Ցանկացած գործարքի կայացման համար առաջնային կարևորվում է այն կնքող սուբյեկտների կամքը, նրանց կողմից գործարքի կնքմամբ հետապնդվող նպատակը: Այս տրամաբանությունից ելնելով՝ օրենսդրի կողմից սահմանվել է, որ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքը (շինծու գործարք) առոչինչ է, քանի որ գործարքի կնքումը պետք է հետապնդի դրանում սահմանված իրավունքների ձեռքբերման և պարտականությունների կատարման նպատակ և ոչ թե մեկ այլ գործարքի քողարկման:

Այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքի (շինծու գործարք) տարածված օրինակ է, երբ կողմերի միջև առկա է փոխառության իրավահարաբերություններ և փոխատուի հանդեպ ունեցած գումարային պարտավորության կատարման ապահովման նպատակով կնքվում է փոխառուին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով փոխատուն ձեռք է բերում սեփականության իրավունք: Այս դեպքում դատարանը, ապացուցված համարելով գործարքի (առուվաճառքի պայմանագիր) շինծու լինելը, պետք է կիրառի առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ, այն է՝ կիրառի գրավի պայմանագրին վերաբերող կանոնները: Շինծու գործարքը որպես անվավեր-առոչինչ գործարք  անվավեր է կնքման պահից և չի կարող առաջացնել որևէ իրավական հետևանք, այդ թվում՝ շինծու գործարքի հիմքով չի կարող ձեռք բերվել սեփականության իրավունք, քանզի, ինչպես օրենսդիրն է սահմանել, նման գործարքն առոչինչ է (գոյություն չունի) կնքման պահից:

Հարկ է նկատել, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն, շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց:  

 Հայկազ Գալստյան

ՀՀ փաստաբանների պալատի

երիտասարդական խորհուրդ

Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել  [email protected] հասցեին կամ BlogNews-ի  ֆեյսբուքյան էջին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել