Վերջերս ինտերնետների գալաջիների մեջ նկատեցի մի դիսկուրս՝ նվիրված Միկոյանի չտեղադրված արձանին: Մարդիկ կարող են կողմ կամ դեմ լինել այս կամ այն արձանին: Դա մարդու անձնական դիրքորոշումն է: Բայց կարծում եմ՝ կան պատմական անձինք, որոնց այնքան ոչ միանշանակ ընկալելի են, որ նրանց մահից 40 տարի հետո նրանց արձաններն իսկ վախ են ներշնչում հասարակության լիբերալ շերտերին: Այդ «Վախը», կարծում եմ՝ ավելի շուտ քաղաքական հիմքեր ունի, քանի որ նրանց քաղաքական և պատմական նշանակության կողքին ներկայիս «տեղական էլիտաները» խղճուկ են: Մի կողմից մի անձնավորություն է, որը կայացրել է մոլորակի ճակատագրին վերաբերվող որոշումներ, իսկ մյուս կողմից տեղական «էլիտաներն» են, որոնք լավագույն դեպքում կայացրել են որևէ դպրոցի վերանորոգման որոշում կամ բիոզուգարանի տեղադրման խնդիր:
Հին Հռոմում ամեն նոր կայսրը ոչնչացնում էր նախորդ կայսրի արձանները: Որոշ դեպքերում նույնիսկ պատժում էին այն մարդկանց, որոնք տանը պահում էին նախկին կայսրերի կիսանդրիները: Ժամանակները փոխվել են, բայց նույնիսկ ներկայումս պատմությունը կրկնվում է: Երբ Ուկրաինայում ամբոխը կոտրում էր Լենինի արձանները, ոմանք Հայաստանում դա համարում էին նորմալ և «ողջունելի»: Հիմա նույն ամբոխը վառում է այն մարդկանց, որոնք համաձայն չեն իրենց քաղաքական պատկերացումների հետ: Արձանների ոչնչացումը և Օդեսայի դեպքերը իրար հետ ուղղակիորեն փոխկապակցված են: Միայն հին արժեքների ոչնչացմամբ կարելի է ստեղծել քաղաքական tabula rasa, կամ էլ ստեղծել նիցշեական «նոր մարդուն», որը ընդունակ է ոչնչացնել և անշունչ արձանը և կենդանի մարդուն: Երբ Տալին քաղաքում տեղափոխեցին հայրենական պատերազմի անհայտ զինվորի արձանը, շատերը չէին կարող պատկերացնել, որ մի քանի տարի անց նախկին ֆաշիստները ազատորեն երթեր կկազմակերպեն քաղաքի փողոցներում: Ստալինը միանշանակ համարվում է 1930-ականների ռեպրեսիաների հիմնական մեղավորը, բայց դա չի խանգարում, որ Վրաստանում լինեն Ստալինի բազմաթիվ արձաններ` Խաշուրիում, Գորիում, Թբիլիսիում: Ոմանց համար Ստալինը և Միկոյանը ասոցացվում են բացարձակապես բռնությունների և տոտալիտար ռեժիմի հետ, բայց եթե ուշադիր ուսումնասիրենք նրանց կենսագրությունները, ապա կտեսնենք մի ընդհանուր կետ՝ նրանք երկուսն էլ կորցրել են իրենց որդիներին Հայրենական պատերազմի ժամանակ: Նրանց որդիները եղել են պատերազմի առաջին գծում, իսկ ներկայիս հայկական «էլիտաների» որդիները «ծառայում են» Լոնդոններում, Փարիզներում և Դուբայներում, փաբերում, ստիպտիզներում և կապիտալիստական ֆրոնտի այլ մարտադաշտերում: Իհարկե բոլորն էլ ունեն թերություններ և կատարել են մեծ ու փոքր սխալներ: Եթե Հայաստանում թողնենք միայն այն մարդկանց արձանները, որոնք միանշանակ բարի ու պուպուշ գործեր են արել, ապա կմնա միայն Կարա Բալայի արձանը: Ում էր վատություն արել խեղճ «Բանվորի արձանը», որին վերացրեցին նորանկախ Հայաստանի փառապանծ իշխանություները: Միգուցե թալանված գործարանների ավերակների կողքին բանվորի արձանը հիշեցնելու էր բաներ, որոնց մասին մարդիկ պետք է չհիշեին: Նոր կապիտալիստական էլիտաների համար ներկայումս Մանթաշովների արձաններ տեղադրելու ժամանակներն են(անսահամն հարգում եմ Մանթաշյանին, որպես իսկական բարեգործի): Միգուցե հայ ազգին պետք չեն «բանվոր-հերոսներ», հայ ազգին պետք են «կապիտալիստ-հերոսներ»:
Բարի եղեք....