Վերջերս շրջանառության մեջ է դրվել Էմմիի և ֆրանսահայ երգիչ Եսայիի զուգերգի տեսահոլովակը, որը նկարահանվել է «Էրեբունի-Երևան» երգի հիման վրա: Թեև երգիչները կատարում են Պարույր Սևակի բոլորիս հայտնի ու սիրված «Էրեբունի- Երևան» բանաստեղծության խոսքերի հիման վրա Էդգար Հովհաննիսյանի գրած հանրահայտ երգը, սակայն տեսահոլովակի ներքո երգի իրական հեղինակների մասին ընդհանրապես չի հիշատակվում: «Կարծես երգի ու երաժշտության հեղինակը հենց Էմմին ու Եսային են: Ծիծաղելի է: Նրանք ամբողջությամբ աղավաղել են երգը»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեցին Պարույր Սևակի ընտանիքի անդամները:
Նրանց խոսքով՝ Էմմին կամ երգի հետ առնչություն ունեցող որևէ մեկը չի դիմել ոչ Սևակի, ոչ Էդգար Հովհաննիսյանի ժառանգներին՝ երգը կատարելու թույլտվություն ստանալու համար:
«Հայ հեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանի խոսքով՝ հեղինակային իրավունքը բաղկացած է երկու մասից՝ անձնական իրավունքներից և գույքային իրավունքներից: Ըստ նրա՝ այս պարագայում խախտվել է Պարույր Սևակի և Էդգար Հովհաննիսյանի և անձնական և գույքային իրավունքները: «Անձնական իրավունքի խախտում է, քանի որ չի նշվում, թե ովքեր են երգի խոսքերի և երաժշտության հեղինակները: Գույքային իրավունքների խախտում է, քանի որ երգն օգտագործելիս նրանք պետք է ունենային Սևակի և Է. Հովհաննիսյանի ժառանգների թույլտվությունը»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց Սուսաննա Ներսիսյանը:
Ըստ նրա՝ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գույքային իրավունքները գործում են անձի մահվանից հետո 70 տարվա ընթացքում: Որպեսզի տեսահոլովակի ներքո գրվի նաև Պարույր Սևակի և Է. Հովհաննիսյանի անունները, գրողի ժառանգները կարող են միջոցներ ձեռնարկել, դիմել դատարան և բարոյական վնասի փոխհատուցում պահանջել:
Նյութը՝ Lragir.am-ից