Յանուշ Կորչակը լեգենդար լեհ մանկավարժ էր, գրող, բժիշկ և հասարակական գործիչ, ով երեք անգամ գիտակցաբար հրաժարվել է փրկել իր կյանքը:
Առաջին անգամ դա տեղի ունեցավ, երբ Յանուշը որոշեց չարտագաղթել Պաղեստին՝ Լեհաստանի օկուպացիայից անմիջապես առաջ: Նա այդպես արեց, որովհետև չէր ուզում իր «Որբերի տունը» թողնել բախտի քմահաճույքին:
Երկրորդ անգամ նա հրաժարվեց կյանքի ուղեգրից, երբ չուզեցավ փախչել վարշավյան Գետտոյից:
Երրորդ անգամը արդեն Երկրորդ աշխարհամարտի վերջում էր, երբ նացիստները որոշեցին սպանել «Որբերի տան» բոլոր բնակիչներին: Երբ որբերին ու որբանոցի անձնակազմին գնացք էին նստացնում, որը պետք է տեղափոխեր նրանց մահվան ճամբար, Յանուշին մոտեցավ ՍՍ-ական մի սպա, ով ճանաչել էր մեծ մանկավարժին ու ասաց.
- Այդ դո՞ւք եք գրել «Մատիուշ արքան»: Ես կարդացել եմ ձեր գիրքը երեխա ժամանակ, և այն իմ դուրը շատ էր եկել: Դուք ազատ եք:
- Իսկ երեխանե՞րը:
- Երեխաները կշարունակեն ճանապարհը, բայց դուք կարող եք լքել վագոնը:
- Սխալվում եք, չեմ կարող, ոչ բոլոր մարդիկ են սրիկա:

Ու այսպես, այս հիանալի մարդը չկորցրեց իր մարդկայնությունը, ու իր կենդանի հիշատակով շարունակում է ապացուցել, որ մանկավարժը մասնագիտություն չէ, դա կյանքի իմաստ ու կոչում է: Ուզում ենք Ձեզ ներկայացնել Յանուշ Կորչակի մանկավարժական 10 «պատվիրանները», որոնք ուղղակի հիանալի օգնություն են երեխաների դաստիարակության հարցում:


1. Մի սպասեք, որ երեխան կլինի այնպիսին, ինչպիսին դուք եք, կամ էլ այնպիսին, ինչպիսին դուք կուզենայիք, որ նա լիներ: Օգնիր նրան դառնալ այնպիսին, ինչպիսին նա կա, այլ ոչ թե արա այնպես, որ նա դառնա դու:

2. Մի պահանջիր երեխայից հատուցել քեզ ամենի համար, որ դու արել ես նրա համար: Դու նրան կյանք ես պարգևել, ինչպե՞ս նա կարող է քեզ երախտահատույց լինել. նա կյանք կտա ուրիշին, իսկ հետո այդ ուրիշը՝ ուրիշին, և հենց սա է երախտագիտության իրական օրենքը:

3. Մի թափիր քո չարությունը երեխայի վրա, որպեսզի ծերության տարիներին դառը հաց չուտես, որովհետև ինչ-որ ցանես, այն էլ կհնձես:

4. Մի թերագնահատիր երեխայի խնդիրները: Կյանքը բոլորին տրված է ըստ իրենց ուժերի, և վստահ եղիր, որ կյանքը երեխայի համար կարող է ոչ պակաս բարդ լինել, քան քո և անգամ ավելի բարդ, որովհետև նա դեռ փորձ չունի:

5. Մի՛ նվաստացրու:

6. Մի մոռացիր, որ մարդու համար ամենակարևոր հանդիպումները հանդիպումներն են երեխաների հետ: Շատ ուշադրություն դարձրու նրանց, որովհետև մենք երբեք չենք կարող իմանալ, թե ում ենք մենք հանդիպում՝ ի դեմս այդ երեխայի:

7. Մի տանջիր քեզ, եթե չես կարողանում ինչ-որ բան անել սեփական երեխայիդ համար: Ուղղակի հիշիր, որ երեխայի համար արվածը բավարար չէ միայն այն դեպքում, երբ արված չէ ամեն հնարավորը:

8. Երեխան տիրան չէ, ով տիրանում է քո ողջ կյանքին և միայն մարմնի ու արյան պտուղ չէ: Դա այն թանկարժեք գավաթն է, որը կյանքը տվել է քեզ, որպեսզի պահպանես ու զարգացնես դրա մեջի ստեղծարարական կրակը: Դա մոր և հոր սիրո սահմաններ չճանաչող սիրո կենդանի մարմնավորումն է, որին պետք է մեծացնել ոչ թե «մեր» կամ «իմ երեխա» լինելու համար, այլ որպես հոգեղեն մեկի, ում վստահել են մեզ՝ պահպանելու համար:

9. Պետք է կարողանաս սիրել նաև ուրիշի երեխային, և երբեք չանես օտարի երեխայի հանդեպ այն, ինչ չէիր ուզենա, որ անեին քո բալիկին:

10. Սիրիր քո երեխային այնպիսին, ինչպիսին կա՝ լինի նա թեկուզ անտաղանդ, անհաջողակ կամ էլ մեծացած: Շփվելով նրա հետ՝ ուրախացեք, որովհետև երեխան տոն է, քանի դեռ քեզ հետ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել