյան անմայր,
Մենք բոլորս մոլորված
Անտառում խավար…
Մենք նետված ենք բոլորս
Երկիրն այս հեռու.
Կանչում ենք միշտ – ձայն չկա,
Աղոթում ենք - ու՞մ.
Ո՞վ կփրկի, ո՞վ կգա,
Որ տանի մեզ` տուն…
Վ. Տերյան



