Դևիդ Ուզուչուկվուն ընդամենը 15 տարեկան է, սակայն նա արդեն հասցրել է մեծ ճանաչում ձեռք բերել թե՛ հայրենիքում, թե՛ արտասահմանում: Տարիների ընթացքում նա էլ ավելի կկատարելագործի իր լուսանկարչական ձիրքը: Ստորև ներկայացված է այս շնորհալի լուսանկարչի հետ անցկացված հարցազրույցներից մեկը:

- Երկու խոսք Ձեր մասին:
- Ես բնակվում եմ Լյուքսեմբուրգում: Իմ տարերքն է պատմություններ պատմել լուսանկարչության միջոցով:
- Ձեր նկարներն աչքի են ընկնում իրենց յուրօրինակությամբ: Որքա՞ն ժամանակ է, ինչ զբաղվում եք լուսանկարչությամբ, և ինչպե՞ս սկսեցիք Ձեր ուղին լուսանկարչության ասպարեզում:
- Արդեն երեք տարի է, ինչ մուտք եմ գործել լուսանկարչության սքանչելի աշխարհ: Լուսանկարչության առաջին ուսուցչուհիս մայրս է եղել, ով օգնել է ինձ իր պարզ խորհուրդներով:
- Ինչպե՞ս կբնութագրեք լուսանկարչական Ձեր ոճը:
- Իմ բնորոշոմամբ՝ իմ ընտրած ոճը հուզիչ է, մռայլ, սակայն միաժամանակ գունագեղ: Ես ամենից շատ սիրում եմ վառ գույներով մռայլ պատմություններ պատմել:
- Շատերին է հետաքրքրում, թե ինչպես են Ձեզ մոտ այդպիսի հետաքրքիր գաղափարներ ծնվում, որոնք հետագայում արտացոլվում են Ձեր լուսանկարների մեջ:
- Ես կամ հրաշք եմ պատկերում կամ ողբերգություն: Այս երկու երևույթների մեջ այնքան շատ բան է թաքնված, և ես փորձում եմ լուսանկարչության միջոցով ուսումնասիրել այդ ամենը:
- Ի՞նչն է օգնում Ձեզ ստեղծագործել: Ինչի՞ց եք Դուք ոգեշնչվում:
- Ես ոգեշնչվում եմ իմ շրջապատատի ամենատարբեր իրերից ու երևույթներից: Երազները, փորձառությունները, կինոնկարները, գրքերն ու մարդիկ իմ աշխարհի մասն են կազմում և օգնում են ստեղծել նոր աշխարհներ, որոնցում ես կցանկանայի ապրել:
- Ո՞րն է հաջողված դիմանկարի առանցքային հատկանիշը:
- Ըստ իս՝ լավ դիմանկարը պետք է պատմություն պատմի: Դա ամենակարևորն է:
- Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:
- Երբեք մի՛ հանձնվեք և հավատարի՛մ մնացեք ինքներդ ձեզ: Շարունակեք զբաղվել Ձեր սիրած զբաղմունքով և թույլ մի՛ տվեք որևէ մեկին շեղել Ձեզ Ձեր ընտրած ճանապարհից:
















