Aravot.am-ը գրում է.
Citatum: Я памятник себе воздвиг нерукотворный… А.Пушкин
Հանրային ընկալման մասին
Վերջերս հանրային լայն քննարկման առարկա է դարձել խորհրդային շրջանի անվանի պետական ու կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու՝ Երևանի ավագանու աղմկահարույց որոշումը:
Խնդրո առարկան հայազգի գործչի վիճահարույց ու ոչ միանշանակ առնչությունն է սովետական կայսրության կազմում գտնվող Հայաստանի և հայության խնդիրներին: Նշվում է Ղարաբաղը Սովետական Ադրբեջանին բռնակցելու 1921թ. Կովբյուրոյի տխրահռչակ որոշման կայացման գործում Միկոյանի, մեղմ ասած, ոչ հայանպաստ դիրքորոշման մասին: Հատուկ շեշտվում է նրա կողմից ստորագրված արդեն հայտնի պատմական փաստաթուղթը, որով աննախադեպ թվով ավելացվել էր 1937-38թթ. ստալինյան բռնաճնշումների տարիներին գնդակահարված հայերի թիվը: Այս վերջին փաստը առավել խոսուն և ազդեցիկ կերպով կանխորոշեց սովետական կուսակցական գործչի հանդեպ հանրության հակակրանքը: Եվ քանի որ մեր հասարակությանը հատուկ է ամեն ինչի անձնավորումը, կարծիքների ու դիրքորոշումների մեջ առավելապես զգայական ընկալումը և դրսևորումը, գործընթացը (նաև՝ Հայաստանի վերջին աշխարհաքաղաքական կողմնորոշումների ֆոնի վրա) պիտակվեց, որպես «անցյալի բարքերին ու արժեքներին վերադառնալու անթաքույց փորձ»:
Արդյունքում հանրային բանավեճը ընդլայնվեց և տեղափոխվեց մարդկային-հումանիստական և քաղաքակրթական-արժեքային տիրույթ, ինչը բնական էր: Իրականում արձանի դնել-չդնելը ունի ավելի մեծ ընդգրկում և բովանդակություն: Մի կողմից այն վերաբերում է ոչ այնքան Միկոյանին, որքան սովետական անցյալից հանրության առավել ակտիվ ու բանիմաց մասի ձերբազատման ձգտմանը: Մյուս կողմից այն կապված է մեր պատմության ու պատմական անցքերի օբյեկտիվ ընկալման, իմաստավորման, վերաիմաստավորման ու վերարժևորման հետ, արդի քաղաքակրթական ու մարդակենտրոն պրիզմայով այս հարցերի դիտարկման հետ: Այն, որ Միկոյանը մեծ տերության խոշոր քաղաքական ու պետական գործիչ էր և վիթխարի դեր է ունեցել համաշխարհային նորագույն պատմության մեջ, կասկած չկա: Եվ նրա արձանը, սկզբունքորեն, կարելի է կանգնեցնել առանց վերապահության աշխարհի բոլոր պետություններում՝ որպես երրորդ համաշխարհային (ասել է միջուկային!) պատերազմը կանխողի:
Այս մասով՝ իհարկե: Բայց այստեղ հարցը միայն անձի, գործչի ունեցած արժեքավոր դերն ու նշանակությունը չէ: 
Աշխարհում կան բռնակալների արձաններ ժողովրդավարական երկրներում, թագավորների ու կայսրերի արձաններ հանրապետություններում, կենդանիների, ձկների, սարքավորումների, նույնիսկ մարդու օրգանների, այդ թվում՝ վերարտադրողական (!) արձաններ:
Հետևապես, խնդրը ոչ միայն արձանների բովանդակային որպիսիության, որքան՝ դրանց հանդեպ ունեցած հանրային-հասարակական վերաբերմունքն է, առհասարակ:
«Ծաղիկ դնելու» մասին
Citatum: «Անաստաս Միկոյանը մեր ազգային գործիչը չէ, նա ազգությամբ հայ խորհրդային պետական գործիչ է: Եթե Երեւանում լիներ նրա արձանը, այն, բնականաբար, պետք չէր քանդել: Դնել նորը… չգիտեմ, առանձնապես իմաստ չեմ տեսնում, բայց մեծ աղմուկ բարձրացնելը նույնպես այնքան էլ տրամաբանական չէ: Ես, համենայնդեպս, նրա արձանին ծաղիկներ չեմ դնի»:
Արամ Աբրահամյան
«Առավոտ» օրաթերթի գլխ.խմբագիր
Թերևս, համամիտ եմ: Ինձ համար լիովին հասկանալի և ընկալելի է այս: Հեղինակին, ոչ այնքան որպես լրագրողի, որքան որպես արվեստաբանի, մտավորականի՝ որևէ անձի, գործչի՝ ազգայինին առնչվելուց զատ, առավելապես հետաքրքրում է նրա գործունեության «մարդկային» կողմը, դրա հումանիստական չափումը: Եվ նա ծաղիկ չի դնի:
Միգուցե ես էլ չդնեմ: Չեն դնի նաև այն հազարավոր անմեղ ու անդատաստան գնդակահարվածների ժառանգները: Բայց փաստենք, որ արձանները տարբեր նշանակություն ունեն:
Ոչ բոլոր արձաններին է, որոնց կարելի է և պետք է ծաղիկ դնել: Օրինակ, ծաղիկ, անտարակույս, պետք է դնել Մարտիրոս Սարյանի արձանին, անպայման՝ Վահան Տերյանի, Համո Սահյանի արձաններին: Բայց վստահաբար անհեթեթ է ծաղիկ դնել Բոտերոյի նվիրած Կատվի կամ Հռոմեացի զինվորի արձաններին: Դրանք արվեստի խորհրդանշական գործեր են՝ միտված ի ցույց դնելու հեղինակի ինքնատիպությունը: Իմ համեստ կարծիքով, ծաղիկ դնելու կարիք չկա նաև Սասունցի Դավթի կամ Վարդան Մամիկոնյանի արձաններին: Նրանք մեր հերոսներն են՝ էպիկական և իրական, մեր ինքնության ու պայքարի խորհրդանիշներ են: Նրանց մեծարման և արժևորման ակնհայտորեն այլ եղանակներ կան: 
Նմանապես, կարծում եմ, պետական կամ քաղաքական գործիչների արձանները առանձնապես «ծաղիկ դնելու» համար չեն (հարմար չեն): Դրանք պետության, պետականության խորհրդանիշի, կամ պետականության մշակույթի դրսևորման մի տեսակ են՝ կոչված արժևորելու այդ մշակույթը, ի ցույց դնելու իրենց և այլոց դրա առկայությունը, դրա կրողներին: Բուդապեշտը լեցուն է հունգար թագավորների, դքսերի ու հերցոգների ճոխ ու վեհաշուք արձաններով: Չեմ նկատել դրանց մոտ ծաղիկներ:
Ասել կուզեմ՝ արձանին «ծաղիկ դնելու» մշակույթը մարդակենտրոն քաղաքակրթական մշակույթ է: Այն կարծես ընդգծում է «հարգողի» հումանիստական, անձնական-զգայական վերաբերմունքը «հասցեատիրոջ» հանդեպ: Այս առումով այն նոր ժամանակների մշակույթ է: Դժվար թե հին եգիպտացիները կամ հռոմեացիները ծաղիկներ դնեին իրենց փարավոնների ու կայսրերի արձաններին: Սակայն դրանք հետևողականորեն կանգնեցվել են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



