
Սա արդէն իմ տեսածների մէջ «գլուխգործոցն» էր։ Դատելով տեսանիւթից՝ այսպէս կոչուած «պատարագիչը» ոմն սարկաւագ է՝ դպրական պարզ շապիկով՝ մինչեւ անգամ ուրար չունենալով իր ձախ ուսին։ Ո՞վ պէտք է վերջ դնի այս կամայականութիւններին։ Սուրբ Պատարագը Եկեղեցու 7 խորհուրդներից մէկն է, որը մատուցելու իրաւունքը վերապահուած է բացառապէս քահանայական ձեռնադրութիւն եւ օծում ունեցող եկեղեցականներին։ Հակառակ դէպքում, նման յանդգնութիւնը բերում է եկեղեցական կանոնների կոպտագոյն խախտման, ուստի հաստատապէս կարող ենք ասել, որ այս տեսանիւթի «հերոս» սարկաւագը, ինչպէս ինքն է իր մասին վկայում «Գոհութիւն» երգի մէջ, զբաղուած է խաբէութեամբ՝ ներկաներին բաշխելով պարզ հաց եւ գինի՝ Տէրունական Մարմնի եւ Արեան նմանակութեամբ։ Քանի որ այսպիսի ներկայացումը Պատարագի զոհաբերութեան խորհուրդ չէ եւ անվաւէր է։ Իսկ հակականոնական միւս երեւոյթներին անդրադարձել ենք մեր նախորդ նկատողութեան մէջ, այդ պատճառով այստեղ չենք ուզում կրկնուել։ Լաւագոյն դէպքում կարելի էր ժամերգութիւն կազմակերպել հաւատացեալների համար, եթէ քահանայ չունեն իրենց շրջանում։ Իսկ եթէ կարիք ունեն քահանայի, ապա պէտք է գրաւոր դիմել համապատասխան ատեան։
Կո՛չ ենք ուղղում բոլոր պատասխանատու անձանց՝ թոյլ չտալ ծաղրուծանակի վերածել եւ արժեզրկել Սրբազան խորհուրդների մատակարարումը, ինչպէս դա տեղի ունեցաւ Բանգկոկում, 2013 թուականի Զատկին։