Երանի բոլոր անպիտանները Ձեր նման լինեին պարոն Միկոյան.- Վազգեն Ա
Քանի օր է` հետևում եմ Անաստաս Միկոյանի արձանի հետ կապված խոսակցություններին, քննարկումներին, քննադատություններին: Գիտեք, շատ հեշտ է մարդու մասին վատը խոսելը, քննադատելը, առավել ևս` նրա ուղղությամբ ցեխարձակումներ անելն ու ամենատարբեր հանցանքներում մեղադրելը: Հատկապես տարիների ու տասնամյակների հեռվից: Մինչդեռ, գոյություն ունի մի այսպիսի հասարակ ու պարզ սկզբունք. որևէ գործչի` լինի նա քաղաքական, պետական, հասարակական կամ նույնիսկ կրոնականի մասին խոսք ասելիս, նրա կյանքն ու գործունեությունը պետք է դիտարկել իր ժամանակի ու իր միջավայրի համատեքստում և ոչ թե փորձել նրան տեղավորել մեր ժամանակի ու միջավայրի մեջ: Նույն հաջողությամբ, որով քննադատում ենք Միկոյանին, կարող ենք քննադատել նաև, ասենք, Վարդան Մամիկոնյանին, որովհետև կրոնափոխ է եղել թեկուզ առերևույթ, Վասակ Սյունուն, Պետրոս Գետադարձ կամ Մելքիսեդեկ Գառնեցի կաթողիկոսներին, Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրող դաշնակցական գործիչներին կամ առհասարակ Առաջին հանրապետության ղեկավարությանը և այլն, և այլն .... օրինակները շատ են մեր պատմության մեջ. չգիտեմ, ցավոք, թե հուրախություն, բայց այդպես է: Մինչդեռ երբ գործչին բերում, այսպես անվանենք, տեղադրում ես իր ժամանակի ու միջավայրի մեջ, վերլուծում ես ողջ ժամանակաշրջանն իր բոլոր ուղղակի ու անուղղակի կամ ածանցյալ հարցերով, հասկանում ես, որ երբեմն կայացվել են որոշումներ, որոնք եղել են ուղղակի ընտրություն վատի ու վատթարի, վատթարի ու վատթարագույնի միջև: Ուստի անիմաստ է անհարկի կարծիքները մի գործչի մասին՝ ի դեմս Միկոյանի, որի տրամաչափի երկրորդ գործիչը չենք ունեցել խորհրդահայ ողջ պատմության մեջ: Ի դեպ, պատմում են, որ մի անգամ, երբ երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառը հանդիպելիս է եղել Մոսկվայում սովետական բարձրագույն ղեկավարության հետ, ներկա է եղել նաև Միկոյանը, և զրույցի ընթացքում ասել է, թե ինքն էլ է եղել ճեմարանական, սակայն անպիտան է նկատվել եկեղեցական ծառայության համար: Սրան ի պատասխան՝ Վազգեն Ա-ն նկատել է, թե «Երանի բոլոր անպիտանները Ձեր նման լինեին, պարոն Միկոյան»: Երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի այս գնահատականը, կարծում եմ՝ ամենադիպուկն է այս բարդ ու հակասական գործչի ու կերպարի մասին: