Երկրորդ աշխարհամարտի ավարտից անցել է 69 տարի: Դրա ամենաերիտասարդ մասնակիցներն այսօր 87 տարեկան են: Աշխարհում շատ բան է փոխվել: Փոխվել են նաև գնահատականները հաղթող պետությունների պատասխանատվության մասին: Այդ թվում վաղուց հայտնի է Մոսկվայի դերը պատերազմի հրահրման հարցում, վաղուց քողազերծ են եղել Կարմիր բանակի խայտառակությունները, ինչպես նաև հաղթանակների մասին ուռճացված լեգենդները: Հայերս էլ, որքան էլ հպարտանանք աշխարհամարտին մասնակցած նշանակալի հայրենակիցներով, այլևս հասկանում ենք, որ այդ պատերազմը մերը չէր, և մեզ միայն ծանր կորուստներ է պատճառել:
Ինչևէ, աշխարհամարտը, որքան էլ կարևոր, բայց այլևս արխիվային իրադարձություն է: Բայց ոչ ռուսների համար:

Խորհրդային ժամանակներում անգամ Մայիսի 9-ը կարևորությամբ երրորդ կամ չորրորդ տոնն էր: Այսօր, սակայն, ռուսները փորձում են այդ հիմքի վրա ազգային գաղափարախոսություն կառուցել, հիմնավորել իրենց նշանակալիությունը, ռևանշի իրավունքը: 
Ինչ անում եք, արեք: Բայց երբ երազում եք ռուսական աշխարհի մասին, մեզ այդ ցանկից հանեք: 
Իհարկե, կարող եք Հայաստանում ամեն ինչ ձեզնով անել, զենք չտալ, Բաքվին զենք տալ, տեղական օլիգարխներից բեթար երկիրը թալանել, աշխատուժ ու կենսունակ սերմնահեղուկ փախցնել, մեր չընտրված նախագահին ճանաչել ու հետո ականջը քաշելով ինչ-որ թղթեր ստորագրել տալ: Բայց դրանով մենք ոչ միայն ռուսական աշխարհի մաս չենք դառնա, այլև ռուսական աշխարհը, հանձինս մեզ, ձեռք կբերի մի շատ վտանգավոր թշնամի: Չեք հավատում` հարցրեք ԽՍՀՄ վերջին ղեկավարներին:

Երևանի փողոցներում գեորգիևյան ժապավեն բաժանող «կազակներ», դուք ծիծաղելի եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել