Ընդհանրապես «կոմպլեմենտարիզմը», «հավասարակշռումը» կամ «և-և»-ը ընդամենն արտաքին քաղաքական կոնցեպցիաներ են, որոնք առանց ներքին պոտենցիալի լուրջ արդյունքների չեն կարող հավակնել արտաքին բարդագույն հարաբերություններում: Գաղափարը, որը չի ստանում լավ ֆունկցիոնալ ու կառուցվածքային բովանդակություն, միֆից այն կողմ չի անցնում: Իհարկե, հանուն արդարության պետք է փաստել, որ Հայաստանի ներկայիս բարդ կացությունը հետևանք է մեր արտաքին քաղաքական կոնցեպցիայի կտրուկ շրջադարձային կերպափոխումների, երբ մեկ բանակցային գործընթացից անցում կատարվեց մյուսին, սակայն այդ վիճակն էլ ներքին պոտենցիալի հետևանքն է, երբ չկան բավարար կառավարչական և տնտեսական ռեսուրսներ: Հիմա, աստիճանաբար մեր երկրի առջև բացվող աշխարհաքաղաքական մարտահրավերները սկսում են բավական հոծ ուրվագծեր ստանալ, որոնք կարելի է անվանել գեոմարտահրավերներ, երբ գլոբալ դերակատարները մրցակցություն են ծավալում առանց երրորդ երկրի շահերը հաշվի առնելու: Դրանք դրսևորվում են 2 ուղղություններով.
1. Հայաստանի քաղաքական, գաղափարական մեկուսացման վտանգ: Այսպիսով՝ Արևմուտքում քաշեցին «թավշյա վարագույրը» Հայաստանի առջև, որը քաղաքական-մշակութային բևեռացման սպառնալիք է: Պատահական չէր Ուորլիք-Հեֆերնյան «ամերիկյան տեսակետի» մտրակի խաղարկումը: Մյուս կողմից էլ, սակայն, Մաքսային միությունը չի շտապում եվրազիականացման կոնցեպցիայում տեղ հատկացնել Հայաստանի համար:
2. Ռուսական գաղափարական արթնացման փորձ: Ֆրենսիս Ֆուկույամայի տեսությունը՝ «պատմության ավարտը», կարծես հեգելյան դիալեկտիկայով կրկին սկսում է իր նոր մեկնարկը, և Ռուսաստանի վերակենդանացումը, որը փորձում է գտնել սեփական գաղափարաքաղաքական համակարգը ներկայիս աշխարհաքաղաքական տիրույթում, նշանավորվեց Ղրիմի նկատմամբ վերահսկողությամբ և Ուկրաինայում «ցածր ինտենսիվությամբ» կոնֆլիկտի իր սցենարի խաղարկումով ու Հայաստանին Ասոցացման համաձայնագրից դեպի ՄՄ շեղելու կտրուկ շրջադարձով, ինչպես նաև՝ եվրազիականության և մաքսայնացման կառուցվածքային ծրագրերով: Այս ամենը ձևավորում են գեոստրատեգիական նոր մոտեցումներ Արևմուտք-Ռուսաստան մրցակցության մեջ, որի էությունը ռազմական տեսանկյունից ավելի հարմար տարածություններ վերահսկելն է: Տվյալ մոտեցումը հղի է կոնֆլիկտների էսկալացման վտանգով, քանի որ մրցակցող կողմերի շահերը սկսում են խաչաձևվել և առաջացնել դիրքորոշումների կոշտացում:
Այս բարդագույն մարտահրավերների հորձանուտում Հայաստանի համար կենսական կարևորություն ունեն րոպե առաջ ներքին պոտենցիալի բարձրացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Որո՞նք են դրանք`
1. տնտեսության կենդանացում, բարձր աճի ապահովում.
2. կառավարման ձևի կտրուկ փոփոխություն, մոդեռնիզացիոն կառավարման ներդնում.
3. հոգնած և ոչնչի ընդունակ էլիտաներից ժամ առաջ ձերբազատում:
Հենց կառավարման նորմալացումն ու տնտեսության զարգացումն են արտաքին քաղաքականության հիմքերը: Ուժը, ֆինանսը և հեղինակությունն են պետություններին թույլ տալիս ձևավորել մանևրի սեփական դաշտը: Դրանից հետո միայն կարելի է հղանալ տարատեսակ կոնցեպցիաներ, որոնք ունակ կլինեն օժանդակել ապահովելու իրական առաջընթաց միջազգային ասպարեզում: