Այս առիթով զրուցեցինք ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանի հետ:

Տարիներ առաջ դիմելիությունը համեմատաբար քիչ էր, պատճառները տարբեր էին` սեքսուալ կուլտուրայի առանձնահատկությունները, բժիշկ-սեքսապաթոլոգի մասին սխալ պատկերացումները և այլն: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ սեքսապաթոլոգը մարդու սեռական առողջության բժիշկն է, ով բուժում և կանխարգելում է սեքսուալ խանգարումները: Սեքսոպաթոլոգը մարդու սեռական առողջության պաշտպանն է:  

Պետք է փաստել, որ վերջերս, բարեբախտաբար, երիտասարդ զույգերը մինչ ամուսնանալը սկսել են ավելի հաճախ դիմել մեզ: Ինչ խոսք, նախաամուսնական հետազոտությունը ողջունելի է, քանի որ լինում են սեռական որոշ խնդիրներ, որոնք մինչ ամուսնանալն ավելի հեշտ է լինում ախտորոշել և բուժել:  

Լինում են զույգեր, որ որևէ խնդիր չունեն, բայց դիմում են՝ հետագա բարդություններից խուսափելու համար: Սեռական կյանքի պսիխոհիգիենայի հարցերի շուրջ հասարակության տեղեկացվածության բարձրացումը նպաստում է այն բանին, որ մարդիկ սկսել են քննադատորեն մոտենալ իրենց սեռական կյանքի այս կամ այն դրսորմանը: Անչափ կարևոր է այն փաստը, որ ամուսինները փորձում են ավելի հագեցած, ավելի բազմաբովանդակ և ներդաշնակ դարձնել իրենց սեռական կյանքը: Կանայք, ովքեր, օրինակ, չգիտեին` ինչ է սեքսուալ բավարարվածության զգացումը, այժմ, ունենալով համապատասխան գիտելիքներ սեռական ոլորտի վերաբերյալ, սկսել են վերաիմաստավորել և կարևորել անձնական սեռական կյանքը: Երկար տարիներ ձևացնելով, թե կինն իբր սեռական հաճույք է ստանում, ի վերջո հոգնում է խաբեությունից և որոշում է դիմել սեքսապաթոլոգի օգնությանը, լրջորեն լուծել սեռական խնդիրը և վայելել իսկական բավարարվածություն:

Հաճախ մեզ դիմում են այնպիսի պացիենտներ՝ տղամարդիկ, կանայք, ամուսնական զույգեր, որոնց մոտ ապատեղեկատվության, սեռական դաստիարակության բացթողումների պատճառով առաջացել են սեռական խանգարումներ: Պատճառն այն է, որ ծնողներից բացի, երեխաների սեռական դաստիարակությամբ «զբաղվում են» նաև նրանց շրջապատը` ավելի «իրազեկ» ավագ ընկերները, կասկածելի և անհավաստի տվյալներ պարունակող գրականությունը, ինտերնետային կայքերը, ֆիլմերը, հեռուստատեսությունը:

Մեր կլինիկա այցելում են տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչները՝  դեռահասները, պատանիները,  երիտասարդները, հասուն մարդիկ, ինչպես նաև ավագ սերնդի ներկայացուցիչները: Տղամարդիկ հաճախ դիմում են հետևյալ խնդիրներով՝ էրեկցիայի խանգարում, այսինքն՝ իմպոտենցիա, (սեռական թուլություն), սերմնաժայթքման խանգարում (շուտ կամ ուշ), սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, անպտղություն, սեռական խանգարումներ` պայմանավորված սեռավարակներով, պրոստատիտով, նևրոզով և այլն: Կանայք՝ օրգազմի խանգարում, վագինիզմ (հեշտոցի մկանների ակամա կծկում), սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, զզվանք սեռական հարաբերությունից, սեռական բավարարավածության բացակայություն, ցավ սեռական հարաբերության ժամանակ, սեռական աններդաշնակություն:

Մասնագիտական փորձը վկայում է, որ, ցավոք, գնալով մեծանում է սեռավարակներով պայմանավորված սեռական խնդիրներ ունեցող պացիենտների թիվը: Սեռավարակների մասին խոսելիս շատերն ամոթխածությամբ լռում են, բժշկի չեն դիմում, ինչի հետևանքով կարող են առաջանալ մի շարք բարդություններ:

Հետևաբար,  պետք է չէ սպասել, լռել, հետաձգել: Պարզապես պետք է ժամանակին դիմել սեքսապաթոլոգի օգնությանը: Չէ՞ որ կայուն ընտանիքը «առողջ» պետության գրավականն է: 

 Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

ԵՊԲՀ սեքսոպաթոլգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ,

սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,

բժշկական գիտությունների թեկնածու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել