dproc1in.am-ը գրում է.

Ավանդաբար, սեռականության մասին սկսել են խոսել 20-րդ դարի երկրորդ կեսին: Հայ հասարակության մեջ ավանդաբար սեռականությունը անմիջականորեն կապվում է ամուսնության հետ, երեխաներն էլ ընտանիքում են ծնվում՝ որպես ցեղի կենսաբանական շարունակողներ: Կան ընտանիքներ, որ բավարարված չեն ընտանեկան կյանքով, ինչը ավելի մեծ խեղումների է բերում, քանի որ զույգերից ամեն մեկը սկսում է իր սեռական բավարարությունը փնտրել ընտանիքից դուրս՝ խուսափելով օգնության համար դիմել մասնագետին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը՝ խոսելով հայ ընտանիքի ավանդական մոդելի մասին:

Նրա դիտարկմամբ՝ ընտանիքում հարկավոր է շեշտը ոչ թե սեռականության վրա դնել, այլ մարդկային նորմալ հարաբերությունների: Հոգեբան Ռուբեն Պողոսյանը իր հերթին կարծիք հայտնեց, որ այսօր ընտանիքի ինստիտուտը, ուզած թե չուզած, պետք է տրանսֆորմացիայի ենթարկվի ու խիստ ավանդապաշտությունը պետք է վերացվի: «Ընտանիքը բարդ սոցիալական ինստիտուտ է, ու գռեհկություն է ընտանիքում սեռականության վրա շեշտը դնելը»,- ասաց բանախոսը:

Ինչ վերաբերում է ընտանիքում երեխաների մոտ սեռական խանգարումների առաջացմանը, ապա ըստ սեքսապաթոլոգի, դրա մեջ մեծ դեր ունի ընտանիքը: Եթե երեխան զարգանում է նորմալ ընտանիքում, քիչ է սեռական շեղումների առաջացման հավանականությունը: Միասեռականությունը տարածված է տղամարդկանց 5-7 տոկոսի մոտ, կանանց շրջանում՝ ավելի քիչ տոկոսային հարաբերությամբ է հանդիպում, ու այն տպավորությունը, թե նրանց թիվը իրականում ավելացել է, այդպես չէ, պարզապես «շատերը ուզում են փորձել, տեսնել, թե դա ինչ է»: «Քարոզչությունն օգնում է դրա տարածմանը»,- կարծիք հայտնեց մասնագետը:

Միասեռականությունը երեխաների մոտ սկսում է զարգանալ 3-5 տարեկանից, այսինքն՝ սեռական խանգարումների հիմքերը դրվում են վաղ հասակից: «Եթե երեխան 3-5 տարեկանից տրանսսեքսուալ է, ապա նա կմնա այդպիսին»,- ասաց Մարատ Զաքարյանը: Ի հավելումն դրա՝ Ռուբեն Պողոսյանը այդ հարցում կարևորեց ընտանիքի դերը: «Այնտեղ, որտեղ կան բռնություններ, սկսվում են շեղումները»,- ասաց հոգեբանը՝ պատահական չհամարելով սեքսուալ մոլագարների՝ աննորմալ ընտանիքներում մեծացած լինելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել