Panorama.am-ը գրում է.
Եղբայրական այցով մայիսի 7-ին Վատիկան մեկնած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 8-ին Առաքելական պալատում հանդիպում է ունեցել Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: Այս մասին հաղորդում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Հանդիպմանը ներկա էին Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, Իտալիայի Հայոց հոգևոր հովիվ Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը և Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը:
Մինչ երկու Եկեղեցիների պատվիրակությունների ներկայությամբ հովվապետերի հանդիպումը Առաքելական պալատի գրադարանում` Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը և Հռոմի Ֆրանցիսկոս Պապն առանձնազրույց են ունեցել:
Հանդիպման ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջույնի խոսքով դիմել է Ֆրանցիսկոս Պապին: Նորին Սրբությունը մասնավորապես ասել է. «Գոհություն ենք մատուցում Երկնավորին, որ Իր ողորմած կամքով և Ձերդ Սրբության սիրալիր հյուրընկալությամբ վերստին առիթն ունենք քրիստոնեական սիրո ողջագուրումով նորոգելու աստվածախնամ սերը մեր Եկեղեցիների ու մեր եղբայրության և ժամանակների հրամայականների առջև`զորացնելու գործակցությունը մեր Եկեղեցիների: Այսօր սրտի խնդությամբ ողջունում ենք Ձեզ սաղմոսերգուի խոսքով՝ «Զի բարի, զի վայելուչ է, զի եղբայրք բնակեն միասին» (Սաղմ. 132.1):
Տակավին թարմ են Մեր հուշերը կապված Ձերդ Սրբության գահակալության արարողության հետ, որին Մենք ներկա գտնվեցինք Հայաստանի Հանրապետության Նախագահի, մեր քույր Եկեղեցիների ներկայացուցիչների հետ միասին և առիթ ունեցանք աղոթել Ձերդ Սրբության արևշատության և արդյունալի գահակալության համար: Բովանդակալից ժամանակ է անցել հիշարժան այդ օրից: Ուրախությամբ ենք հետևել բազմերես գործունեությանը Ձերդ Սրբության, ով աստվածպարգև առույգությամբ, որպես քաջ հովվապետ, անձանձրույթ նվիրումով է իր առաքելությունն իրականացնում և գործունեություն ծավալում ի շահ Կաթոլիկ Եկեղեցու պայծառության, բարօրության ու բարեկարգության, այլև մեծ նպաստ բերում ողջ աշխարհում քրիստոնեական հավատքի, հոգևոր-բարոյական արժեքների ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, աշխարհում խաղաղության և համերաշխության հաստատմանը: Ձերդ Սրբության առանձնահատուկ ուշադրությունը երիտասարդության հանդեպ, Ձեր հոգատարությունը աղքատների ու նեղյալների նկատմամբ մեծ արձագանք է գտնում մարդկանց հոգիներում և զորացնում սերը Ձեր անձի և Քրիստոսի Սուրբ Եկեղեցու հանդեպ: Առաքելահաստատ և հինավուրց մեր Եկեղեցին ևս, թոթափած խորհրդային աստվածամերժ տարիները, նոր եռանդով լծված է տերունապատվեր առաքելության իրականացմանը Հայաստանում` բիբլիական Արարատի երկրում, ազատ ու անկախ ապրելու իր իրավունքի ճանաչման համար պայքարող Արցախում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և աշխարհի տարբեր երկրներում սփռված մեր ժողովրդի կյանքում: Հայ Եկեղեցին մեծ կարևորություն և ուշադրություն է դարձնում երիտասարդության հետ աշխատանքին, մատաղ սերնդի հոգևոր-բարոյական դաստիարակությանը, աղքատներին օժանդակությանը, մարդկության առջև ծառացած արդի մարտահրավերների դիմագրավմանը` մեր հայրերի սուրբ ժառանգության և Ավետարանի սուրբ պատգամների համաձայն:
Գոհունակություն է Մեզ համար անդրադառնալ, որ Եկեղեցու առջև ծառացած շատ մարտահրավերներ հաղթահարելիս, Մենք կարողացել ենք համագործակցության լավ օրինակներ արձանագրել Կաթոլիկ Եկեղեցու հետ: Արդարև, Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների հարաբերություններն ունեն իրենց պատմական արմատները: Մեր երկկողմ հարաբերությունները առավել արդյունավորվել են Հայ Եկեղեցու լուսավոր հայրապետներ Գրիգոր 3-րդ Պահլավունու և Ներսես Շնորհալու, ինչպես նաև Հռոմի Ինոկենտիոս 2-րդ և Անաստասիոս 4-րդ պապերի ժամանակներից և այսօր էլ, գոհություն Աստծո, համակողմանի նոր զարգացում են ապրում: Մեր հարաբերություններն արգասավորվում են Եկեղեցիների պետերի փոխայցերով, թեմական և ծխական մակարդակներում միջեկեղեցական գործակցությամբ , համատեղ կրթական ու բարեսիրական ծրագրերի իրականացմամբ: Հայ երիտասարդ հոգևորականներ, ովքեր իրենց կրթությունը շարունակել են Կաթոլիկ Եկեղեցու կրթական հաստատություններում, այսօր իրենց անձնվեր ծառայությունն են բերում Հայ Եկեղեցում: Մենք կարևորում ենք աստվածաբանական երկխոսությունը Հին Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների և Կաթոլիկ Եկեղեցու միջև, որի նպատակը մեր ընդհանրությունների վերհանումն ու երկկողմ հարաբերությունների ամրապնդումն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ