Հարգելի հայրենակիցներ,
Մայիս ամիսը մեր հաղթանակների ամիսն է: Այսօր մենք նշում ենք Մայիսի 9-ի հաղթանակի տոնը: Դա իսկապես հատուկ օր է մեր պատմության մեջ: 1945-ին տոնեցինք 2-րդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը, իսկ արդեն 1992-ին՝ Շուշիի ազատագրումը: Մեր հայրենակիցները Արցախում տոնում են նաև Բանակի տոնը: Հպարտություն է, երբ սերունդը սովորում է պապերի հերոսությունը և կարողանում է նաև կրկնել այն: Հավատում եմ, որ հարկ եղած դեպքում սա միշտ կկրկնվի:
Փառք ու պատիվ մեր հերոսներին՝ գեներալից մինչև զինվոր: Փառք մեր բանակին: Բայց մենք պետք է ամեն օր հիշենք, որ կռվի դաշտում հաղթանակը պետք է ամրապնդվի պետական ինստիտուտների կողմից իրենց աշխատանքով, մեր գործարարների կողմից բարիք ստեղծելով, մեր գիտնականների կողմից իրենց գյուտերով, մեր աշխատավորների ու գյուղատնտեսների կողմից՝ ամենօրյա նվիրված աշխատանքով:
Այո, բոլորս պետք է մեր աշխատանքով, նվիրվածությամբ և եռանդով կերտենք հզոր Հայաստանը: Այն Հայաստանը, որը պատկերացնում էին մեր հերոսները՝ իրենց կյանքը չխնայելով հանուն մեր հաղթանակների: Իրենց երազների ու հույսերի, իրենց երազներին ու պատկերացումներն են, որ պետք է մենք կյանքի կոչենք, նաև հանուն նրանց վառ հիշատակի:
Վստահ եմ, որ նրանք երազել են հզոր բանակի մասին, որտեղ իրենց տղաները կծառայեն հպարտությամբ, այլ ոչ թե մտածեն խուսափել հայրենիքի առջև զինորական պարտքը կատարելուց, երազել են, որ իրենց երեխաները կշենացնեն իրենց գյուղերն ու քաղաքները, այլ ոչ թե արտագաղթի ճամփան բռնեն, երազել են, որ կունենա արդար երկիր, այլ ոչ թե անպատիժ անարդարություն: Այո, մենք շատ բան ունենք անելու, որ մեր հերոսների հաղթանակը ամրապնդենք ու կրկնապատկենք:
Գիտեմ, որ սա անելը հեշտ չէ, հասկանում եմ, որ դժվար է լինելու, բայց դա մեր գործն է, ու մենք պետք է անենք:
Կեցցե՛ն մեր հերոսները
Անենք այնպես, որ մեր զավակները կարողանան ասել կեցցեն մեր հայրերը: