Երկարատեւ խորհրդածութիւններից, վերլուծութիւններից եւ ծանրութեթեւ անելուց յետոյ եկայ այն խորին համոզման, որ այսօր Հայ եկեղեցու ներկայիս ղեկավարութեան, վերնախաւի, կամ որ աւելի ճիշդ է ասել` կղերապետութեան համար (բայց ոչ երբէք` Հայ եկեղեցու համար) ՀԱՐԿԱՒՈՐ ՉԵՆ` 1. Հաւատացեալ, 2. Ազնիւ, 3. Գիտակից, 4. Ուսեալ, 5. Խելացի, 6. Նուիրեալ, 7. Ծառայասէր, 8. Խոնարհ, 9. Պարկեշտ, 10. Քաղաքավար նկարագրով եկեղեցականներ, այսինքն` ինչ որ պահանջում են Սուրբ Գիրքը, Եկեղեցական կանոնները, «Մաշտոց» ծիսամատեանը եւ բարեպաշտ ժողովուրդը: Փորձառութեամբ եմ սա ասում, քանի որ մաշկիս վրայ զգացել եմ եւ ականատես եղել: Եւ ինչո՞ւ միայն ես` նաեւ բազմաթիւ անձեր, որոնք ուզեն կամ չուզեն ի վիճակի չեն այս թեման արծարծելու եւ լուծումներ գտնելու` հասկանալի պատճառներով: Այս է ներկայիս դժբախտ կացութիւնը: Բայց որովհետեւ մարդիկ այլեւս ամէն չափ ու սահման անցել են եւ Հայ եկեղեցին, որ աստուածային եւ ժողովրդավար հաստատութիւն է, վերածել են անձնական խանութի` անելով այն, ինչ կամենում են եւ բնաւ հաշուետու չեն հաւատացեալ հօտին, ուստի այս դէպքում լռելը որեւէ անձի համար մեղսակցութիւն է: Մե՛նք են տէրերը եւ անդամները Քրիստոսի Մարմնի` Եկեղեցու, հետեւաբար ճիշդը պիտի ասենք` ճիշդ է, սխալը պիտի ասենք` սխալ է, եւ ամէն երեւոյթ անաչառօրէն պիտի անուանենք իր անուններով` կատարելով ճշգրիտ ախտաճանաչումներ: Մինչեւ հիմա այս բանի համար վախեցրին, սպառնացին, հալածեցին եւ ի վերջոյ` ապօրինի եւ քմահաճ կերպով «կարգալոյծ» արեցին. հոգ չէ. վերեւում Աստուած կայ, եւ ամէն բան դիտում է: Մենք չընկճուեցին այդ ամէնից, ընդհակառակը` նոր ուժ ստացանք` պայքարելու սատանայի եւ նրա թագաւորութեան դէմ, որ սողոսկել է նաեւ Քրիստոսի Եկեղեցի, «որովհետեւ մեր պատերազմը մարմնի եւ արեան հետ չէ, այլ՝ իշխանութիւնների հետ, պետութիւնների հետ, այս խաւար աշխարհի տիրակալների հետ եւ երկնքի տակ եղող չար ոգիների հետ» (Եփես. 6:12)։ ԱՄԷՆ:

Սիրով եւ աղօթքով` Հ. Եղիա Խաչատուրեան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել