Չէի ցանկանա ստատուս գրել եվրատեսիլյան թեմայով, քանի որ երբեք լուրջ չեմ վերաբերվել մրցույթին, բայց տեսնելով որոշ մարդկանց անհասկանալի հիստերիան՝ կցանկանայի մի երկու հստակեցում անել։
Նախ, Եվրատեսիլը երգի մրցույթ է և որպես մրցույթի մասնակից Կոնչիտան հրաշալի երգեց։ Անջատեք ձեր տրանսոֆոբության կոճակը և անկեղծացեք ինքներդ ձեզ հետ։ Արամը երկու ելույթներում էլ շատ ֆալշեր արեց, չնայած երգի կուլմինացիան շատ ուժեղ էր։ Իհարկե, կուզենայի Արամը հաղթեր (սա այլ ստատուսի թեմա է), սակայն որպես եվրատեսիլյան երգ՝ Կոնչիտայի կատարումն անթերի էր ու ավելի սրտինկպնող։
Հետո, սա եվրոպական երգի մրցույթ է, որտեղ մերժվում է ամեն տեսակի խտրականություն, պիտակավորում ու արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը մարդու էս կամ էն հատկանիշի պատճառով։ Մասնակցելով էս մրցույթին, մենք համաձայնում ենք հարգել նաև մրցույթի դիրքորոշումը տարբեր թեմաների շուրջ։ Ըստ իս, Արամի՝ եռյակում չհայտնվելու հիմնական պատճառը նրա տրանսոֆոբիկ արտահայտություններն են եղել Կոնչիտայի վերաբերյալ և փորձել իրավիճակն ուղղել արդարանալով շատ ուշ էր ու անիմաստ. մեսիջը գնացել էր Եվրոպային։ Եվրոպացին ապացուցեց, որ մերժում է խտրականությունը։
Սակայն, այս ամենի մեջ մի ուրախացնող բան էլ կա։ Հասարակությունը, չնայած հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի շատ բարձր մակարդակին, կարողացավ դուրս ելնել պրիմիտիվության շրջանակներից ու փորձել շտկել Արամի սխալը՝ ցույց տալով ՀՀ քաղաքացիների նվիրվածությունը համամարդկային արժեքներին։
Այստեղ կարող եք տեսնել Հայաստանի հեռուստատեսային քվեարկության արդյունքները. Կոնչիտան երկրորդ տեղում է։http://www.eurovision.tv/page/results?event=1893&voter=AM ։ Ստացվում է, որ ՀՀ քաղաքացին, այնուամենայնիվ, ավելի քաղաքակիրթ գտնվեց, քան Հ1-ի կողմից ընտրված ժյուրին։ Կոնչիտային տվել են ամենացածր միավորները, որպեսզի հեռուստատեսային քվեարկությամբ միավորները չբավականացնեն՝ նրան մրցութային ընդհանուր միավորներ տալու համար։ Մինչդեռ, բոլոր երկրներում, նույնիսկ Ադրբեջանում, Ռուսաստանում ու Վրաստանում, sms-քվեարկությունն ու ժյուրիի քվեարկությունն իրարից գրեթե չեն տարբերվում ու իրենց քաղաքացիների ձայները հաշվի են առնվել։
Եվս մեկ դիտարկում ու վերջ։ Կոնչիտայի հաղթանակից հետո շատ գեյեր սկսեցին հոմոֆոբ ստատուսներ գրել մտածելով, որ այդպես կպաշտպանեն իրենց հասարակության ագրեսիայից ու ավելի լավ է թիրախավորել մեկին ու բոլորով հարձակվել նրա վրա, քանզի հարձակումը լավագույն պաշտպանության միջոցն է։
Ատելությունն ու ագրեսիան վնասակար են առողջությանը։ Ձեզ քաջառողջություն ու խաղաղություն, ընկերներ))



