800.000 դոլար արժողությամբ բոլորովին նոր Lamborghini-ն անսպասելիորեն կրակի է մատնվել այն ժամանակ, երբ իտալական ընկերության ներկայացուցիչները Ավստրալիայում ցուցադրում էին իրենց արտադրած այս գերհզոր մեքենան: Ցուցադրությանը ներկա էին բազմաթիվ լրագրողներ:

Ականատեսները հայտնել են, որ 12-մխոցանի Lamborghini Aventador LP700-4 ռոդստերը հասցրել էր մի քանի պտույտ կատարել Ֆիլիպ կղզու ավտոդրոմում, երբ հանկարծ մեքենայի ուղևորասրահից ծուխ բարձրացավ և կրակ բռնկվեց: Այս սպորտային մեքենայի ղեկին նստած էր Top Gear Australia-ի խմբագիր Թիմ Քինը, ում անհապաղ կարգադրեցին կանգ առնել և լքել մեքենան: Աշխատակիցներից մեկը ողջ կոկորդով գոռում էր, որ ցուցադրության ներկաները կրակմարիչների օգնությամբ արագորեն մարեին բռնկված հրդեհը:

Արգելակների հետ կապված ինչ-որ խնդիր էր առաջացել: Արդյունքում արտաժայթքման խողովակի վրա յուղ էր թափվել: Հենց դա էլ հրդեհի պատճառ հանդիսացավ: Կրակը մարելու համար մի շարք կրակմարիչներ հարկավոր եղան:
Lamborghini-ի՝ հարավարևելյան Ասիայի մասնաճյուղի ղեկավար Սեբաստիան Հենրին խնդրեց ԶԼՄ-ների ներկայացուցիչներին պատահարի մասին ոչինչ չգրել և դրա մասին չհայտնել անգամ սոցիալական ցանցերում:

ԶԼՄ-ների ներկայացուցիչները հրավիրվել էին ցուցադրությանը, որպեսզի վարեին և փորձարկեին ավտոմեքենան, սակայն այդ գործընթացը երկար չտևեց: Ամեն ինչ ավարտվեց այն ժամանակ, երբ ավտոմեքենայի հետնամասը սկսեց այրվել: Ասում են, որ ԶԼՄ ներկայացուցիչներից մեկին խնդրել են ջնջել այն տեսանյութն ու լուսանկարները, որոնցում պատկերված էր, թե ինչպես է Aventador մեքենան այրվում: Այնուամենայնիվ, պրն. Հենրին հերքել է, որ իր ընկերության անդամները տեսանյութը ջնջելու պահանջ են ներկայացրել ներկաներից որևէ մեկին:
«Մենք, իհարկե, չենք խնդրել մեր հյուրերից որևէ մեկին այդ օրը ձեռք բերված տեսանյութերը կամ լուսանկարները ջնջել: Մենք միայն խնդրել ենք մեր հյուրերին, որ խուսափեն լրատվամիջոցներով որևէ ենթադրություն տարածելուց, քանի որ այդ ժամանակ պատահարի պատճառը բավականաչափ ուսումնասիրված չէր»:

Այդ ավտոմեքենան տեղափոխել էին Իտալիայից Ավստրալիա՝ տարբեր ցուցադրություններում օգտագործելու նպատակով: Ասում են, որ այն պետք է ուղարկվեր Պեկինի ավտոմոբիլային շոուին, սակայն դրա փոխարեն այն ուղարկվել է ավտոտեխսպասարկման կայան:

Նոր Lamborghini Aventador-ը զինված է 6.5 լիտր աշխատանքային ծավալով 12-մխոցանի գերհզոր շարժիչով:




